Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Հայ մարմնավաճառներ. Show all posts
Showing posts with label Հայ մարմնավաճառներ. Show all posts

Հայ մարմնավաճառների արկածները Էմիրաթներում

30.11.12

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Արմենուհի Պողոսյանի գործով դատաքննությունը շարունակվում է: Ցուցմունք է տվել ամբաստանյալ Արմենուհի Պողոսյանը:
Ըստ մեղադրանքի՝ երեք քույրեր՝ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Արմանուշ Թադևոսյանը, Արմենուհի Պողոսյանը և Հայաստանում բնակվող Հայկանուշ Հովհաննիսյանը նախնական համաձայնության գալով՝ 2007-2008 թվականներին Հայաստանից հավաքագրել էին կանանց, տեղափոխել Դուբայ և ենթարկել սեռական շահագործման:
Երեք քույրերից երկուսը՝ Արմանուշն ու Հայկանուշը, արդեն դատապարտված են ու կալանավայրում պատիժ են կրում: Արմենուհին հետախուզման մեջ է եղել, ուշ է հայտնաբերվել, դրա համար էլ նրա գործը դեռ նոր է քննվում առաջին ատյանի դատարանում: Արմենուհին ասաց, թե չի իմացել, որ հետախուզման մեջ է, և չի ընդունում հետախուզման համար կատարված ծախսերի հատուցման՝ իրեն ներկայացված պահանջը՝ 2 միլիոն 200 հազար դրամի չափով:
Այս գործով տուժած կանայք հիմնականում դատարան են ներկայացել ու տվել Արմենուհի Պողոսյանին մեղադրող ցուցմունքներ: Բացառություն եղավ նախաքննության ժամանակ Արմենուհու դեմ ցուցմունք տված, նրան մեղադրած, ապա մեկ այլ գործով դատապարտյալ դարձած ու կալանավայրում գտնվող Ասյան, որը դատարանում փորձեց իր պաշտպանության տակ առնել Արմենուհուն:
Ամբաստանյալ Արմենուհի Պողոսյանը նախապատրաստվել էր ցուցմունքին, գրավոր տեքստ էր կազմել: Նա հայտնեց, որ ԱՄԷ մեկնել է իր քույր Արմանուշի հրավերով՝ 2006 թվականի դեկտեմբերին:
3-4 ամիս ապրել է Արմանուշի հետ, ապա առանձին տուն է վարձել և ապրել Անուշ անունով աղջկա հետ՝ նրա հետ կիսելով տան վարձը և կոմունալ ծախսերը: Ինքն առևտրով է զբաղվել, առաքիչ է եղել կոսմետիկայի ինչ-որ ֆիրմայում, միևնույն ժամանակ հաճախել է դիսկոտեկներ և կաֆե-շոփեր:
Գործով անցնող տուժողներից Գեղեցիկին, նրա քույր Ալինային, Լուսինեին ու Ասյային իր տուն է ընդունել քրոջ՝ Արմանուշի խնդրանքով: «Լեզու-բերան չգիտեին, եթե չօգնեի, կարող էին փորձանքի մեջ ընկնել: Հետս տանում էի կաֆե-շոփ, հեռվից ցույց էի տալիս, թե ումից պիտի զգուշանան»:
Արմենուհու «բարձր հովանու ներքո» թվարկված կանայք անփորձանք մարմնավաճառություն են արել Դուբայում: Նրանք հենց դրա համար էլ գնացել են, կարի ֆաբրիկայում աշխատելու միտք չեն ունեցել՝ ըստ Արմենուհու: «Ի՞նչ կարի ֆաբրիկա, երբ այդ կանայք Հայաստանում էլ էին մարմնավաճառություն արել, եկել էին Դուբայ, որ լավ վաստակեն: Մեր մեջ ջերմ մթնոլորտ է եղել: Հատկապես Լուսինեն ինձ շատ էր սիրում: Զարմացած եմ, որ նախաքննության ընթացքում իմ դեմ ցուցմունք է տվել: Ինձ թվում է՝ նա ընկել է Գեղեցիկի ու նրա քրոջ ծուղակը կամ քննիչի հոգատար հովանու ներքո է ցուցմունք տվել»:
Արմենուհին ընդունեց, որ հեռախոսով անհնազանդ աղջիկներին պատժելու, նույնիսկ սպանելու վերաբերյալ «կլիպ» է ցուցադրել իր տանն ապրող կանանց: Դա չի արել նրանց սպառնալու, վախեցնելու, իրեն ու քրոջը ենթարկելու մտքով, այլ ցուցադրել է նրանց իսկ բարօրության համար. որ չընկնեն արաբ «տապոռիկների» ձեռքը:
Սկզբնական շրջանում, երբ Հայաստանից գնացած կանայք լեզու չգիտեին ու ծանոթ չէին տեղի դրամական միավորին, Արմենուհին կաֆե-շոփում նրանց համար թարգմանություն է արել, նրանց հասանելիք գումարը վերցրել հաճախորդներից ու անմիջապես տվել նրանց: Այդ ամենն արել է անհատույց, առանց որևէ շահ ունենալու:
«Ես չէի պատկերացնում, որ հանցավոր արարք եմ կատարում, կարծել եմ՝ օգնում եմ: Ես էլ նրանց նման աշխատող էի: Նրանք իրենց կամքով էին եկել, ես ուղղություն եմ ցույց տվել միայն»: Արմենուհին բացատրեց, որ «իրենց նման աշխատող էի» ասելով՝ նկատի ունի, որ ինքն էլ էր աշխատանք գտնելու համար հայրենիքը լքել ու գնացել արտերկիր: Իր միակ օգուտը եղել է այն, որ կանայք ապրել են իր վարձած տանը, իր հետ կիսել են տան վարձի և կոմունալ ծախսերի բեռը:
Գեղեցիկը Արմանուշին Դուբայում ցանկացել է բռնել տալ, որ նրա վարձած տանը անվճար ապրի մի ամբողջ տարի: Ահա թե ինչու են երեք կանայք Դուբայում ոստիկանություն գնացել: Բայց նրանց պլանը չի գործել, հենց նրանց են դեպորտ արել: Նրանք էլ վրեժից դրդված՝ որ Դուբայի նման քաղաքից իրենց վտարել են, վաստակից զրկել, սկզբում իրենից հինգհազարական դոլար են պահանջել, իսկ երբ չի ուղարկել, սկսել են մեղադրող ցուցմունք տալ իրենց դեմ:
«Եթե առաջինը նրանք են ոստիկանություն դիմել՝ չարությունից դրդված, խմբեր կազմելով, որ մարդկանց զրկեն ազատությունից ու բարոյական իրավունքներից, ուրեմն նրանց մոտ դա պիտի ստացվե՞ր: Ես քույրերիս հետ նախնական համաձայնության չեմ եկել, ոչ մեկին չեմ հավաքագրել ու չեմ շահագործել»:
Արմենուհին, իհարկե, գիտի, որ իր քույրերն արդեն դատապարտված են, նրանց վերաբերյալ դատական ակտերը ուժի մեջ են մտել, այնպես որ հայտարարեց, թե ինքը կապ չունի այն ամենի հետ, ինչով զբաղվել են քույրերը: Մեղադրողի հարցին, թե ինչո՞ւ են քույրերը մեղադրանքն ընդունել ամբողջ ծավալով, այսինքն ընդունել են, որ երեքն էլ՝ Արմենուհին նույնպես, նախնական հանցավոր համաձայնության են եկել ու կատարել մեղսագրված արարքը, ամբաստանյալը պատասխանեց. «Ես նրանց հետ չեմ շփվել, չգիտեմ, թե ինչու են ինձ ներառել»:
«Տուժողների թշնամանքի պատճառն այն է, որ ես Արմանուշի քույրն եմ, ասում էին՝ դու ես Արմանուշի գաղափարը, բայց Արմանուշը երեսունհինգ տարեկան մարդ է, ես ինչո՞ւ պիտի նրա գաղափարը լինեի: Ես նրա վրա բարկանում էի, ասում էի՝ ինչո՞ւ սրանց բերեցիր, ջանիդ կրակ սարքեցիր, գնալու են՝ մեշոկներով գրեն»:
Դուբայում Ասյայի կողմից երակները կտրելը Արմենուհին բացատրեց նրանով, որ Ասյան ոչ թե մարմնավաճառությանը չէր կարողանում վարժվել, պայմաններից ու շահագործումից էր դժգոհ, այլ թմրամոլ էր ու երակները կտրել էր, որ «լոմկայից» դուրս գա:
Արմենուհին տուժող Սուսաննային Դուբայ հասցնելու համար մոտ հինգ հարյուր դոլար էր ծախսել իր գրպանից: Ասաց, թե դա արել է Սուսաննային օգնելու համար, Սուսաննան հեռախոսով շատ է խնդրել, թե անպայման ուզում է Դուբայ գալ, ինքն էլ որոշել է օգնություն ցույց տալ: Գեղեցիկի տված մեղադրական ցուցմունքներն Արմենուհին «երևելի սուտ» անվանեց:
Արմենուհու պատմածից դուրս է գալիս, որ մարմնավաճառություն անելու նպատակով Հայաստանից Դուբայ գնացած կանանց անհատույց օգնել էր՝ հակառակ իր քույրերի շահադիտական նպատակների ու շահագործողական գործողությունների: Մինչդեռ նրանք Արմենուհու կատարած բարեգործությանը պատասխանել էին չարագործությամբ ու մեղադրող ցուցմունքներ էին տվել երեք քույրերից ամենաբարեգործի վերաբերյալ: Չգիտես ինչու՝ իրենց ավագ քույրիկին չէին խնայել նաև Արմանուշն ու Հայկանուշը՝ առաջադրված մեղադրանքն ամբողջ ծավալով ընդունելով, ասել կուզի՝ նաև Արմենուհի քույրիկի մեղքն ու իրենց նախնական հանցավոր համաձայնությունն ընդունելով:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.