Թուք ու Մուր :

Կուսությունից զրկել էր հորաքրոջ անչափահաս աղջկան

30.11.12

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Արմեն Պետրոսյանի գործի դատական քննությունը:
25-ամյա Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2009 թվականի սեպտեմբերին Հրազդանի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի տակ, երկու օր սեռական հարբերություններ էր ունեցել ակնհայտորեն 16 տարին չբոլորած՝ 1995 թվականի մայիսի 6-ին ծնված Ա.-ի հետ: Այնուհետև Արմենը աղջկան ներգրավել էր հանցագործության կատարման մեջ՝ նրան դրդելով տնից գողանալ տատի 130 գրամ քաշով ոսկե զարդերը: Աղջիկը գողացել էր, ոսկեղենը տվել Արմենին, իսկ վերջինս դրա դիմաց աղջկան տվել էր 15 հազար դրամ:
Այս գործի ծանրությունը ոչ միայն վերը հիշատակված՝ արդեն իսկ ծանր հանգամանքներն են, այլև այն, որ Արմենը տուժող ճանաչված աղջկա… հորաքրոջ որդին է:
Ըստ հարազատների՝ աղջկա եղբոր, հոր ցուցմունքների՝ աղջիկը վաղ հասակից «ազատ կյանք» է արել, ինչի համար դեռ տասնհինգ տարեկանում եղբայրը նրան վռնդել է տատիկի տնից:
Աղջիկն ու իր մեծ եղբայրն ապրում են մայրական տատիկի տանը՝ առանց հոր, որը աղջկա ծնվելու տարին ամուսնալուծվել է, հեռացել, հիմա էլ ուրիշ ընտանիք ունի, բայց ապրում է այս երեխաների հարևանությամբ: Իսկ մայրը, որ նույնպես ուրիշ ընտանիք ունի, բավական հեռու է ապրում՝ Իտալիայում: Հնարավոր է, որ գումարով օգնում է իր երեխաներին, բայց նրանք ակնհայտորեն առանց ծնողական սիրո և ուշադրության են մեծացել, ինչի արդյունքում աղջիկը վաղ տարիքից փողոցային կյանքի հորձանուտն է ընկել: Բացի այդ, նրանց հարաբերություններում միմյանց նկատմամբ սեր ու հարգանք էլ չկար:
Արմենին աղջիկը մեղադրել է դեպքից բավական հետո, տատի հետ միասին: Դատարանում ցուցմունք տված հարազատները, մասնավորապես՝ աղջկա հայրը, ենթադրություն արեցին, թե տատը մեղադրում է Արմենին՝ այդ ընտանիքի նկատմամբ վրեժից ու ատելությունից դրդված: Հայրը տատութոռան մեղադրանքները «շանտաժ» անվանեց:
Աղջկա եղբայրը հայտարարեց, թե չի ուզում հավատալ, որ ներկայացված մեղադրանքները համապատասխանում են իրականությանը: Նա ասաց, թե քրոջը տատիկի տուն չի թողնում, որովհետև խայտառակվել է թաղամասում:
Հերթական դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց Արմեն Պետրոսյանը: Նա ասաց, թե տուժողը՝ իր քեռու աղջիկը, ամեն բան հորինել է և ստում է: Ինքը չի կատարել մեղսագրված արարքներից ոչ մեկը: Հետևաբար՝ իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս դատական նիստին տուժողը ներկայացավ դատարանի կողմից հեռախոսազանգով զգուշացվելուց հետո՝ ուշացումով: Նա նորից լավ տրամադրություն ուներ, բարձրաձայն ծիծաղում էր, դիտողություններ անում:
Աղջիկը, չնայած տասնյոթամյա անչափահաս է, բայց հասցրել է մեկնել Թուրքիա, որտեղ անվանվել է Եվա և «ազատ կյանք» է վարել:
Տատի ոսկեղենը գողանալու համար աղջիկը դատվել է արդեն, նրա նկատմամբ համաներում է կիրառվել: Ընդ որում՝ այդ գործի քննության ընթացքում աղջիկը չի շեշտել Արմենի դրդչական դերը:
Այս գործի քննության ժամանակ աղջիկը դիմում է գրել քննիչին ու դատախազին և հայտնել, թե ոսկեղենը գողացել է ինքը, քանի որ իրեն տատի տնից դուրս էին արել, փող էր հարկավոր տուն վարձելու համար, դրա համար էլ տարել էր ոսկեղենը ու վաճառել:
Այս դիմումները դատարանը հրապարակեց ու հետազոտեց պաշտպանական կողմի միջնորդությամբ:
Նախաքննության հետագա ընթացքում և դատարանում տված ցուցմունքներով աղջիկը դարձյալ մեղադրեց Արմենին, նրան նայելով՝ պնդեց առաջադրված մեղադրանքները:
Դատարանը հետազոտեց նաև գործում առկա մյուս ապացույցները:
Մոտենում է դատական վիճաբանությունների փուլը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.