Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Իշխան Զաքարյան. Show all posts
Showing posts with label Իշխան Զաքարյան. Show all posts

Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան մտերմությունը՝ սպորտի «կուսության» պահապա՞ն

26.12.12

Ինչո՞ւ Վերահսկիչ պալատը մինչ օրս ստուգումներ չի իրականացրել սպորտի ոլորտում. այս հարցը Սպորտի և երիտասարդության նախարարությունում հաստատված անառողջ մթնոլորտով մտահոգ շատերին է հուզում: Մեր հարցմանն ի պատասխան՝ Վերահսկիչ պալատից հայտնեցին, թե ստուգումներ իրականացվել են, և որ ՎՊ-ն այս նախարարությունը ստուգել է 2009-ին:
Բացում ենք 2009թ. ՎՊ հաշվետվության համապատասխան բաժինը. պատկերն ավելի քան հետաքրքիր է: Սպորտի և երիտասարդության նախարարության անվան տակ ստուգումներ են իրականացվել միայն «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում և «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամում, այսինքն՝ այնտեղ, որտեղ ՀՀԿ-ականներն են՝ Արսեն Քարամյան, Արմեն Սինանյան, երկուսն էլ՝ նախագահականին առնչություն ունեցողներ:
Սպորտը Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի բնագավառ է, և այնտեղ անգամ Վերահսկիչ պալատը իրավունք չունի մուտք գործել: Վերահսկիչ պալատի մամուլի պատասխանատու Աննա Վարդանյանն ասում է, թե իրենք չեն որոշում՝ որտեղ ստուգել, որտեղ՝ ոչ, Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը կազմում է Ազգային ժողովը: «Վերահսկիչ պալատը ստուգում է ըստ անհրաժեշտության, եթե նման անհրաժեշտություն կա, ստուգում ենք». սա պաշտոնական պատասխանն է:
Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունում մի առանձին ոլորտի անձեռնմխելիության ստատուս շնորհողը ոչ թե Վերահսկիչ պալատն է, որի ղեկավարը ինչ-ինչ հարաբերությունների մեջ է ոլորտը «նայողի» հետ և հենց այդ հարաբերությունների դինամիկայից ելնելով էլ ստուգումների տատանումներ է գրանցում, այլ՝ Ազգային ժողո՞վը (սա, իհարկե, եթե ՎՊ պաշտոնական պատասխանը «հալած յուղի» տեղ ենք ընդունում, սակայն իրականում ՎՊ-ն ինքն է կազմում իր տարեկան ծրագիրը, ներկայացնում Ազգային ժողովին, որտեղ այն քննարկվում է, ինչի ընթացքում, հնարավոր է, լինեն առաջարկություններ, բայց հիմնականում գործն ավարտվում է ընդամենը ներկայացվածին հավանություն տալով): Մեղավորը, ըստ ՎՊ-ի, փաստորեն, մեր օրենսդիրներն են, որ իրենց անգիտության, անտարբերության ու մի շարք այլ «ան»-երի պատճառով թույլ են տվել, որ սպորտի ասպարեզը մի տեսակ պետությունից անկախ, ինքն իրենով հիացած ու ինքնավստահ վիճակում շարունակի յուր գոյությունը, իսկ ոլորտի ղեկավարները, օգտվելով նման բացառիկ կարգավիճակից, իրենք իրենց է՛լ ավելի բացառիկների տեղ դնեն ու հաստատված բարքերը կատարելագործեն:
Թե ինչ փողեր են պտտվում այստեղ, ինչ գումարներ են կորչում այդ պտույտների ընթացքում և, որ ավելի հետաքրքիր է, ովքեր են կանգնած այդ պտույտների գլխին, և ում գրպանն է հոսում դրանց հիմնական մասնաբաժինը, այդպես էլ այս տարիների ընթացքում որևէ մեկը չի էլ փորձել պարզել: Հետաքրքրվելը տաբու է, խոսելը՝ տաբու, գործնական քայլեր ձեռնարկելը՝ հղի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով: Իսկ այդ ընթացքում մարզիկները, մարզիչները, սպորտի բազմաթիվ նվիրյալներ շարունակում են մնալ իրենց ներշնչած համոզման մեջ, թե սպորտին փող չի հատկացվում, իսկ եզակի հատկացումները պետության հետ կապ չունեն:
Ի՞նչն է պատճառը, որ Իշխան Զաքարյանը՝ այն նույն Իշխան Զաքարյանը, որ 2000-2004թթ. ղեկավարում էր Օլիմպիական կոմիտեն, այսինքն՝ մարդ, ով ավելի քան քաջատեղյակ է ոլորտից, ով ավելի քան լավ է տիրապետում ներքին խոհանոցին, ոլորտը վերահսկողների մախինացիոն հնարավորություններին, դրանց նպաստող սողանցքերի տեղերն ավելի քան լավ գիտի, չի համարձակվում մոտենալ սպորտին, ստուգել և տեսնել, թե պետբյուջեի գումարների գոնե 10 տոկոսը հասնո՞ւմ է մարզիկներին, թե՞ դա էլ է յուրացվում:
ՎՊ նախագահը սիրում է հաճախակի մի ֆիկտիվ նախադասություն կրկնել. «Թող ոչ ոք չփորձի Վերահսկիչ պալատը տանել սուբյեկտիվ դաշտ, դա չի լինելու»: Երբ Վերահսկիչը ստուգումներ իրականացրեց Արարատի մարզում, այդպես էլ որևէ լուրջ խախտում չգրանցվեց Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հաշվեկշռում, այն դեպքում, երբ հենց նույն ժամանակահատվածում մամուլը ողողված էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այս դրածոյի բազմաթիվ չարաշահումների բացահայտումներով: Ինչո՞ւ. որովհետև Իշխան Զաքարյան-Աբրահամ Բաբայան (Աբրիկ) մտերմությունը գալիս է դեռ այն ժամանակներից, երբ Զաքարյանը գլխավորում էր Օլիմպիական կոմիտեն և Բաբայանի գլխավորած «Այգ» մարզաբազայով փողեր էր, որ ֆռռացնում էր: Ֆռռացվող փողերի գիտակ ՎՊ նախագահը չտեսնելու տվեց իր երբեմնի պարտնյորի մախինացիաները ճիշտ այնպես, ինչպես արդեն որերորդ տարին շրջանցում է սպորտի ոլորտը:
2009-ի ՎՊ ստուգումը, ամենայն հավանականությամբ, ընդամենը նախազգուշական քայլ էր. այդ ժամանակ շրջանառվող լուրերի համաձայն՝ բավական լարված էին Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները: Ծառուկյանն, ասում էին, կատաղած էր իր երբեմնի պատգամավորի վրա այն բանի համար, որ նա, անտեսելով իր շնորհիվ ԲՀԿ ցուցակով պատգամավոր, հետո էլ ԱԺ փոխնախագահ դառնալու, հետո էլ ՎՊ նախագահ ընտրվելու փաստը, համարձակվում էր ԲՀԿ-ին հանձնված ոլորտներում ստուգումներ իրականացնել և ինչ-ինչ չարաշահումներ հայտնաբերել: Երբեմնի ղեկավարին կողմնակի ոլորտներով բարկացնելով հանդերձ՝ ՎՊ նախագահն, այնուամենայնիվ, չէր մոտենում Ծառուկյանի հիմնական ոլորտին՝ սպորտին: Ըստ երևույթին, հիշյալ լոյալությունն էր, որ ի վերջո գնահատվեց Ծառուկյանի կողմից՝ Իշխան Զաքարյանին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի աթոռի հանձնման ձևով: 2011թ. հուլիսից Ծառուկյան-Զաքարյան մտերմությունն այլևս վերականգնված էր և, բնական էր, որ Սպորտի և երիտասարդության նախարարության «կուսությանն» այլևս վտանգ սպառնալ չէր կարող:
Մեր տեղեկություններով՝ որպես Իշխան Զաքարյանի նվիրվածության առհավատչյա՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունում նրան կաբինետ է հատկացված, որը, սակայն, չի գործածվում, փակ է, բայց սրբորեն պահպանվում է: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՎՊ խոսնակն այս փաստը ժխտեց՝ հայտնելով, թե իրենց ընդամենը անցյալ տարի Համահայկական խաղերի կազմակերպման ժամանակ են հազիվ երկու կաբինետ տվել, և որ ինքն էլ ստիպված, տեղ չլինելու պատճառով աշխատում էր նախարարի մամուլի քարտուղարի կաբինետում: Ի տարբերություն 2009թ. ՎՊ՝ ձեռքի տակ եղած հաշվետվության, որտեղ առկա փաստերը միանգամայն այլ բան էին ապացուցում՝ այս պահին զաքարյանական VIP կաբինետի հաշվով առանձապես իրեղեն ապացույց չկա, և ասել անհնար է, թե պաշտոնական այս պատասխանն իրականում ի՛նչ արժե, սակայն սա այս պահին այդքան էլ էական չէ:
Իսկ էականը սպորտի ասպարեզի ներկա ողորմելի վիճակն է. բավական է հետաքրքրվել շարքային մարզիկներով, ենթակառուցվածքներով, ամեն ինչ պարզ կլինի, սակայն սա շատ ավելի տարողունակ և հետագա հրապարակումների ենթակա նյութ է:
Թե ինչ չարաշահումներ են թույլ տվել Սպորտի և երիտասարդության նախարարներից յուրաքանչյուրն այս տարիների ընթացքում, կարող է պարզել միայն այն մարմինը, որը կոչված է դրան: Թե ինչ խախտումներ, յուրացումներ և համանման այլ ապօրինություններ է թույլ տալիս ներկա՝ ինքն իրեն արդեն կիսաստված երևակայող և առյուծային հավակնություններ դրսևորող ներկա նախարարը, ավելի քան հետաքրքիր տեղեկություններ կարող է հաղորդել դարձյալ նույն Վերահսկիչ պալատը: Ընդ որում, մեր կողմից հավելենք, որ այդ տեղեկություններին ավելի քան անհամբեր սպասում են հենց սպորտի շատ ու շատ նվիրյալներ, սպորտով մտահոգ շատ ու շատ պարկեշտ հայեր, որոնց համբերության բաժակն, ի դեպ, արդեն լցվում է:
Թե ինչի՞ց է այդքան վախենում Իշխան Զաքարյանը, որ չի համարձակվում անգամ մոտ գնալ սպորտին, ասել անհնար է: Իհարկե, հասկանալի է, որ Զաքարյանն ինքն էլ վախենալու շատ բաներ կունենա (բավական է բացել «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ՎՊ նախկին մամուլի խոսնակ Կարմեն Դավթյանին աշխատանքից ազատելու հենց հաջորդ օրվա համարը և կարդալ Ծաղկաձորի Մարզաբազան սեփականացնելու զաքարյանական պատումը, ամեն ինչ պարզ կլինի), բայց այդ ամենով հանդերձ, դժվար է հավատալ, որ դրանք այնպիսի բաներ են, որ Զաքարյանին լրիվ փակուղու առաջ են կանգնեցրել՝ ստիպելով գնալ Վերահսկիչ պալատի անաչառության վրա ստվեր գցող վերապահումների: Հատկապես, որ դեռ տարիներ առաջ խոսվում էր այն մասին, թե Զաքարյանն ավելի քան հարուստ «թղթապանակ» ունի Ծառուկյանի հետ կապված, և որ սրբորեն պահում է այդ թղթապանակն այն «սև օրվա» համար, երբ հանկարծ ու Օլիմպիական կոմիտեի ղեկավարը որոշի իրեն «փուռը տալ»:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.