Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Վերլուծություն. Show all posts
Showing posts with label Վերլուծություն. Show all posts

Իմ ընկերը լինելու համար մարդը պետք է նախևառաջ բարի լինի

27.2.13

Ընդհանրապես ընկերները տարբեր տեսակի են լինում։ Կյանքում հաճախ այնպես է ստացվում, որ ոչ միայն մենք ենք ընտրում ընկերներին, այլև մեզ են ընտրում։ Իսկ որոշ դեպքերում պարզապես իրավիճակն է ամեն ինչ որոշում։ Օրինակ, մանկության ընկերներին չեն ընտրում, ու հաճախ մարդիկ պահպանում են նրանց հետ հարաբերությունները երկար տարիներ՝ անկախ իրենց միջև հետագայում զանազան հանգամանքների բերումով առաջացած տարբերություններից։ Նման դեպքերում միասին անցկացրած մանկության հիշողություններն այնքան շատ են լինում, որ հաճախ այդքանն էլ բավական է լինում ընկերությունը շարունակելու համար, չնայած հաճախ ակնհայտ է լինում, որ տվյալ մարդիկ իրենց հետաքրքրություններով, հայացքներով ու մտածելակերպով արդեն բավականին հեռացել են միմյանցից:
Ինչ վերաբերում է արդեն քիչ թե շատ հասուն տարիքում ձեռք բերած ընկերներին, ապա վերջիններիս դեպքում շատ բան այլ է։ Քանի՜-քանի՜ ընկեր-ընկերուհիներ ենք ունեցել դպրոցական տարիքում, որոնց հետքն էլ չի մնացել այսօր։ Հաճախ իրարից անբաժան, այսպես ասած՝ «քիփ» ընկերուհիները դպրոցն ավարտելուն պես բառիս բուն իմաստով մոռանում են միմյանց գոյության մասին։ Ինչու՞։ Որովհետև դպրոցն ավարտելուց հետո հանկարծ պարզվում է, որ նրանց կապող միակ բանը դպրոցն էր։ Սա դպրոցական «ընկերության» տիպիկ օրինակ է, որը սակայն, նույն հաջողությամբ կարող է լինել նաև ավելի հասուն տարիքում՝ համապատասխանաբար բուհում կամ աշխատավայրում։ Նման դեպքերում մարդիկ չեն էլ իմանում, թե ինչու են ընկերություն անում այս կամ այն մարդու հետ, պարզապես այդպես է ստացվել, հանգամանքների բերումով։
Իմ ընկերը լինելու համար մարդը պետք է նախևառաջ բարի լինի, ազնիվ ու անշահախնդիր։ Պետք է հնարավորինս շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենանք, մարդը պետք է նաև հումորի զգացումից զուրկ չլինի, սահմանափակ չլինի, որպեսզի կարողանամ նրա հետ զրուցել տարբեր թեմաներով: Հետևաբար, կարելի է ասել, ցանկացած հետաքրքիր, բարի ու ազնիվ մարդ իմ պոտենցիալ ընկերն է։ Հոգեբանական մտերմիկ զրույցներն իմ կյանքում զգալի նշանակություն ունեն, ուստի ես չեմ կարող ընկեր համարել այն մարդկանց, որոնց հետ իմ շփումը սահմանափակվում է զուտ գործնական հարաբերություններով։ Դժբախտաբար, մարդիկ հաճախ են նման հարաբերությունները շփոթում ընկերության հետ:
Իսկ ինչ վերաբերում է այն ժամանակին, որն անհրաժեշտ է մարդուն ընկերդ համարելու կամ չհամարելու համար, ապա, կարծում եմ, դա էական չէ։ Երբեմն մարդու հետ ընդամենը մի հանդիպումն էլ բավական է լինում, որ նրան ընկերդ համարես։ Չեմ ասում, թե դա օրինաչափություն է, բայց այդպես էլ է պատահում։ 
Ընդհանրապես ինձ միշտ գրավում են ոչ ստանդարտ՝ ամբոխից տարբերվող մարդիկ, բայց նրանց միջից ես որպես ընկեր կուզենայի տեսնել նրանց, ովքեր հետաքրքիր լինելուց բացի, նաև լավ մարդ են:

Միապետություն ենք հիմա

Համաձայն նրա, որ Հայաստանը կոչված է Հանրապետություն, ըստ այդմ երկրի նախագահ պետք է ընտրվի ժողովրդի ընտրյալը, այսինքն այն մարդը, որին կնտրի ժողովուրդը, բայց ներկայիս իրավիճակը վերլուծելով գալիս եմ եզրահանգման, որ հեչ էլ Հանրապետություն չենք, կոպիտ ասած Միապետություն ենք հիմա, այսինքն իշխանությունը փոխանցվում է էլի կոպիտ ասած "ժառանգաբար", այսինքն նախկին նախագան, ինքն է որոշում, նորից վերընտրվի թե չէ, կամ թե ով պիտի փոխարինի իրեն...բա էսքան խոսում ենք ընտրակեղծիքներից և ընտրախախտումներից, է ինչի լուրջ չենք վերաբերվում...բոլորը, բացի ներկայիս իշխանավորներից, արծարծում են այս թեման, բայց մենակ ասելով չի է, եթե իրոք վստահ եք, որ նման բան կա, բա ուր մնաց Ձեր թասիբը? հելեք գնացեք Ձեր քվեին տեր կանգնեք, բոյկոտեք ու ամենակարևորը էն ա, որ ազգովի պիտի գլուխ բարձրացնենք, այլ ոչ թե ինչ-որ մի ստվար ակտիվ զանգված...նստած տներում, բողոքում բողոքում եք...ժամանակն է գլուխ բարձրացնել էս անարդարությունների դեմ, եթե ոչ, ուրեմն սուսուփուս նստեք տեղներդ...էս երկրին վախկոտ 'դուխովներ' պետք չեն ու քանի էտ հոգեբանությունը մեջներիցդ չեք հանել, միշտ էլ ականատես եք լինելու անարդարությանը.

Նախորդ իշխանությունների սխալները

5.2.13

Ավելի շուտ կասեի՝ նախորդ իշխանության հանցագործությունները…
Մի քանիսը թվարկեմ.
ՀՅԴ փակումը և որ ամենակարևորը՝ ՀՅԴ թերթերի թալանը, ամբողջ գրականության ոչնչացումը:
Մութ ու խավար տարիները, երբ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ է, որ էներգետիկ ճգնաժամ չկար: Ծառ կտրող և իր սեփական հայրենիքը թալանող սերնդի դաստիարակումը: 
Արտագաղթը, որ հենց այդ պատճառով էր, մարդկանց ուղղակի դրդեցին, որ հեռանան: 
Տնտեսության քայքայումը, արդյունաբերական հիմնարկների համատարած ու անխնա թալանն ու վաճառքը: 
Անառողջ ու հիվանդ սերունդը, որ մթի ու ցրտի պատճառով ծնվում էին անոմալիաներով երեխաներ: 
Եռամսյա հավաքները, երբ հենց ավտոբուսից փախցնում, տանում էին ճակատ, առանց մարզելու և միանգամից թշնամու գնդակի տակ: 
Քաղաքական սպանություններն ու ընտրակեղծիքները: 
1996 -թվականի խայտառակ ընտրությունները, որից հետո երկրի ողնաշարը կոտրվեց: 
Լևոն Տեր-Պետրոսյանի անսկզբունքայնությունը, երբ դաշտային գեներալիտետին բերեց Երևան (քաղաքականություն): 
"ԱրմենՏելի" վաճառքը և Հայաստանի տեղեկատվական շրջափակումը, որի պատճառով այսօր գավառական հասարակություն է ձևավորված: 
Ես ժողովրդի սխալների մասին էլ կասեմ: Այս ժողովրդին իր այսօրվա վիճակը քիչ է, որովհետև այս ժողովուրդը հիշողություն չունի: Այն նույն մարդիկ, ովքեր բյուջեն էին թալանում, սոված ժողովրդին եկող օգնությունն էին թալանում, վաուչերներն էին բանվորներից թալանում, հսկա արտադրական գիգանտներ էին թալանում, այժմ իրենց սրբի տեղ դրած՝ գոռում են, որ հարկերը չե՞ն մուծվում, ու ժողովուրդը հիացած գլխով է անում: Այն նույն մարդիկ, ովքեր իրենց խանգարողներին օգնում էին, որ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով կյանքից հեռանա (մի քանի աղմկոտ դեպքերում հենց այս ձևակերպումն է տրվել, երևի հիշողներ կլինեն), այժմ իրենց ‘’թույն’’ հումանիստների տեղ դրած` բանտարկությունների դեմ են բողոքում, ու ժողովուրդը հիացած գլխով է անում: Մի խոսքով կուսակցություններ փակելուց մինչև ամենացինիկ կեղծիքները իրականացնողները, հիմա հանկարծ արդարության ծարավ են դարձել: Այնպես որ հիշողություն չունեցող ժողովուրդը, երբեք նորմալ պետություն չի ունենա: Այս Ժողովրդի միակ ազգային հուշը եղեռնն է, էլ ի՞նչ եք ուզում:

Նժդեհյան գաղափարախոսությունը մեր ժողովրդի բոլոր զավակների համար է

10.1.13

Նժդեհյան գաղափարախոսությունը ոչ մի կուսակցության, այդ թվում նաև ՀՀԿ-ի մենաշնորհը չէ, այն մեր ժողովրդի բոլոր զավակների համար է:
Վերջերս մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսության վերաբերյլ: Ցավալի է այն փաստը, որ որոշ մարդիկ Նժդեհի գաղափարախոսությունը փորձում են կապել մի քանի չինովնիկի վարքի հետ: Այնինչ մոռանում են ամենակարևորը. Նժդեհի գաղափարախոսությունը ընդհանուր առմամբ արդիական է և զորավարի արտահայտած մտքերը բանակի, մամուլի և հասարակական կայնքի տարբեր ոլորտների մասին չեն կորցրել իրենց կարևորությունը, այլ հարց է, որ մենք այդպես էլ չկարողացանք դասեր քաղել մեր սխալներից: Նժդեհի գաղափարները արատավորել ցանկացող մարդկանց որպես պատմաբան խորհուրդ եմ տալիս հասկանալ, որ Նժդեհյան գաղափարախոսությունը ոչ մի կուսակցության, այդ թվում նաև ՀՀԿ-ի մենաշնորհը չէ, այն մեր ժողովրդի բոլոր զավակների համար է, անկախ այն հանգամանքից, թե նարնք ապրում են ՀՀ-ում, թե սփյուռքում:

Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան մտերմությունը՝ սպորտի «կուսության» պահապա՞ն

26.12.12

Ինչո՞ւ Վերահսկիչ պալատը մինչ օրս ստուգումներ չի իրականացրել սպորտի ոլորտում. այս հարցը Սպորտի և երիտասարդության նախարարությունում հաստատված անառողջ մթնոլորտով մտահոգ շատերին է հուզում: Մեր հարցմանն ի պատասխան՝ Վերահսկիչ պալատից հայտնեցին, թե ստուգումներ իրականացվել են, և որ ՎՊ-ն այս նախարարությունը ստուգել է 2009-ին:
Բացում ենք 2009թ. ՎՊ հաշվետվության համապատասխան բաժինը. պատկերն ավելի քան հետաքրքիր է: Սպորտի և երիտասարդության նախարարության անվան տակ ստուգումներ են իրականացվել միայն «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում և «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամում, այսինքն՝ այնտեղ, որտեղ ՀՀԿ-ականներն են՝ Արսեն Քարամյան, Արմեն Սինանյան, երկուսն էլ՝ նախագահականին առնչություն ունեցողներ:
Սպորտը Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի բնագավառ է, և այնտեղ անգամ Վերահսկիչ պալատը իրավունք չունի մուտք գործել: Վերահսկիչ պալատի մամուլի պատասխանատու Աննա Վարդանյանն ասում է, թե իրենք չեն որոշում՝ որտեղ ստուգել, որտեղ՝ ոչ, Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը կազմում է Ազգային ժողովը: «Վերահսկիչ պալատը ստուգում է ըստ անհրաժեշտության, եթե նման անհրաժեշտություն կա, ստուգում ենք». սա պաշտոնական պատասխանն է:
Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունում մի առանձին ոլորտի անձեռնմխելիության ստատուս շնորհողը ոչ թե Վերահսկիչ պալատն է, որի ղեկավարը ինչ-ինչ հարաբերությունների մեջ է ոլորտը «նայողի» հետ և հենց այդ հարաբերությունների դինամիկայից ելնելով էլ ստուգումների տատանումներ է գրանցում, այլ՝ Ազգային ժողո՞վը (սա, իհարկե, եթե ՎՊ պաշտոնական պատասխանը «հալած յուղի» տեղ ենք ընդունում, սակայն իրականում ՎՊ-ն ինքն է կազմում իր տարեկան ծրագիրը, ներկայացնում Ազգային ժողովին, որտեղ այն քննարկվում է, ինչի ընթացքում, հնարավոր է, լինեն առաջարկություններ, բայց հիմնականում գործն ավարտվում է ընդամենը ներկայացվածին հավանություն տալով): Մեղավորը, ըստ ՎՊ-ի, փաստորեն, մեր օրենսդիրներն են, որ իրենց անգիտության, անտարբերության ու մի շարք այլ «ան»-երի պատճառով թույլ են տվել, որ սպորտի ասպարեզը մի տեսակ պետությունից անկախ, ինքն իրենով հիացած ու ինքնավստահ վիճակում շարունակի յուր գոյությունը, իսկ ոլորտի ղեկավարները, օգտվելով նման բացառիկ կարգավիճակից, իրենք իրենց է՛լ ավելի բացառիկների տեղ դնեն ու հաստատված բարքերը կատարելագործեն:
Թե ինչ փողեր են պտտվում այստեղ, ինչ գումարներ են կորչում այդ պտույտների ընթացքում և, որ ավելի հետաքրքիր է, ովքեր են կանգնած այդ պտույտների գլխին, և ում գրպանն է հոսում դրանց հիմնական մասնաբաժինը, այդպես էլ այս տարիների ընթացքում որևէ մեկը չի էլ փորձել պարզել: Հետաքրքրվելը տաբու է, խոսելը՝ տաբու, գործնական քայլեր ձեռնարկելը՝ հղի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով: Իսկ այդ ընթացքում մարզիկները, մարզիչները, սպորտի բազմաթիվ նվիրյալներ շարունակում են մնալ իրենց ներշնչած համոզման մեջ, թե սպորտին փող չի հատկացվում, իսկ եզակի հատկացումները պետության հետ կապ չունեն:
Ի՞նչն է պատճառը, որ Իշխան Զաքարյանը՝ այն նույն Իշխան Զաքարյանը, որ 2000-2004թթ. ղեկավարում էր Օլիմպիական կոմիտեն, այսինքն՝ մարդ, ով ավելի քան քաջատեղյակ է ոլորտից, ով ավելի քան լավ է տիրապետում ներքին խոհանոցին, ոլորտը վերահսկողների մախինացիոն հնարավորություններին, դրանց նպաստող սողանցքերի տեղերն ավելի քան լավ գիտի, չի համարձակվում մոտենալ սպորտին, ստուգել և տեսնել, թե պետբյուջեի գումարների գոնե 10 տոկոսը հասնո՞ւմ է մարզիկներին, թե՞ դա էլ է յուրացվում:
ՎՊ նախագահը սիրում է հաճախակի մի ֆիկտիվ նախադասություն կրկնել. «Թող ոչ ոք չփորձի Վերահսկիչ պալատը տանել սուբյեկտիվ դաշտ, դա չի լինելու»: Երբ Վերահսկիչը ստուգումներ իրականացրեց Արարատի մարզում, այդպես էլ որևէ լուրջ խախտում չգրանցվեց Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հաշվեկշռում, այն դեպքում, երբ հենց նույն ժամանակահատվածում մամուլը ողողված էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այս դրածոյի բազմաթիվ չարաշահումների բացահայտումներով: Ինչո՞ւ. որովհետև Իշխան Զաքարյան-Աբրահամ Բաբայան (Աբրիկ) մտերմությունը գալիս է դեռ այն ժամանակներից, երբ Զաքարյանը գլխավորում էր Օլիմպիական կոմիտեն և Բաբայանի գլխավորած «Այգ» մարզաբազայով փողեր էր, որ ֆռռացնում էր: Ֆռռացվող փողերի գիտակ ՎՊ նախագահը չտեսնելու տվեց իր երբեմնի պարտնյորի մախինացիաները ճիշտ այնպես, ինչպես արդեն որերորդ տարին շրջանցում է սպորտի ոլորտը:
2009-ի ՎՊ ստուգումը, ամենայն հավանականությամբ, ընդամենը նախազգուշական քայլ էր. այդ ժամանակ շրջանառվող լուրերի համաձայն՝ բավական լարված էին Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները: Ծառուկյանն, ասում էին, կատաղած էր իր երբեմնի պատգամավորի վրա այն բանի համար, որ նա, անտեսելով իր շնորհիվ ԲՀԿ ցուցակով պատգամավոր, հետո էլ ԱԺ փոխնախագահ դառնալու, հետո էլ ՎՊ նախագահ ընտրվելու փաստը, համարձակվում էր ԲՀԿ-ին հանձնված ոլորտներում ստուգումներ իրականացնել և ինչ-ինչ չարաշահումներ հայտնաբերել: Երբեմնի ղեկավարին կողմնակի ոլորտներով բարկացնելով հանդերձ՝ ՎՊ նախագահն, այնուամենայնիվ, չէր մոտենում Ծառուկյանի հիմնական ոլորտին՝ սպորտին: Ըստ երևույթին, հիշյալ լոյալությունն էր, որ ի վերջո գնահատվեց Ծառուկյանի կողմից՝ Իշխան Զաքարյանին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի աթոռի հանձնման ձևով: 2011թ. հուլիսից Ծառուկյան-Զաքարյան մտերմությունն այլևս վերականգնված էր և, բնական էր, որ Սպորտի և երիտասարդության նախարարության «կուսությանն» այլևս վտանգ սպառնալ չէր կարող:
Մեր տեղեկություններով՝ որպես Իշխան Զաքարյանի նվիրվածության առհավատչյա՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունում նրան կաբինետ է հատկացված, որը, սակայն, չի գործածվում, փակ է, բայց սրբորեն պահպանվում է: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՎՊ խոսնակն այս փաստը ժխտեց՝ հայտնելով, թե իրենց ընդամենը անցյալ տարի Համահայկական խաղերի կազմակերպման ժամանակ են հազիվ երկու կաբինետ տվել, և որ ինքն էլ ստիպված, տեղ չլինելու պատճառով աշխատում էր նախարարի մամուլի քարտուղարի կաբինետում: Ի տարբերություն 2009թ. ՎՊ՝ ձեռքի տակ եղած հաշվետվության, որտեղ առկա փաստերը միանգամայն այլ բան էին ապացուցում՝ այս պահին զաքարյանական VIP կաբինետի հաշվով առանձապես իրեղեն ապացույց չկա, և ասել անհնար է, թե պաշտոնական այս պատասխանն իրականում ի՛նչ արժե, սակայն սա այս պահին այդքան էլ էական չէ:
Իսկ էականը սպորտի ասպարեզի ներկա ողորմելի վիճակն է. բավական է հետաքրքրվել շարքային մարզիկներով, ենթակառուցվածքներով, ամեն ինչ պարզ կլինի, սակայն սա շատ ավելի տարողունակ և հետագա հրապարակումների ենթակա նյութ է:
Թե ինչ չարաշահումներ են թույլ տվել Սպորտի և երիտասարդության նախարարներից յուրաքանչյուրն այս տարիների ընթացքում, կարող է պարզել միայն այն մարմինը, որը կոչված է դրան: Թե ինչ խախտումներ, յուրացումներ և համանման այլ ապօրինություններ է թույլ տալիս ներկա՝ ինքն իրեն արդեն կիսաստված երևակայող և առյուծային հավակնություններ դրսևորող ներկա նախարարը, ավելի քան հետաքրքիր տեղեկություններ կարող է հաղորդել դարձյալ նույն Վերահսկիչ պալատը: Ընդ որում, մեր կողմից հավելենք, որ այդ տեղեկություններին ավելի քան անհամբեր սպասում են հենց սպորտի շատ ու շատ նվիրյալներ, սպորտով մտահոգ շատ ու շատ պարկեշտ հայեր, որոնց համբերության բաժակն, ի դեպ, արդեն լցվում է:
Թե ինչի՞ց է այդքան վախենում Իշխան Զաքարյանը, որ չի համարձակվում անգամ մոտ գնալ սպորտին, ասել անհնար է: Իհարկե, հասկանալի է, որ Զաքարյանն ինքն էլ վախենալու շատ բաներ կունենա (բավական է բացել «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ՎՊ նախկին մամուլի խոսնակ Կարմեն Դավթյանին աշխատանքից ազատելու հենց հաջորդ օրվա համարը և կարդալ Ծաղկաձորի Մարզաբազան սեփականացնելու զաքարյանական պատումը, ամեն ինչ պարզ կլինի), բայց այդ ամենով հանդերձ, դժվար է հավատալ, որ դրանք այնպիսի բաներ են, որ Զաքարյանին լրիվ փակուղու առաջ են կանգնեցրել՝ ստիպելով գնալ Վերահսկիչ պալատի անաչառության վրա ստվեր գցող վերապահումների: Հատկապես, որ դեռ տարիներ առաջ խոսվում էր այն մասին, թե Զաքարյանն ավելի քան հարուստ «թղթապանակ» ունի Ծառուկյանի հետ կապված, և որ սրբորեն պահում է այդ թղթապանակն այն «սև օրվա» համար, երբ հանկարծ ու Օլիմպիական կոմիտեի ղեկավարը որոշի իրեն «փուռը տալ»:

Սերժ Սարգսյանի հույսը Լեւոն Տեր-Պետրոսյանն է

16.12.12

«Հասարակությունը հաճախ է ներում հանցագործին, բայց ոչ երազողին». Օսկար Ուայլդ:
ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը կանգնել է դժվարին և ճակատագրական հարցի առաջ՝ ի՞նչ անել: Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի' 2011 թ. նոյեմբերի 25-ին հանրությանը ներկայացրած «քաղաքագիտական վերլուծությունը», որը հետագայում դարձավ ՀԱԿ-ի մարտավարության և ռազմավարության հիմքը, այլևս տապալված է: Այժմ ՀԱԿ-ի այն հատվածը, որն ակտիվորեն լոբինգ էր անում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքով Սերժ Սարգսյանին տապալելու քաղաքականությունը, հայտնվել է բավականին տհաճ և անհարմար իրավիճակում: Ուստի այս փուլում պետք է ինչ-որ կերպ արդարացնեն կամ բացատրեն իրենց կողմից որդեգրած անպտուղ քաղաքականության արդյունքները: Բնականաբար, ՀԱԿ-ի քաղխորհուրդը այս պարագայում չի կարող Գագիկ Ծառուկյանին մեղադրել ԱԽՔության մեջ և հայտարարել, որ նա ծախվեց Սերժ Սարգսյանին: Այդ պարագայում կարող են ՀԱԿ-ին հիշեցնել, որ շատ-շատերը ժամանակին զգուշացնում էին, որ Գագիկ Ծառուկյանը բոլորովին էլ այն ֆիգուրը չէ, որն առճակատման կգնա իշխանության հետ, և նա բոլորովին էլ այլընտրանք չէ Սերժ Սարգսյանին: Մեղմ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացվել էր, որ երազելը ամենևին էլ քաղաքական, առավել ևս քաղաքագիտական կատեգորիա չէ:
ՀԱԿ-ի ղեկավար կազմին մնում է միայն ամեն գնով արդարացնել և դրական երանգներ գտնել ԲՀԿ-ի քաղխորհրդի դեկտեմբերի 12-ի որոշման մեջ: Ավելին, ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներն ամեն գնով փորձ են անում Բարգավաճ Հայաստանի վրա կարել ընդդիմադիր կուսակցության իմիջը: Օրինակ, ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է' ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել Հանրապետականի հետ կնքած հուշագիրը, և դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Թե իշխանական բուրգից «մեծ հատված» պոկելուց Հայաստանում ի՞նչ փոխվեց, ինչու՞մ էր կայանում Հայաստանի քաղաքացիների շահը, և ի՞նչքանով դժվարացավ Սերժ Սարգսյանի վերարտադրության գործընթացը,այդ մասին Արման Մուսինյանը համեստորեն լռում է: Փաստացի Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» և դրա տապալման արդյունքում քաղաքական դաշտը հիմնահատակ ամայացավ, իսկ այդ ամայության մեջ Սերժ Սարգսյանը բավականին վստահ երկրորդ անգամ ճանապարհ է հարթում դեպի Բաղրամյան 26, սակայն ՀԱԿ-ը շարունակում է դրական գնահատել ստեղծված քաղաքական իրավիճակը և սեփական քայլերը: Ավելին, արդեն ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներից նույնիսկ դրական են գնահատում այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է որևէ թեկնածուի չսատարել, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին չսատարելու հանգամանքը ներկայացվում է որպես «քաղաքագիտական վերլուծության» ձեռքբերում:
Նման գնահատականներն ու գործելաոճը ոչ թե ռեալպոլիտիկ է, այլ քաղաքական ձեռնաշարժություն, ինչով փորձ է արվում ՀԱԿ-ի համապատասխան հատվածի, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքը փրկելու: Սակայն այս ամբողջ գործընթացի մեջ բացակայում է հասարակական և պետական շահի գիտակցումը, որը պետք է լինի յուրաքանչյուր՝ իրեն որպես ժողովրդի շահերը սպասարկող ուժ ներկայացնող քաղաքական կուսակցության գործողությունների հիմքում:
Հիմա այս ամբողջի համատեքստում քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Այս հարցադրումը ներկայիս քաղաքական իրավիճակում պարզապես ակտուալ չէ: Եթե անգամ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ մասնակցի, ապա ակնհայտ է, որ էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների ելքի վրա: Համաժողովրդական շարժման, այնուհետև ՀԱԿ-ի ռեսուրսը եղել է հանրային աջակցությունը և քաղաքական թիմը: Թե՛ մեկից, թե՛ մյուսից ներկայումս ՀԱԿ-ը մեծ հաշվով զրկված է: Այս երկու գործոնին գումարվում է նաև ՀԱԿ-ում տիրող ֆինանսական ճգնաժամը: Նախագահական ընտրություններին մասնակցությունը ենթադրում է պատկառելի ֆինանսական ծախսեր, իսկ այդ ֆինանսական հոսքերը հիմնականում ստացվում են գործարար շրջանակներից: Եթե 2008թ. կային Խաչատուր Սուքիասյանը և մի շարք այլ գործարարներ, որոնք հավատում էին համաժողովրդական շարժման հաղթանակին, ապա այսօր նույն այդ գործարար շրջանակները ցանկություն չունեն ֆինանսավորել ՀԱԿ-ի քաղաքական գործունեությունը: Իշխանության ֆինանսական, մարդկային և վարչական ռեսուրսին ՀԱԿ-ը այսօր որևէ ռեսուրս չունի հակադրելու, բացի սուր քննադատությունից:
Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը միտված է լինելու բավարարել իր փոքրաթիվ թիմի և նրան հավատացող հասարակության ոչ ստվար հատվածի ցանկությունները: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը բխում է հենց Սերժ Սարգսյանի շահերից: Գործող նախագահին այս քաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտ է լեգիտիմացնել նախագահական ընտրությունները և իր «հաղթանակը»: Այդ հարցում ՀՀԿ առաջնորդին լավագույնս կարող է օգնել տիտղոսային ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: 2013թ. նախագահական ընտրություններում վերջնականապես «ջախջախելով» առաջին նախագահին և հետևաբար ՀԱԿ-ի մնացորդներին՝ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ քաղաքական դաշտում և միջազգային հանրության աչքերում «լեգիտիմ» նախագահ:
Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական մրցապայքարի մղողները կամա թե ակամա «լեգիտիմացնում» են Սերժ Սարգսյանի «ջախջախիչ հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ:

Ուեյն Մերրի. Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարաններին փոխանցելը մեծ սխալ էր

30.11.12

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին կարող են օգնել երկու երկրներում միմյանց շահերը ներկայացնող սեկցիաների բացումը: Նման տեսակետ է հայտնել Եվրոպայում եւ Եվրասիայում արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի ավագ վերլուծաբան Ուեյն Մերրին՝ Երեւանում տեղի ունեցած «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկան» կոնֆերանսի ժամանակ:
«Կցանկանայի ընդգծել, որ դիվանագիտական հարաբերությունները նվեր կամ պատիվ չէ, որը պետք է կողմերից մեկը հատկացնի մյուսին: Դա միջպետական փոխհարաբերությունների նորմալ միջոց է»,-ասել է Մերրին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկման ժամանակ:
Նրա կարծիքով, այս պահին տվյալ հարցի լավագույն լուծումը կարող է լինել Հայաստանում գործող դեսպանատներից մեկոււմ Թուրքիայի շահերի ներկայացման բաժանմունք բացելը, եւ հակառակը՝ Անկարայում Հայաստանի շահերը ներկայացնող սեկցիա բացելը: Սկզբի համար դա կարելի է անել երրորդ երկրներում, օրինակ Վրաստանում: «Նմանատիկ գաղափար ժամանակին առաջ է քաշել իմ դիվանագետ գործընկեր, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը»,-հավելել է Մերրին, ու հավելել. «Այդ դեպքում դուք, հավանական է, կհարցնեք ինձ. «Իսկ ինչու ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Կուբայի հետ»: Ես էլ կպատասխանեմ, որ մենք էլ նույնպիսի «փսիխոզներ» ունենք, որոնք կան Հարավային Կովկասում: Հավանայում ԱՄՆ դեսպանատուն չկա, բայց կան ԱՄՆ շահերը ներկայացնող սեկցիաներ, որոնք շատ նման են դեսպանատան»:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ճանապարհին միակ սխալն, ըստ Մերրիի, այդ արձնագրությունների փոխանցումն էր երկու երկրների խորհրդարաններին: Դա ձախողեց գաղափարը: «Արտաքին քաղաքականությունը պետք է իրականացնեն ԱԳՆ-ները, իսկ գլխավոր նպատակը առկա խնդիրները լուծելն է»,-պարզաբանել է փորձագետը, հավելելով. «Անհրաժեշտ է խոստովանել, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ առավել շահագրգռված է Հայաստանը, որը ելք չունի դեպի ծով եւ համեմատաբար աղքատ է ռեսուրսներով:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.