Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Պատահարներ. Show all posts
Showing posts with label Պատահարներ. Show all posts

Հնդիկ ուսանողուհուն ավտոբուսում խմբակային բռնաբարողներին պահանջում են մահվան դատապարտել

19.12.12

Հնդկաստանի ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաններ կիրառել Դելիի նախարարների ղեկավարի նստավայրի մոտ վրդովված ցուցարարներին ցրելու համար. տեղեկացնում է BBC-ն: Ցուցարարները պահանջում են մահվան դատապարտել ավտոբուսում 23-ամյա ուսանողուհուն խմբակային բռնաբարած հանցագործներին:
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը Դելիի ավտոբուսներից մեկում:
Բռնաբարված աղջիկը կրիտիկական դրության մեջ գտնվում է հիվանդանոցում:
Հնդկաստանի կառավարությունը միջադեպից հետո հայտարարել է բռնաբարության համար սահմանված պատիժների խստացման մասին, ինչպես նաև հրամայել է ոստիկանությանը ուժեղացնել այն ավտոբուսների նկատմամբ հսկողությունը, որոնցով հիմնականում գիշերային ժամերին երթևեկում են կանայք:
Ուսանողուհու վրա հարձակվել էին, երբ նա իր ընկերոջ հետ վերադառնում էր կինոթատրոնից: Հարձակումից հետո երկուսին էլ ծեծել էին, մերկացրել և դուրս նետել ավտոբուսից:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել են 4 ենթադրյալ բռնաբարողները, ևս 2-ի նկատմամբ հետախուզություն է սահմանվել:

Սամվելը փորձել էր բռնաբարել Համեստի ընկերուհուն. ասել էր՝ նշանակություն չունի, թե կույս է

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Սամվել Նիկոլյանի ու Համեստ Ավագյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:
Բողոքարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը:
Առաջին ատյանի դատարանը 49-ամյա Սամվել Նիկոլյանին և 44-ամյա Համեստ Ավագյանին մեղավոր է ճանաչել նախնական համաձայնությամբ ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նախաքննությամբ և առաջին ատյանի դատարանի կատարած դատաքննությամբ հաստատված է համարվել, որ 2011 թվականի ընթացքում «մի քանի ամիս» Նիկոլյանն ու Ավագյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են եղել:
Համեստ Ավագյանը նախկին աշխատավայրից ճանաչել է Ն.-ին, նրա հետ ունեցել նորմալ փոխհարաբերություններ:
2012 թվականի ապրիլի 24-ին, ժամը 22-ին Համեստն իր տուն է հրավիրել ընկերուհի Ն.-ին: Միասին խմել են մեկ լիտր գինի:
Ժամը 23-ի սահմաններում Համեստը Ն.-ին առաջարկել է գնալ իր մեկ այլ ընկերուհու տուն: Ն.-ն համաձայնել է: Միայն թե Համեստն անհամեստաբար Ն.-ին տարել է Սամվել Նիկոլյանի տուն:
Երբ դռան զանգը տվել են, ու Սամվելն է բացել դուռը, Ն.-ն ցանկացել է հեռանալ՝ տեսնելով, որ «ընկերուհու» տանն իրականում տղամարդ է դիմավորում իրենց:
Համեստը, սակայն, համոզել է գինովցած Ն.-ին ու ներս տարել: Ապա տանտիրուհու ճարպկությամբ ուտելիք է պատրաստել, և Սամվելի ննջարանում նստել են ընթրելու:
Սամվելը կոնյակ է հյուրասիրել տարաժամ հյուրերին, բայց խմել է միայն Համեստը, իսկ Ն.-ն, որ քիչ առաջ խմած գինու ազդեցության տակ իրեն շատ վատ էր զգում, հրաժարվել է ոչ միայն կոնյակից, այլև ուտելիքից:
Մինչ Սամվելն ու Համեստը բաժակ բաժակի էին զարկում և ուրախ տրամադրությամբ ընթրում, Ն.-ն լոգասենյակում տանջվում էր գինու ազդեցությունից:
Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Համեստը հանկարծ հիշել է, որ «տեղ» պիտի գնա, ասել է՝ գնամ ու շուտ վերադառնամ:
Ն.-ն ցանկացել է նրա հետ դուրս գալ, բայց Համեստը չի թողել՝ ասելով, թե մենակ պիտի գնա ու շատ շուտով կգա, Սամվելի տանը աղջկան ոչինչ չի սպառնում:
Համեստի դուրս գալուց անմիջապես հետո Սամվելը ներսից բանալիով փակել է բնակարանի դուռը և սկսել է հանել իր շորերը:
Ն.-ն հարցրել է, թե այդ ի՞նչ է անում: Տանտերն էլ հանգիստ պատասխանել է, թե պատրաստվում է կենակցել նրա հետ:
Ն.-ն սկզբում խնդրել ու աղաչել է նման բան չանել: Բացատրել է, թե կույս է: Բայց Սամվելին այդ հանգամանքը հետ չի պահել հանցավոր մտադրությունից, նա հայտարարել է, թե իր համար ոչ մի նշանակություն չունի աղջկա կույս լինելը:
Ն.-ն սկսել է ակտիվորեն դիմադրել, և Սամվելը բռունցքով հարվածել է նրա դեմքին, ապա քարշ տալով տարել ննջարան, գցել մահճակալին ու պատռելով հանել հագուստները: Աղջիկը գոռացել է, օգնություն կանչել, դիմադրել: Եվ հենց այդ պահին հնչել է բնակարանի դռան զանգը:
Այսպիսով՝ Սամվել Նիկոլյանն «իր կամքից անկախ պատճառներով» ավարտին չի հասցրել Ն.-ի նկատմամբ կատարվող բռնաբարությունը:
Նա գնացել է միջանցք, որ ստուգի, թե ով է կեսգիշերին իր դռան զանգը հնչեցնում:
Այդ ընթացքում Ն.-ն արագ վրան է քաշել շորերը, ննջասենյակի պատուհանից ցատկել բաց պատշգամբ և օգնություն կանչել:
Մոտակայքով անցնող երկու երիտասարդներ՝ Ավետիսյանն ու Հակոբյանը, լսել են, մոտեցել, օգնել, որ աղջիկն իջնի առաջին հարկի պատշգամբից:
Վերջինս պատմել է քիչ առաջ կատարվածը և խնդրել է իրեն թաքցնել, որովհետև նկատել է, որ Սամվելը դուրս է եկել բակ ու իրեն է փնտրում:
Երիտասարդներն աղջկան տարել են մոտակա արտեզյան ջրհորի մոտ: Ն.-ն լվացվել է, հետո երիտասարդները նրան տարել են իրենց երրորդ ընկերոջ՝ Գասպարյանի ավտոտնակը:
Այս անգամ Ն.-ի բախտը բերել է: Երիտասարդները միայն օգնել են նրան, չեն օգտվել նրա անօգնական ու խոցելի վիճակից, առավոտյան էլ հանգստացած աղջկան տաքսիով ճանապարհել են տուն:
Իսկ Սամվելն ու Համեստը շարունակել են դավեր նյութել: Վերջինս լիակատար անհամեստությամբ Ն.-ի հետ զրուցել է, իմացել, թե որտեղ է նա անցկացրել գիշերը Սամվելի տնից փախչելուց հետո: Ն.-ին առաջարկել է օգնության հասած երիտասարդներից գումար շորթել՝ վախեցնելով, թե ոստիկանությունում կասի, որ նրանք իրեն բռնության են ենթարկել. Սամվելի հարվածների հետքերը տուժողի մարմնին պահպանվել էին:
Ն.-ն այս անգամ չի ենթարկվել Համեստին, հրաժարվել է նրա ձեռքին գործիք դառնալուց:
Բայց Համեստն ու Սամվելը որոշել են գործը մինչև վերջ հասցնել. բռնաբարությունը չի ստացվել, ուրեմն փորձել են գումարներ շորթել, նյութական օգուտ ստանալ:
Ապրիլի 26-ին նրանք Գասպարյանից 100 հազար դրամ են պահանջել՝ ասելով, թե գումարը չտալու դեպքում ոստիկանությունում կհայտնեն, որ նա իր ընկերների հետ բռնաբարել է Ն.-ին:
Ապրիլի 27-ին Սամվելն ու Համեստը 50 հազարական դրամ են պահանջել Ավետիսյանից ու Հակոբյանից:
Սամվելի ու Համեստի «դրամահավաքի» մասին տեղեկացել է Ն.-ն և անմիջապես ոստիկանությունում հայտարարություն տվել իր հետ իրականում կատարվածի վերաբերյալ:
Ապրիլի 28-ին Սամվել Նիկոլյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Ն.-ի նկատմամբ բռնություն է գործադրվել, նրան հարվածներ են հասցվել, ու պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Հաստատվել է նաև, որ աղջկա կուսաթաղանթը խախտված չէ:
Դատահոգեբուժական փորձաքննությամբ որոշակի մտավոր խնդիրներ են արձանագրվել Ն.-ի մոտ, սակայն մասնագետները եզրակացրել են. այդ խնդիրներն այն աստիճանի չեն, որ փորձաքննվողը չկարողանա ճիշտ ըմբռնել, ընկալել ու վերարտադրել իրականությունը, գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ չկարողանա տալ ճշմարտացի ցուցմունքներ:
Ի վերջո, նա կարողացել էր պաշտպանվել, կարողացել էր օգտվել ստեղծված հանգամանքներից, փախչել վտանգից և օգնություն խնդրել ճիշտ ժամանակին:
Ինչպես Նիկոլյանը, այնպես էլ Համեստ Ավագյանը նախաքննության և դատաքննության ժամանակ իրենց մեղավոր չճանաչեցին, տվեցին դատարանի կողմից որպես անարժանահավատ գնահատված ցուցմունքներ:
Դատարանը երկուսին էլ մեղավոր ճանաչեց նախնական համաձայնությամբ ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նիկոլյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը նկատի ունեցավ, որ նա նախկինում դատված է եղել, ազատություն է դուրս եկել 2009 թվականին, դատվածությունը մարված չէ: Նրա մասով դատարանն արձանագրեց հանցագործությունների կատարման ռեցիդիվ, հաշվի առավ նրա կատարած արարքների՝ բռնաբարության փորձի ու շորթման հանրային մեծ վտանգավորությունը, հանցանքը ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը:
Սամվել Նիկոլյանը դատապարտվեց 7 տարի, իսկ Համեստ Ավագյանը՝ 3 տարի ազատազրկման: Վերջինս կալանքի տակ չէր, ու դատարանը որոշեց, որ խափանման միջոցը կփոխվի՝ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո:
Վերաքննիչ բողոքով Համեստ Ավագյանը խնդրել է իր նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ սահմանել կամ կիրառել պայմանական դատապարտություն:
Այս գործով դատական առաջին նիստը վերաքննիչ քրեական դատարանում չի կայացել՝ պաշտպանի չներկայանալու պատճառով:

Իրաքի նախագահը հոսպիտալացվել է

18.12.12

Դեկտեմբերի 17–ի գիշերը Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին տեղափոխվել է Բաղդադի հիվանդանոցներից մեկը՝ «առողջության կտրուկ վատթարացման» պատճառով։
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին: Նախագահը դեռևս 2008թ–ին սրտի վիրահատության է ենթարկվել:
Ազգությամբ քուրդ Թալաբանին Իրաքի նախագահ է դարձել 2003թ-ին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից մի քանի տարի անց:

Դատավորը կորցրել է աշխատանքը գործընկերուհուն իր սեռական օրգանները ցուցադրելու համար

Ամերիկացի դատավոր Ուլյամ Սինգլեթերին, ով հիմնականում զբաղվում էր Ֆիլադելֆիայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, զրկվել է աշխատանքից աշխատանքի վայրում գործընկերոջը սեռական օրգանները ցուցադրելու համար: Ինչպես գրում է Huffington Post-ը, դատավորը բջջային հեռախոսի օգնությամբ լուսանկարել է իր սեռական օրգանները, ապա ցուցադրել իր հետ աշխատող կնոջը: Կնոջը կարծես լուսանկարը դուր չէր եկել, և նա դիմել էր դատարան:
«Դա պատահական սխալմունք էր: Իմ պաշտպանյալը և այդ կինը միմյանց ցույց էին տալիս իրենց հեռախոսի լուսանկարները: Նա ուղղակի անհաջող փոխել էր էջը»,-հավաստիացնում է դատավորի փաստաբան Ջոն Սամերսը: Սակայն տուժածը պնդում է, որ Սինգլեթերին մտածված է իրեն ցույց տվել լուսանկարը, ընդ որում, հարցրել է, թե դուր է գալիս վերջինիս, թե՝ ոչ: Մինչ դատական գործընթացի ավարտը դատավորն ազատվել է աշխատանքից և պատրաստվում է տեղափոխվել Ֆիլադելֆիայից կնոջ և երեխաների հետ միասին:

Ինչպես բռնաբարեց, որ կուսաթաղանթը չվնասեց

16.12.12

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դա­տարանում, դատավոր Ա. Դանիելյանի նախագահությամբ, շա­րունակվում է Գոո Կիրակոսյանի և նրա պաշտպան, ՀՀ փաստա­բանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Երեկվա դռնբաց դատական նիստը հետաձգվեց, և այն կշա­րունակվի դեկտեմբերի 21-ին: Էրեբունի և Նուբարաշեն վար­չական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դա­տավոր Վարդան Գրիգորյանի դատավճոով Գոո Կիրակոսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է անչափահաս Գ. Ցոգոլակյանին բռնաբարելու եւ նրանից 1.700 000 հազար դրամի' 120 գրամ ոսկյա զարդեր հափշտակելու համար:
Գոռ Կիրակոսյանը անչափա­հասին ծանոթացել է «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով: Ըստ գործի նյութերի, նա հրավիրել էր անչափահասին «Մարգարիտա Փենյա» ՍՊԸ հյուրանոց:
20-ամյա Գոռը հրաժարվում է, ասելով, թե ինքը մատով անգամ չի կպել նրան, որ աղջնակը իրեն հանդիպել է մի քանի ան­գամ գիշերով, և ինքն էլ նրա ակնարկներին ասել է «խելքդ գլուխդ հավաքի»:
Ուշադրության արժանի են մի քանի հանգամանքներ. ոստիկա­նության բաժնում անչափահասը բացատրություն է տվել, որ իր կամքով է տեղի ունեցել բռնաբա­րությունը: Այդ բացատրությունը նա տվել է մանկավարժի ներկա­յությամբ: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ նրա կուսաթաղանթը վնասված չի, ավելին' որևէ կապտուկ, այլ վնասվածք­ներ մարմնի վրա չեն հայտնա­բերվել:
Գոռը խոշորամարմին է, աղջ­նակը' փոքրամարմին, և ըստ պաշտպանի էլ, եթե անգամ իր պաշտպանյալը փորձ աներ նրան «կպնելու», ապա կապ­տուկ, որևէ հետք կմնար:
Գոռն ընդունում է, որ աղջնա­կից վերցրել է ոսկյա իրերը, իրեն գումար է պետք եղել, և նա որ­պես իր ծանոթի տվել է դրանք (ի դեպ, տնեցիներից թաքուն), սակայն չի ընդունում իրեն առա­ջադրված մեղադրանքը»:

Ամերիկացուն դատում են ավանակին բռնաբարելու համար

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Կարլոս Ռոմերոն հայտնվել է բանտում՝ էշ բռնաբարելու համար, սակայն Ռոմերոն վստահ է, որ նման իրավունք իրեն տալիս է ԱՄՆ Սահմանադրությունը:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Ռոմերոյին բռնացրել են այն պահին, երբ նա սեքսով էր զբաղվում էշի հետ: Երբ նա նկատել է, որ իրեն հետեւեւմ են, նա հեռացել է կենդանուց, բարձրացրել շալվարն ու հեռացել:
Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Ռոմերոն պատմել է, որ իրեն դուր է գալիս այդ զգացողությունը, երբ էշի կարճ եւ փափուկ մորթին դիպչում է իրեն, հաղորդում է THC-ը:
Սակայն, երբ գործը հասել է դատարան, էշ բռնաբարողը հայտարարել է, որ կենդանու հետ սեքսով զբաղվելու իրավունքը երաշխավորում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը: Նրանում ասվում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել ԱՄՆ քաղաքացու անձնական կյանքին, եթե խոսքը նրա սեռական հարաբերություններին է վերաբերում: Գործի քննությունը շարունակվում է: Եթե դատարանը Ռոմերոյին մեղավոր ճանաչի, նրան կսպառնա մեկ տարվա ազատազրկում:

2012 թվականի մասսայական սպանությունները

2012 թվականի ընթացքում աշխարհի մի շարք պետություններում տարբեր առիթներով գրանցվել են ահաբեկական պատահարներ, որոնք դժվարության էին տրվել որևէ տրամաբանական բացատրության:
Նման դեպքերի գրանցման հիմք են ծառայել խանդը, ատելությունն ու պարզապես խենթությունը:
Դեկտեմբերի 14: ԱՄՆ-ի Քոննեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոց, մոր հետ բանավիճելուց հետո, ներխուժել է 20-ամյա Ադամ Լենզան, ով սպանել 26 հոգու, որոնցից 20 հինգից տաս տարեկան երեխաներ. վերջում էլ գործել ինքնասպանություն:
Նոյեմբերի 7: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում դեղագործական ընկերության 30-ամյա երիտասարդ իրավաբան աշխատակից Դմիտրի Վինոգրադովն այն բանից հետո, երբ իր գործընկեր կանանցից մեկը հրաժարվել էր իր հետ հանդիպել, գրասենյակ էր մտել զենքով ու կրակ բացել ներկաների ուղղությամբ: Արդյունքում տեղում մահացել էին 5, իսկ ևս մեկը ստացած վնասվածքներից' հիվանդանոցում:
Հուլիսի 20: ԱՄՆ-ի փոքրիկ Աուրորա քաղաքի կինոթատրոնում զինված 24-ամյա Ջեյմս Հոլմսը «Բեթմեն. Սև ասպետը» ֆիլմի քաղաքային պրեմիերայի ժամանակ ներխուժել էր սրահ և գնդակահարել 12 հոգու: Կրակի արդյունքում վիրավորվել էին ևս 59 հոգի:
Ապրիլի 20: Մեքսիկական Չիուաուա քաղաքի հյուսիսում զինյալ խմբավորումները ներխուժել են բար և տեղում գնդակահարել 13 հոգու ևս չորս ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 2: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օքլանդ քաղաքի քրիստոնեական «Օյկոս» համալսարանում հարավկորեացի 43-ամյա ուսանող Վան Գոհը այն բանից հետո, երբ չէր կարողացել գտնել կրթօջախի ադմինիստրացիայի աշխատակցին իր մոտ գտնվող զենքով սպանել էր 7 հոգու ևս երեքը ստացել էին մարմնական վանսվածքներ:
Մարտի 19: Ֆրանսիական Թուլուզ քաղաքում անհայտ անձը հրեական կրթական կենտրոնում կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, որի հետևաքնով մահացել էին 4 հոգի, որոնցից երեքը' երեխաներ:
Հունվարի 23: Գվատեմալայի Վիլյա Նուևա քաղաքի դիկոտեկներից մեկում տեղի էր ունեցել փոխհրաձգություն: Անհայտ զինյալ խմբավորման ներկայացուցիչները մտել էին դիկոտել և պատանդ վերցրել այցելուներին: Ոստիկանության ժամանումից հետոս սկսված փոխհրաձգության հետևանքով մահացել էին 3 հոգի:
Հ.Գ. բազմաթիվ երկրներում տեղի ունեցած ահաբեկչություններն ու պատերազմական գործողությունների հետևանքով գրանցված զոհերը ցուցակում չեն ներառվել։

Խարկովում հայտնաբերվել են գլխատված դատավորի և նրա ընտանիքի անդամների դիերը

Խարկովում սպանվել են Ֆրանսիական շրջանի դատավորը և նրա ընտանիքի անդամները։
Իրավապահներին մոտ կանգնած աղբյուրները Интерфакс-Украина գործակալությանը հայտնել են, որ շաբաթ օրը հայտնաբերվել են դատավորի, նրա կնոջ, որդու և քաղաքացիական կնոջ գլխատված մարմինները' իրենց բնակարանում։
Մարզային դատախազության մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունը և խոստացել առաջիկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել:

Հայ մարմնավաճառների արկածները Էմիրաթներում

30.11.12

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Արմենուհի Պողոսյանի գործով դատաքննությունը շարունակվում է: Ցուցմունք է տվել ամբաստանյալ Արմենուհի Պողոսյանը:
Ըստ մեղադրանքի՝ երեք քույրեր՝ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Արմանուշ Թադևոսյանը, Արմենուհի Պողոսյանը և Հայաստանում բնակվող Հայկանուշ Հովհաննիսյանը նախնական համաձայնության գալով՝ 2007-2008 թվականներին Հայաստանից հավաքագրել էին կանանց, տեղափոխել Դուբայ և ենթարկել սեռական շահագործման:
Երեք քույրերից երկուսը՝ Արմանուշն ու Հայկանուշը, արդեն դատապարտված են ու կալանավայրում պատիժ են կրում: Արմենուհին հետախուզման մեջ է եղել, ուշ է հայտնաբերվել, դրա համար էլ նրա գործը դեռ նոր է քննվում առաջին ատյանի դատարանում: Արմենուհին ասաց, թե չի իմացել, որ հետախուզման մեջ է, և չի ընդունում հետախուզման համար կատարված ծախսերի հատուցման՝ իրեն ներկայացված պահանջը՝ 2 միլիոն 200 հազար դրամի չափով:
Այս գործով տուժած կանայք հիմնականում դատարան են ներկայացել ու տվել Արմենուհի Պողոսյանին մեղադրող ցուցմունքներ: Բացառություն եղավ նախաքննության ժամանակ Արմենուհու դեմ ցուցմունք տված, նրան մեղադրած, ապա մեկ այլ գործով դատապարտյալ դարձած ու կալանավայրում գտնվող Ասյան, որը դատարանում փորձեց իր պաշտպանության տակ առնել Արմենուհուն:
Ամբաստանյալ Արմենուհի Պողոսյանը նախապատրաստվել էր ցուցմունքին, գրավոր տեքստ էր կազմել: Նա հայտնեց, որ ԱՄԷ մեկնել է իր քույր Արմանուշի հրավերով՝ 2006 թվականի դեկտեմբերին:
3-4 ամիս ապրել է Արմանուշի հետ, ապա առանձին տուն է վարձել և ապրել Անուշ անունով աղջկա հետ՝ նրա հետ կիսելով տան վարձը և կոմունալ ծախսերը: Ինքն առևտրով է զբաղվել, առաքիչ է եղել կոսմետիկայի ինչ-որ ֆիրմայում, միևնույն ժամանակ հաճախել է դիսկոտեկներ և կաֆե-շոփեր:
Գործով անցնող տուժողներից Գեղեցիկին, նրա քույր Ալինային, Լուսինեին ու Ասյային իր տուն է ընդունել քրոջ՝ Արմանուշի խնդրանքով: «Լեզու-բերան չգիտեին, եթե չօգնեի, կարող էին փորձանքի մեջ ընկնել: Հետս տանում էի կաֆե-շոփ, հեռվից ցույց էի տալիս, թե ումից պիտի զգուշանան»:
Արմենուհու «բարձր հովանու ներքո» թվարկված կանայք անփորձանք մարմնավաճառություն են արել Դուբայում: Նրանք հենց դրա համար էլ գնացել են, կարի ֆաբրիկայում աշխատելու միտք չեն ունեցել՝ ըստ Արմենուհու: «Ի՞նչ կարի ֆաբրիկա, երբ այդ կանայք Հայաստանում էլ էին մարմնավաճառություն արել, եկել էին Դուբայ, որ լավ վաստակեն: Մեր մեջ ջերմ մթնոլորտ է եղել: Հատկապես Լուսինեն ինձ շատ էր սիրում: Զարմացած եմ, որ նախաքննության ընթացքում իմ դեմ ցուցմունք է տվել: Ինձ թվում է՝ նա ընկել է Գեղեցիկի ու նրա քրոջ ծուղակը կամ քննիչի հոգատար հովանու ներքո է ցուցմունք տվել»:
Արմենուհին ընդունեց, որ հեռախոսով անհնազանդ աղջիկներին պատժելու, նույնիսկ սպանելու վերաբերյալ «կլիպ» է ցուցադրել իր տանն ապրող կանանց: Դա չի արել նրանց սպառնալու, վախեցնելու, իրեն ու քրոջը ենթարկելու մտքով, այլ ցուցադրել է նրանց իսկ բարօրության համար. որ չընկնեն արաբ «տապոռիկների» ձեռքը:
Սկզբնական շրջանում, երբ Հայաստանից գնացած կանայք լեզու չգիտեին ու ծանոթ չէին տեղի դրամական միավորին, Արմենուհին կաֆե-շոփում նրանց համար թարգմանություն է արել, նրանց հասանելիք գումարը վերցրել հաճախորդներից ու անմիջապես տվել նրանց: Այդ ամենն արել է անհատույց, առանց որևէ շահ ունենալու:
«Ես չէի պատկերացնում, որ հանցավոր արարք եմ կատարում, կարծել եմ՝ օգնում եմ: Ես էլ նրանց նման աշխատող էի: Նրանք իրենց կամքով էին եկել, ես ուղղություն եմ ցույց տվել միայն»: Արմենուհին բացատրեց, որ «իրենց նման աշխատող էի» ասելով՝ նկատի ունի, որ ինքն էլ էր աշխատանք գտնելու համար հայրենիքը լքել ու գնացել արտերկիր: Իր միակ օգուտը եղել է այն, որ կանայք ապրել են իր վարձած տանը, իր հետ կիսել են տան վարձի և կոմունալ ծախսերի բեռը:
Գեղեցիկը Արմանուշին Դուբայում ցանկացել է բռնել տալ, որ նրա վարձած տանը անվճար ապրի մի ամբողջ տարի: Ահա թե ինչու են երեք կանայք Դուբայում ոստիկանություն գնացել: Բայց նրանց պլանը չի գործել, հենց նրանց են դեպորտ արել: Նրանք էլ վրեժից դրդված՝ որ Դուբայի նման քաղաքից իրենց վտարել են, վաստակից զրկել, սկզբում իրենից հինգհազարական դոլար են պահանջել, իսկ երբ չի ուղարկել, սկսել են մեղադրող ցուցմունք տալ իրենց դեմ:
«Եթե առաջինը նրանք են ոստիկանություն դիմել՝ չարությունից դրդված, խմբեր կազմելով, որ մարդկանց զրկեն ազատությունից ու բարոյական իրավունքներից, ուրեմն նրանց մոտ դա պիտի ստացվե՞ր: Ես քույրերիս հետ նախնական համաձայնության չեմ եկել, ոչ մեկին չեմ հավաքագրել ու չեմ շահագործել»:
Արմենուհին, իհարկե, գիտի, որ իր քույրերն արդեն դատապարտված են, նրանց վերաբերյալ դատական ակտերը ուժի մեջ են մտել, այնպես որ հայտարարեց, թե ինքը կապ չունի այն ամենի հետ, ինչով զբաղվել են քույրերը: Մեղադրողի հարցին, թե ինչո՞ւ են քույրերը մեղադրանքն ընդունել ամբողջ ծավալով, այսինքն ընդունել են, որ երեքն էլ՝ Արմենուհին նույնպես, նախնական հանցավոր համաձայնության են եկել ու կատարել մեղսագրված արարքը, ամբաստանյալը պատասխանեց. «Ես նրանց հետ չեմ շփվել, չգիտեմ, թե ինչու են ինձ ներառել»:
«Տուժողների թշնամանքի պատճառն այն է, որ ես Արմանուշի քույրն եմ, ասում էին՝ դու ես Արմանուշի գաղափարը, բայց Արմանուշը երեսունհինգ տարեկան մարդ է, ես ինչո՞ւ պիտի նրա գաղափարը լինեի: Ես նրա վրա բարկանում էի, ասում էի՝ ինչո՞ւ սրանց բերեցիր, ջանիդ կրակ սարքեցիր, գնալու են՝ մեշոկներով գրեն»:
Դուբայում Ասյայի կողմից երակները կտրելը Արմենուհին բացատրեց նրանով, որ Ասյան ոչ թե մարմնավաճառությանը չէր կարողանում վարժվել, պայմաններից ու շահագործումից էր դժգոհ, այլ թմրամոլ էր ու երակները կտրել էր, որ «լոմկայից» դուրս գա:
Արմենուհին տուժող Սուսաննային Դուբայ հասցնելու համար մոտ հինգ հարյուր դոլար էր ծախսել իր գրպանից: Ասաց, թե դա արել է Սուսաննային օգնելու համար, Սուսաննան հեռախոսով շատ է խնդրել, թե անպայման ուզում է Դուբայ գալ, ինքն էլ որոշել է օգնություն ցույց տալ: Գեղեցիկի տված մեղադրական ցուցմունքներն Արմենուհին «երևելի սուտ» անվանեց:
Արմենուհու պատմածից դուրս է գալիս, որ մարմնավաճառություն անելու նպատակով Հայաստանից Դուբայ գնացած կանանց անհատույց օգնել էր՝ հակառակ իր քույրերի շահադիտական նպատակների ու շահագործողական գործողությունների: Մինչդեռ նրանք Արմենուհու կատարած բարեգործությանը պատասխանել էին չարագործությամբ ու մեղադրող ցուցմունքներ էին տվել երեք քույրերից ամենաբարեգործի վերաբերյալ: Չգիտես ինչու՝ իրենց ավագ քույրիկին չէին խնայել նաև Արմանուշն ու Հայկանուշը՝ առաջադրված մեղադրանքն ամբողջ ծավալով ընդունելով, ասել կուզի՝ նաև Արմենուհի քույրիկի մեղքն ու իրենց նախնական հանցավոր համաձայնությունն ընդունելով:

Կուսությունից զրկել էր հորաքրոջ անչափահաս աղջկան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Արմեն Պետրոսյանի գործի դատական քննությունը:
25-ամյա Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2009 թվականի սեպտեմբերին Հրազդանի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի տակ, երկու օր սեռական հարբերություններ էր ունեցել ակնհայտորեն 16 տարին չբոլորած՝ 1995 թվականի մայիսի 6-ին ծնված Ա.-ի հետ: Այնուհետև Արմենը աղջկան ներգրավել էր հանցագործության կատարման մեջ՝ նրան դրդելով տնից գողանալ տատի 130 գրամ քաշով ոսկե զարդերը: Աղջիկը գողացել էր, ոսկեղենը տվել Արմենին, իսկ վերջինս դրա դիմաց աղջկան տվել էր 15 հազար դրամ:
Այս գործի ծանրությունը ոչ միայն վերը հիշատակված՝ արդեն իսկ ծանր հանգամանքներն են, այլև այն, որ Արմենը տուժող ճանաչված աղջկա… հորաքրոջ որդին է:
Ըստ հարազատների՝ աղջկա եղբոր, հոր ցուցմունքների՝ աղջիկը վաղ հասակից «ազատ կյանք» է արել, ինչի համար դեռ տասնհինգ տարեկանում եղբայրը նրան վռնդել է տատիկի տնից:
Աղջիկն ու իր մեծ եղբայրն ապրում են մայրական տատիկի տանը՝ առանց հոր, որը աղջկա ծնվելու տարին ամուսնալուծվել է, հեռացել, հիմա էլ ուրիշ ընտանիք ունի, բայց ապրում է այս երեխաների հարևանությամբ: Իսկ մայրը, որ նույնպես ուրիշ ընտանիք ունի, բավական հեռու է ապրում՝ Իտալիայում: Հնարավոր է, որ գումարով օգնում է իր երեխաներին, բայց նրանք ակնհայտորեն առանց ծնողական սիրո և ուշադրության են մեծացել, ինչի արդյունքում աղջիկը վաղ տարիքից փողոցային կյանքի հորձանուտն է ընկել: Բացի այդ, նրանց հարաբերություններում միմյանց նկատմամբ սեր ու հարգանք էլ չկար:
Արմենին աղջիկը մեղադրել է դեպքից բավական հետո, տատի հետ միասին: Դատարանում ցուցմունք տված հարազատները, մասնավորապես՝ աղջկա հայրը, ենթադրություն արեցին, թե տատը մեղադրում է Արմենին՝ այդ ընտանիքի նկատմամբ վրեժից ու ատելությունից դրդված: Հայրը տատութոռան մեղադրանքները «շանտաժ» անվանեց:
Աղջկա եղբայրը հայտարարեց, թե չի ուզում հավատալ, որ ներկայացված մեղադրանքները համապատասխանում են իրականությանը: Նա ասաց, թե քրոջը տատիկի տուն չի թողնում, որովհետև խայտառակվել է թաղամասում:
Հերթական դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց Արմեն Պետրոսյանը: Նա ասաց, թե տուժողը՝ իր քեռու աղջիկը, ամեն բան հորինել է և ստում է: Ինքը չի կատարել մեղսագրված արարքներից ոչ մեկը: Հետևաբար՝ իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս դատական նիստին տուժողը ներկայացավ դատարանի կողմից հեռախոսազանգով զգուշացվելուց հետո՝ ուշացումով: Նա նորից լավ տրամադրություն ուներ, բարձրաձայն ծիծաղում էր, դիտողություններ անում:
Աղջիկը, չնայած տասնյոթամյա անչափահաս է, բայց հասցրել է մեկնել Թուրքիա, որտեղ անվանվել է Եվա և «ազատ կյանք» է վարել:
Տատի ոսկեղենը գողանալու համար աղջիկը դատվել է արդեն, նրա նկատմամբ համաներում է կիրառվել: Ընդ որում՝ այդ գործի քննության ընթացքում աղջիկը չի շեշտել Արմենի դրդչական դերը:
Այս գործի քննության ժամանակ աղջիկը դիմում է գրել քննիչին ու դատախազին և հայտնել, թե ոսկեղենը գողացել է ինքը, քանի որ իրեն տատի տնից դուրս էին արել, փող էր հարկավոր տուն վարձելու համար, դրա համար էլ տարել էր ոսկեղենը ու վաճառել:
Այս դիմումները դատարանը հրապարակեց ու հետազոտեց պաշտպանական կողմի միջնորդությամբ:
Նախաքննության հետագա ընթացքում և դատարանում տված ցուցմունքներով աղջիկը դարձյալ մեղադրեց Արմենին, նրան նայելով՝ պնդեց առաջադրված մեղադրանքները:
Դատարանը հետազոտեց նաև գործում առկա մյուս ապացույցները:
Մոտենում է դատական վիճաբանությունների փուլը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.