Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Արթուր Բաղդասարյան. Show all posts
Showing posts with label Արթուր Բաղդասարյան. Show all posts

Մարտի 1-ի համար մեղավոր է այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև

23.12.12

«Ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի տասը անմեղ զոհերի համար: Այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև' հավաքված ժողովրդին տեր կանգնելու, և, ըստ էության, ժողովուրդը դարձավ ամբոխ, որի արդյունքում տեղի ունեցավ այդ տհաճ և ողբերգական իրադարձությունը: Հաստատ այդ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր և ոչ էլ ակտիվ մի քանի այլ մարդիկ, որ հետագայում հայտնվեցին բանտերում»,- այսօր ՕԵԿ-ի 11-րդ արտահերթ համագումարում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ըստ էության, իշխանություններին մեղադրելով անարդար լինելու մեջ:
Անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին' ՕԵԿ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում, երբ երկիրը քաղաքացիական պատերազմի առաջ էր կանգնել, իսկ թշնամին թիկունքից հարվածի էր սպասում, այլ տարբերակ չուներ ՕԵԿ-ը, քան կոալիցիայի կազմելը' ժողովրդին փրկելով արյունահեղությունից:
Արթուր Բաղդասարյանը հանիրավի համարեց նաև այն շահարկումները, թե իրենք փոշիացրին ժողովրդի ձայները: Նա նշեց, որ ժողովուրդն իրենց դարձյալ վստահում է, ինչի վառ ապացույցը խորհրդարանական ընտրություններն էին:
«Վերջին 5 տարիների ընթացքում այն քաղաքական շահարկումները, այն ցեխը, որը շպրտեցին ՕԵԿ-ին, դա ևս հաջողությամբ չավարտվեցին, քանի որ մի քանի ամիս առաջ ավարտված խորհրդարանական ընտրություններում, ես կասեի՝ բարդագույն ընտրություններում, ՕԵԿ-ը նորից կարողացավ արժանանալ ժողովրդի քվեին»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ-ի դիմագիծն ավելի հստակ նկարագրելու համար ՕԵԿ նախագահը համեմատություններ սկսեց անել' նշելով, թե որ ոլորտում ինչ է արել կուսակցությունը:
Նախ նա նշեց, որ ՕԵԿ-ը եղել և մնում է խորհրդարանում ամենաակտիվ խմբակցություններից մեկը: Հասարակական կյանքում ևս, ըստ Արթուր Բաղդասարյանի, իր կուսակցականներն օրինակելի վարք են դրսևորում' «կրիմինալի, ռազբորկաների և թալանի մոնոպոլիայի հետ» կապ չունեն:
«Մենք չար, հիշաչար չենք, բանսարկություններ չենք իրականացնում, հոդվածներ չենք պատվիրում մամուլում, տակից խաղեր չենք տալիս»,- ահա այսպիսի նկարագրով Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց իր ղեկավարած կուսակցությանը:
Արթուր Բաղդասարյանը մեջբերեց այս տարվա մարտ ամսին տեղի ունեցած ՕԵԿ 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն արտահայտությունը' թե ՕԵԿ-ը բարոյական քաղաքական ուժ է և վստահելի գործընկեր: Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ քաղաքականության մեջ իրենք առավելագույնը բարոյականության սկզբունքով են առաջնորդվում, այդ պատճառով էլ նման գնահատականների են արժանանում:
«Մեզ վրա կարելի է հենվել, մեզ հետ կարելի է ճանապարհ գնալ»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:

Իսկ համագումարին յարխուշտա կպարե՞ն...

20.12.12

«Օրինաց երկիր» կուսակցությունը (եթե չեք մոռացել, որ Հայաստանում նման կուսակցություն էլ կա) չափազանց իրատես է գտնվել, երբ որոշել է դեկտեմբերի 22-ին կայանալիք իր արտահերթ համագումարին, բացի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից և նրա ղեկավար' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, որևէ այլ քաղաքական ուժի չհրավիրել:
Նախ' երևի հաշվարկել են, որ միջոցառման համար ինչ դահլիճ էլ վերցնեն, դժվար թե տեղավորեն 170 հազար անդամ ունեցող ու ամեն շաբաթ մի 10-20 հազար նորագիրներով համալրվող կուսակցության պատվիրակներին, որոնք գալու են երկրի համար ճակատագրական որոշումների կայացման քվեարկությանը մասնակցելու' մարտական վճռականությամբ: Դրա համար էլ ավելորդ ձևականությունների ետևից չեն ընկնում: Ի վերջո, սեփական պատվիրակներն ավելի կարևոր են, քան օտար հանդիսատեսը:
Երկրորդ' երևի հասկացել են, որ հրավիրեն, թե' ոչ, գնացող չի լինելու, ու որոշել են իրենց ծանր տեղը չթեթևացնել, ավելորդ անգամ անհեթեթ վիճակի մեջ չընկնել: Համագումարն անցկացվում է' ընդամենը ֆորմալ կողմը պահելու համար:
ՕԵԿ-ի հավերժ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դեռ 2010թ. վերջին հայտարարեց, որ իրենց միակ և անփոխարինելի նախագահացուն Սերժ Սարգսյանն է, և որ ինքն այս ընտրություններում առաջադրվելու ցանկություն չունի: Միայն այդ հայտարարության շնորհիվ ՕԵԿ-ը կարողացավ խորհրդարանում 5 պատգամավորական մանդատ ձեռք գցել և հիմա ուզենա էլ' ստանձնած պարտավորությունից շեղվել չի կարող: Միայն արդեն կայացված որոշումը պաշտոնականացնելու, արված հայտարարությունը վերստին հնչեցնելու արարողությանը մասնակցելն ուղղակի մազոխիզմի է նման: Եվ պարզ է, որ ոչ ոք էս նեղ միջոցին ո'չ ինքնատանջանքի, ո'չ էլ հորանջելու կամ ննջելու ավելորդ ժամանակ չունի: Մանավանդ որ' քաղաքական ուժերից ևս երկուսը' ՀՀՇ-ն ու «Ժառանգությունը», թարսի պես հենց նույն օրն են որոշել համագումար անցկացնել, և դրանք իրենց քիչ թե շատ ինտրիգայնությամբ խոստանում են ավելի հետաքրքիր լինել, քան օրինացական' լրիվ անիմաստ անցկացվող ու կանխատեսելի ընթացք խոստացող այս միջոցառումը:
Եվ վերջապես երրորդ' ոչ ոք այս քաղաքական նշանադրության հերթական արարողությանը չի ուզում իրեն զգալ «երրորդն ավելորդ»-ի կարգավիճակում: ՕԵԿ-ի համագումարը ներկայացում է հատուկ մեկ հանդիսատեսի համար, և որևէ կասկած չկա, որ այդ միակ հանդիսատեսը ոչ միայն ներկա է գտնվելու և փորձելու է առավելագույն հաճույք ստանալ ինքնազոհաբերման այս յուրօրինակ ակտից, այլև գուցե կփորձի նորից քաղաքական «բարոյականության» դասախոսություն կարդալ' իբրև կենդանի մարմնացում' վկայակոչելով ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին:
Թերևս միակ բանը, որի համար կարելի էր ափսոսալ ՕԵԿ-ից հրավեր չստանալու համար, այն փոքրիկ ինտրիգն է, թե արդյո՞ք այս անգամ ևս պատվիրակների և «միակ հանդիսատեսի» առջև ՕԵԿ-ականները ցուցադրելու են քոչարի պարելու իրենց հմտությունները, որոնք հաջողությամբ յուրացրել էին վերջին խորհրդարանական ընտրությունների նախօրեին ու նույն հաջողությամբ էլ ցուցադրեցին, թե՞ նախապատվությունն այս անգամ տալու են յարխուշտային' հաշվի առնելով, որ հիմա ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են, իսկ այն միշտ անձնավորված է ու կոնկրետ:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.