Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label ՀԱԿ. Show all posts
Showing posts with label ՀԱԿ. Show all posts

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու

25.12.12

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում:
Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
Զարմանքով:
Ի՞նչը նկատի ունեք:
Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր եւ դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
Բացառություններ չկա՞ն:
Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, եւ երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող եւ կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շեւարդնաձեի, Հեյդար Ալիեւի եւ Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերեւս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
Ամենեւին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետեւաբար, քաոսից ազատվելու եւ երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, եւ եթե լիներ էլ, դա դեռեւս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու:
Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունեք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետեւ այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ' ավելի լուրջ, դուք երեւի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագւսհական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից' ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք' տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող գանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա եւս մեկ, թեեւ աննշան, զուտ տեխնիկւսկւսն պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետեւ մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, եւ կլինեե դժգոհողներ ու քննադատներ:
Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որեւէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաեւ հրճվողներ ու մեծաբանողներ:
Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները' Ձեր հակառակորդները:
Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաեւ, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաեւ իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով' իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետեւանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարեւոր հարցերին:
Հարցերը կարող են շատ լինել իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. – Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: – Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: – Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստրախոսի հետ»:
Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաեւ Ձեր չառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու եւ հաղթելու է 80-90 տոկոսով' հռչակվելով առավել քան լեգիտիմ, կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
Նախ' ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիեւից, եւ երկրորդ' նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որեւէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:
Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:
Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:

ԲՀԿ-ին կտանեն այնտեղ, որտեղից հանել էին

22.12.12

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դեկտեմբերի 25-ին կայանալիք քաղխորհրդի նիստում կհստակեցնի իր անելիքները: «Կքննարկենք, կոնգրեսից էլ կհասկանանք ինչ է անելու, որից հետո կարելի է հստակ ու բաց խոսել»,- Lragir.am-ին ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա առայժմ չի պատասխանում այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացների պատճառով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դուրս գա կոնգրեսի կազմից: Մակեյանը չթաքցրեց, որ հիասթափված է ՀԱԿ-ի մարտավարությունից: «ՀԱԿ-ն արտացոլանքն է այն միջավայրի, որը Հայաստանում կա»,- ասաց նա:
Նշենք, որ Պետրոս Մակեյանը մեկն է այն գործիչներից, ով դեմ է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը: Այս առումով նա ասաց, որ տեղի ունեցավ այն, ինչ իրենք կանախատեսում էին' ԲՀԿ-ն իշխանություններին դեմ չգնաց: «Շարունակությունն էլ կլինի: Կարծում եմ, որ ԲՀԿ-ին որտեղից դուրս էին հանել, այնտեղ էլ կտանեն, կմտցնեն: ԲՀԿ-ն հիմա էլ իշխանության մաս է, ուղղակի ժամանակավորապես դուրս են մղել, որպեսզի հասարակությանը շփոթության մեջ դնեն»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, Պետրոս Մակեյանը նշեց, որ «Բագրատյանն իրավունք ունի առաջդրվելու' իր կենսագրությամբ, իր ունեցած ինտելեկտուալ բագաժով»:

ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է

18.12.12

Համացանցում հայտնված Զուրաբյան-Օսկանյան առանձնազրույցից հետո ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է: Ոմանք նույնիսկ հրապարակավ անվանարկում են իրենց «համակարգողին», իսկ գործի «մեղավորը», ըստ թերթի տեղեկությունների, զղջում է ոչ այն բանի համար, որ իր խիստ գաղտնի զրույցը աշխարհով մեկ եղավ, այլ որ սրանից հետո գրեթե անհնար է լինելու ՀԱԿ-ի ակտիվին ու շարքայիններին համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո «արժանի» իրավահաջորդն ինքն է:
Որոշ տեղեկությունների համաձայն, այս փուլում Զուրաբյանը հենց իրեն առաջաղրելու մասին է մշտապես Տեր-Պետրոսյանի ականջին շշնջացել ու համոզել, որ միայն ինքը կարող է հավատարմորեն ծառայել նրան: Իսկ Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի իր «ծառայի» ունակությունները, այդ պատճառով էլ չի շտապել նրան «իրավահաջորդ» կարգել: Լավատեղյակների փոխանցմամբ, այս պահին մեկուսացված ՀԱԿ-ի առաջնորդին այլ բան չի մնում, եթե ոչ որևէ մեկի ուսերին թողնել կոնգրեսի «խայտաբղետ» հակասությունները և կրկին պատրաստվել «լռության ուխտին», այս անգամ' անվերադարձ:

Լևոն Զուրաբյանը ինքը կբացատրի, թե ինչու էր որոշել սիրտը բացել

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյսնն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի մասին' դա որակեց որպես Ազգային անվտանգության խայտառակ և ստոր գործունեության արդյունք.
«Ես ավելի շատ անհանգիստ եմ այս երկրի ապագայի հարցով. Ազգային անվտանգությունը բան ու գործ չունի' զբաղվում է մարդկանց անձնական ու մնացած խնդիրներով ու խոսակցություններով: Եթե կարելի է բան ու գործ չունենալ և ընկնել փողոցային խոսակցությունների հետևից, ձայնագրելը դեռ քիչ է' մի հատ էլ դնել և հրապարակայնացնել, ապա սա արդեն վերջն է, բառեր չեմ գտնում պարզապես»:
Խոսելով զրույցի մանրամասների մասին' Մ. Գասպարյանն ասաց. «Ես Մարտի 1-ի վերաբերյալ չհասկացա, թե ինչ է այդտեղ ասվում, և ավելորդ եմ համարում անգամ այն, որ ողբերգությունը դարձրել են շահարկման առարկա:
Իսկ ընդհանուր առմամբ' քաղաքական անցուդարձ է, խմորում կա ՀԱԿ խմբակցության ներսում: Բայց յուրաքանչյուրս էլ ունենք մեր կարծիքն ու դիրքորոշումը:
Բայց սա ի՞նչ է նշանակում. եթե մարդը իր կարծիքը հայտնում է, ուրեմն պետք է այդ տարաձայնությունը հասցնել այն մակարդակի, որ դա դառնա փողոցային խոսակցությո՞ւն:
Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ես՝ հարցեր կան, որ ունեմ իմ կարծիքը, բայց դա չի նշանակում, որ իմ ընտանեկան խնդիրները պետք է դարձնել հրապարակային և էժանագին ձևով հրամցնել այսօրվա քաղաքականության մեջ' որպես կեղտոտ տեխնոլոգիա:
Մենք ներսում կպարզենք այդ հարցերը' արդյոք Լևոն Զուրաբյանը չպե՞տք է դրա պատասխանը տա, թե ինչու է այդքան անկեղծացել: Վերջիվերջո' քաղաքական գործիչը իրավունք չունի այդքան անկեղծանալու: Ես չեմ ուզում հարվածը Լևոն Զուրաբյանի վրա հղել, քանի որ շան գլուխն այստեղ մեկ այլ տեղ է թաղված:
Ես ինքս ՀԱԿ-ում բարձրաձայն իմ գնահատականը կտամ, բարձրաձայն կհաղորդեմ, և Լևոն Զուրաբյանը երևի թե բացատրություն կտա, այդ խոսքերի ինքնությունն ու մնացած այլ բաները կբացատրի: Չեմ ուզում ասել, թե ով է նրան իրավունք տվել նման ձևով բացվել մեկ այլ ուժի ներկայացուցչի մոտ. դա մեր ներքին խոհանոցի խնդիրն է:
Մի փոքր սպասենք, և ինքն իր տված խոսքերի համար պատասխան կտա և պատասխանատվությունը կվերցնի իր վրա, կբացատրի, թե ինչու է որոշել սիրտը բացել, նեղ անձնական խոհանոցը դարձնել լայն քննարկման առարկա:
Մի այսպիսի մեկն ունեինք, որ իրեն նախագահ էր հռչակել, երկրի միակ տղամարդն էր հռչակել ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ հայտարարել էր թե Հոկտեմբերի 27-ը ուչաստկովիի մակարդակի գործ է, այնինչ ուչաստկովիի մակարդակի գործը հիմա ենք տեսնում:
Իսկ սա քաղաքականություն չէ, սա փողոցային մոտեցում է»,- եզրափակեց ԺՈՒԿ նախագահը:

ՀՅԴ-ի բոյկոտի դեպքում ՀՅԴ ձայները կստանան Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը. սոցիոլոգ

1.12.12

Գալիք նախագահական ընտրություններում ՀՅԴ բոյկոտը որևէ էական փոփոխություն ձայների բաշխվածության տեսանկյունից չի բերի: Ներկայիս պատկերը չի փոխվի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին:
Նա նշեց, որ հասարակության կողմնորոշված մասի 5-6 տոկոսը պատրաստ է ձայնը տալ ՀՅԴ-ին: Ըստ սոցիոլոգի՝ եթե ՀՅԴ-ն, որպես նախագահի թեկնածու, առաջադրի Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին, կունենա 5-6 տոկոս ձայն: «Վահան Հովհաննիսյանը կարող է փոքր–ինչ ավել ձայներ ունենալ՝ հաշվի առնելով այն, որ նա ավելի շատ շրջանառված գործիչ է, քան Արմեն Ռուստամյանը: Վահան Հովհաննիսյանն արդեն նախագահական ընտրություններում ներկայացված է եղել, պատգամավորական խմբի ղեկավար է, ինքն ավելի ծանոթ է ընտրողներին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ուստի, եթե ՀՅԴ-ն բոյկոտի ընտրությունները, Ադիբեկյանի խոսքերով, ՀՅԴ ընտրազանգվածը չի մասնակցի ընտրություններին կամ մասնակցության դեպքում իր ձայնը կտա այլ կուսակցությունների թեկնածուներին: «ՀՅԴ ընտրազանգվածը ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Սերժ Սարգսյանին, սակայն սա Էական պատկեր չի փոխելու»,- նկատեց սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր, թե ինչ ընտրություն, եթե այն ձևական պետք է լինի: Բանախոսն ասել էր, թե ընտրությունն օլիմպիադա չէ, որ մասնակցությունն արդեն կարևոր լինի, և չի բացառվում, որ ՀՅԴ-ն չմասնակցի ընտրություններին, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպիսին ԱԺ ընտրություններն էին:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.