Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Լևոն Տեր-Պետրոսյան. Show all posts
Showing posts with label Լևոն Տեր-Պետրոսյան. Show all posts

Թե ինչու եմ ես նախագահին անվերապահ հավատում

14.1.13

«Թե ինչու եմ ես նախագահին անվերապահ հավատում, գալիս ա իմ կենսակուրսից. ինքը ամենակարևոր հարցերում չսխալվեց երբեք:» - Վազգեն Սարգսյան:
Եվ թե ոնց վստահեց-վստահեց ու հանկարծ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցում չվստահեց , տենց էլ "գաղտնիք" մնաց... 
Ենթադրությունները բազմաթիվ են, բայց կոնկրետ համոզվածություն չի լինում հայտնել: Միայն կարելի ա ՊՆԴԵԼ, որ բոլոր հարցերի վերաբերյալ նախագահի դիրքորոշման մասին 100%-ով տեղյակ էր Վ. Սարգսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու

25.12.12

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում:
Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
Զարմանքով:
Ի՞նչը նկատի ունեք:
Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր եւ դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
Բացառություններ չկա՞ն:
Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, եւ երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող եւ կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շեւարդնաձեի, Հեյդար Ալիեւի եւ Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերեւս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
Ամենեւին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետեւաբար, քաոսից ազատվելու եւ երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, եւ եթե լիներ էլ, դա դեռեւս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու:
Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունեք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետեւ այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ' ավելի լուրջ, դուք երեւի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագւսհական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից' ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք' տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող գանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա եւս մեկ, թեեւ աննշան, զուտ տեխնիկւսկւսն պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետեւ մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, եւ կլինեե դժգոհողներ ու քննադատներ:
Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որեւէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաեւ հրճվողներ ու մեծաբանողներ:
Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները' Ձեր հակառակորդները:
Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաեւ, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաեւ իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով' իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետեւանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարեւոր հարցերին:
Հարցերը կարող են շատ լինել իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. – Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: – Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: – Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստրախոսի հետ»:
Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաեւ Ձեր չառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու եւ հաղթելու է 80-90 տոկոսով' հռչակվելով առավել քան լեգիտիմ, կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
Նախ' ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիեւից, եւ երկրորդ' նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որեւէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:
Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:
Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:

Մարտի 1-ի համար մեղավոր է այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև

23.12.12

«Ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի տասը անմեղ զոհերի համար: Այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև' հավաքված ժողովրդին տեր կանգնելու, և, ըստ էության, ժողովուրդը դարձավ ամբոխ, որի արդյունքում տեղի ունեցավ այդ տհաճ և ողբերգական իրադարձությունը: Հաստատ այդ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր և ոչ էլ ակտիվ մի քանի այլ մարդիկ, որ հետագայում հայտնվեցին բանտերում»,- այսօր ՕԵԿ-ի 11-րդ արտահերթ համագումարում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ըստ էության, իշխանություններին մեղադրելով անարդար լինելու մեջ:
Անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին' ՕԵԿ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում, երբ երկիրը քաղաքացիական պատերազմի առաջ էր կանգնել, իսկ թշնամին թիկունքից հարվածի էր սպասում, այլ տարբերակ չուներ ՕԵԿ-ը, քան կոալիցիայի կազմելը' ժողովրդին փրկելով արյունահեղությունից:
Արթուր Բաղդասարյանը հանիրավի համարեց նաև այն շահարկումները, թե իրենք փոշիացրին ժողովրդի ձայները: Նա նշեց, որ ժողովուրդն իրենց դարձյալ վստահում է, ինչի վառ ապացույցը խորհրդարանական ընտրություններն էին:
«Վերջին 5 տարիների ընթացքում այն քաղաքական շահարկումները, այն ցեխը, որը շպրտեցին ՕԵԿ-ին, դա ևս հաջողությամբ չավարտվեցին, քանի որ մի քանի ամիս առաջ ավարտված խորհրդարանական ընտրություններում, ես կասեի՝ բարդագույն ընտրություններում, ՕԵԿ-ը նորից կարողացավ արժանանալ ժողովրդի քվեին»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ-ի դիմագիծն ավելի հստակ նկարագրելու համար ՕԵԿ նախագահը համեմատություններ սկսեց անել' նշելով, թե որ ոլորտում ինչ է արել կուսակցությունը:
Նախ նա նշեց, որ ՕԵԿ-ը եղել և մնում է խորհրդարանում ամենաակտիվ խմբակցություններից մեկը: Հասարակական կյանքում ևս, ըստ Արթուր Բաղդասարյանի, իր կուսակցականներն օրինակելի վարք են դրսևորում' «կրիմինալի, ռազբորկաների և թալանի մոնոպոլիայի հետ» կապ չունեն:
«Մենք չար, հիշաչար չենք, բանսարկություններ չենք իրականացնում, հոդվածներ չենք պատվիրում մամուլում, տակից խաղեր չենք տալիս»,- ահա այսպիսի նկարագրով Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց իր ղեկավարած կուսակցությանը:
Արթուր Բաղդասարյանը մեջբերեց այս տարվա մարտ ամսին տեղի ունեցած ՕԵԿ 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն արտահայտությունը' թե ՕԵԿ-ը բարոյական քաղաքական ուժ է և վստահելի գործընկեր: Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ քաղաքականության մեջ իրենք առավելագույնը բարոյականության սկզբունքով են առաջնորդվում, այդ պատճառով էլ նման գնահատականների են արժանանում:
«Մեզ վրա կարելի է հենվել, մեզ հետ կարելի է ճանապարհ գնալ»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:

Բագրատյանը «քաշեց» Տեր-Պետրոսյանին

21.12.12

Հրանտ Բագրատյանը երեկ իր հայտարարությամբ մեղմ ասած վատ դրության մեջ դրեց Լևոն Տեր-Պետրոսյանին:Հիմա Տեր-Պետրոսյանը կամ պետք է առաջադրվի, կամ պաշտպանի Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Այս քայլով Հրանտ Բագրատյանը նաև փակեց ՀԱԿ այն անդամների ճանապարհը, ովքեր Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում իրենց էին տեսնում որպես ՀԱԿ թեկնածու: Դեռ ամսիներ առաջ հասկանալի էր, որ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը կտրում են իրենց կապերը ՀԱԿ-ի հետ և պարզ էր նաև, որ կգա այն օրը, երբ իրենք կհայտարարեն ՀԱԿ-ից դուրս գալու մասին: Իրենք ուղղակի սպասում էին Տեր-Պետրոսյանի որոշմանը, որը ինչ որ պատճառով ուշանում է: Այս ամենից հետո կարելի է ենթադրել, որ Լևոն Զուրաբյանը պետք է հույսը կտրի նախագահի թեկանծու լինելու հնարավորությունից: Բացի նրանից, որ ՀԱԿ առանցքային դեմքերը չեն պաշտպանի Զուրաբյանին, Զուրաբյանը նաև չունի հասարակության վաստահությունը: Չնայած լինելով իսկբանե շարժման մեջ նա մշտապես եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը: Ինչպես ժամանակին նկատել էր Կարապետ Ռուբինյանը «այդպես էլ Զուրաբյանից համակարգող չստացվեց»: Իսկ Բագրատյանը ի տարբերություն Զուրաբյանի ունի բավական հեղինակություն և ռեսուրս մասնակցելու համար նախագահական ընտրություններին: Բագրատյանի համար մնում է մի վերջին հարց իր թեկնածությունը հաջողությամբ պասկելու համար' դա Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն է: Չնայած նրան, որ Փաշինյանն էլ կողմանիկց չէ ՀԱԿ ԲՀԿ-ական թևի հետ, սակայն հնարավոր է, որ ինքն էլ իր թեկնածությունն է նկատի ունեցել: Չե որ Փաշինյանը ժամանակին նշել էր, որ, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի ինքը պատրաստ է առաջադրվել: Կարճ ասած Հրանտ Բագրատյանը քաշեց Լևոն Տեր-Պետրոսյանին նրան այլընտրանք չթողնելով: Եվ այս դեպքում շատ հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանի որոշումը լինի ի օգուտ Բագրատյանի:

Սերժ Սարգսյանի հույսը Լեւոն Տեր-Պետրոսյանն է

16.12.12

«Հասարակությունը հաճախ է ներում հանցագործին, բայց ոչ երազողին». Օսկար Ուայլդ:
ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը կանգնել է դժվարին և ճակատագրական հարցի առաջ՝ ի՞նչ անել: Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի' 2011 թ. նոյեմբերի 25-ին հանրությանը ներկայացրած «քաղաքագիտական վերլուծությունը», որը հետագայում դարձավ ՀԱԿ-ի մարտավարության և ռազմավարության հիմքը, այլևս տապալված է: Այժմ ՀԱԿ-ի այն հատվածը, որն ակտիվորեն լոբինգ էր անում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքով Սերժ Սարգսյանին տապալելու քաղաքականությունը, հայտնվել է բավականին տհաճ և անհարմար իրավիճակում: Ուստի այս փուլում պետք է ինչ-որ կերպ արդարացնեն կամ բացատրեն իրենց կողմից որդեգրած անպտուղ քաղաքականության արդյունքները: Բնականաբար, ՀԱԿ-ի քաղխորհուրդը այս պարագայում չի կարող Գագիկ Ծառուկյանին մեղադրել ԱԽՔության մեջ և հայտարարել, որ նա ծախվեց Սերժ Սարգսյանին: Այդ պարագայում կարող են ՀԱԿ-ին հիշեցնել, որ շատ-շատերը ժամանակին զգուշացնում էին, որ Գագիկ Ծառուկյանը բոլորովին էլ այն ֆիգուրը չէ, որն առճակատման կգնա իշխանության հետ, և նա բոլորովին էլ այլընտրանք չէ Սերժ Սարգսյանին: Մեղմ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացվել էր, որ երազելը ամենևին էլ քաղաքական, առավել ևս քաղաքագիտական կատեգորիա չէ:
ՀԱԿ-ի ղեկավար կազմին մնում է միայն ամեն գնով արդարացնել և դրական երանգներ գտնել ԲՀԿ-ի քաղխորհրդի դեկտեմբերի 12-ի որոշման մեջ: Ավելին, ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներն ամեն գնով փորձ են անում Բարգավաճ Հայաստանի վրա կարել ընդդիմադիր կուսակցության իմիջը: Օրինակ, ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է' ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել Հանրապետականի հետ կնքած հուշագիրը, և դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Թե իշխանական բուրգից «մեծ հատված» պոկելուց Հայաստանում ի՞նչ փոխվեց, ինչու՞մ էր կայանում Հայաստանի քաղաքացիների շահը, և ի՞նչքանով դժվարացավ Սերժ Սարգսյանի վերարտադրության գործընթացը,այդ մասին Արման Մուսինյանը համեստորեն լռում է: Փաստացի Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» և դրա տապալման արդյունքում քաղաքական դաշտը հիմնահատակ ամայացավ, իսկ այդ ամայության մեջ Սերժ Սարգսյանը բավականին վստահ երկրորդ անգամ ճանապարհ է հարթում դեպի Բաղրամյան 26, սակայն ՀԱԿ-ը շարունակում է դրական գնահատել ստեղծված քաղաքական իրավիճակը և սեփական քայլերը: Ավելին, արդեն ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներից նույնիսկ դրական են գնահատում այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է որևէ թեկնածուի չսատարել, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին չսատարելու հանգամանքը ներկայացվում է որպես «քաղաքագիտական վերլուծության» ձեռքբերում:
Նման գնահատականներն ու գործելաոճը ոչ թե ռեալպոլիտիկ է, այլ քաղաքական ձեռնաշարժություն, ինչով փորձ է արվում ՀԱԿ-ի համապատասխան հատվածի, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքը փրկելու: Սակայն այս ամբողջ գործընթացի մեջ բացակայում է հասարակական և պետական շահի գիտակցումը, որը պետք է լինի յուրաքանչյուր՝ իրեն որպես ժողովրդի շահերը սպասարկող ուժ ներկայացնող քաղաքական կուսակցության գործողությունների հիմքում:
Հիմա այս ամբողջի համատեքստում քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Այս հարցադրումը ներկայիս քաղաքական իրավիճակում պարզապես ակտուալ չէ: Եթե անգամ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ մասնակցի, ապա ակնհայտ է, որ էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների ելքի վրա: Համաժողովրդական շարժման, այնուհետև ՀԱԿ-ի ռեսուրսը եղել է հանրային աջակցությունը և քաղաքական թիմը: Թե՛ մեկից, թե՛ մյուսից ներկայումս ՀԱԿ-ը մեծ հաշվով զրկված է: Այս երկու գործոնին գումարվում է նաև ՀԱԿ-ում տիրող ֆինանսական ճգնաժամը: Նախագահական ընտրություններին մասնակցությունը ենթադրում է պատկառելի ֆինանսական ծախսեր, իսկ այդ ֆինանսական հոսքերը հիմնականում ստացվում են գործարար շրջանակներից: Եթե 2008թ. կային Խաչատուր Սուքիասյանը և մի շարք այլ գործարարներ, որոնք հավատում էին համաժողովրդական շարժման հաղթանակին, ապա այսօր նույն այդ գործարար շրջանակները ցանկություն չունեն ֆինանսավորել ՀԱԿ-ի քաղաքական գործունեությունը: Իշխանության ֆինանսական, մարդկային և վարչական ռեսուրսին ՀԱԿ-ը այսօր որևէ ռեսուրս չունի հակադրելու, բացի սուր քննադատությունից:
Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը միտված է լինելու բավարարել իր փոքրաթիվ թիմի և նրան հավատացող հասարակության ոչ ստվար հատվածի ցանկությունները: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը բխում է հենց Սերժ Սարգսյանի շահերից: Գործող նախագահին այս քաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտ է լեգիտիմացնել նախագահական ընտրությունները և իր «հաղթանակը»: Այդ հարցում ՀՀԿ առաջնորդին լավագույնս կարող է օգնել տիտղոսային ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: 2013թ. նախագահական ընտրություններում վերջնականապես «ջախջախելով» առաջին նախագահին և հետևաբար ՀԱԿ-ի մնացորդներին՝ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ քաղաքական դաշտում և միջազգային հանրության աչքերում «լեգիտիմ» նախագահ:
Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական մրցապայքարի մղողները կամա թե ակամա «լեգիտիմացնում» են Սերժ Սարգսյանի «ջախջախիչ հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.