Թուք ու Մուր :

Գերմանիայում քաղաքական գործիչները վիճել են Աստծո սեռի պատճառով

22.12.12

Գերմանիայում քաղաքական գործիչները վիճել են այն պատճառով, թե ինչ սեռի պետք է լինի «Աստված» բառը,- հաղորդում է Spiegel-ը: Վեճի առիթ է հանդիսացել ընտանիքի և կանանց գործերով նախարար Քրիստին Շրյոդերի տված հարցազրույցը, որում նա ասել է, թե «Աստված» բառը կարող է լինել ինչպես արական, այնպես էլ չեզոք սեռի:
Քրիստենեա-դեմոկրատական դաշինքի և Քրիստոնեա-սոցիալական միության քաղաքական գործիչների մեծ մասին բարկացրել է սուրբ թեմաների առնչությամբ գերմաներենի քերականության նման մեկնաբանությունը: Քրիստոնեա-սոցիալական միության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Աստված ընկալվում է որպես Քրիստոսի հայր, հետևաբար չի կարող լինել չեզոք սեռի:
Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մյուլերը Շրյոդերի հայտարարությունն անվանել է անտեղի նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այն արվել է Սուրբ ծննդի նախաշեմին:
Տեղի քաղաքական գործիչ Կլաուս-Փեթեր Վիլշը քննադատողներին հիշեցրել է, որ գերմաներենում նորածին Հիսուսը չեզոք սեռի է:
Շրյոդերը մեկնաբանել է, որ հրացազրույցում իրեն հարցրել են, թե ինքն ինչպես է իր երեխային բացատրում՝ ինչ սեռի պետք է լինի «Աստված»: Պատասխանելու ժամանակ նա մտածել է իր դստեր, ոչ թե նրանց մասին, որոնք հետո կդատապարտեն իր դատողությունները:
Բավարիայի նախկին վարչապետ, ավետարանական եկեղեցու սինոդի փոխնախագահ Գյունտեր Բեկշտայնը հավաստիացրել է, որ աստվածաբանության տեսանկյունից Շրյոդերն իրավացի է. Աստված իրականում վեր է սեռերից: Նա հավելել է, որ հուզական տեսանկյունից իր համար նման մեկնաբանությունն անընդունելի է, քանի որ իր համար կարևոր է Աստծուն ընկալել որպես Հիսուսի հայր, իսկ Մարիամին՝ նրա մայր:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.