Թուք ու Մուր :

Ջերմ ժամադրությունները ցուրտ եղանակին...

26.12.12

Սուր զգացողություններ, կրքոտ հիշողություններ...ահա, թե ինչ ես մտածում դու տանն, աշխատավայրում և տրանսպորտում: Միապաղաղ առօրյան և սիրելի հետ հանդիպման ընդունված ձևերը կոտրելու մեծ ցանկություն ունես, ուրեմն' շարունակիր կարդալ ;)
Պատրաստեց Գայանե Ասրյանը
Ձմռանն այգեպուրակային ժամադրությունները գրեթե անհնար են դառնում: Դուք արդեն բավականին երկար ժամանակ է' հանդիպում եք և գիտեք' ինչքան կարևոր է հարաբերություններին նոր երանգներ հաղորդելը՝ անգամ ժամադրությունների դեպքում: Ահա ձմեռային հանդիպումներն էլ ավելի բուռն ու հետաքրքիր դարձնելու մի քանի տարբերակներ:
Ուղևություն հեռավոր գյուղ
Ձեր ընկերները և ծանոթները հաստատ հեռավոր գյուղերում բարեկամներ կունենան, որոնց միջոցով հնարավոր կլինի գտնել գյուղերում անբնակ տներ: Հենց այստեղ դուք հնարավորություն կունենաք մի քանի ժամով հայտնվել հեքիաթում: Լքված տուն, թույլ վառվող լամպ, տաք վառարան, որի վրա սուրճն է պատրաստվում և գաթաներ...
«Ընկերս առաջարկեց գնալ իր ծննդավայր, որտեղ իրենց փոքրիկ գյուղական տունն է: Չէի պատկերացնում, որ առնվազն 6 ժամ ճանապարհ ենք գնալու, այնքան հոգնած էի, որ թեյ խմելուց հետո անմիջապես քնեցի: Անմոռնալի էր...»
Տաթևիկ, 28 տ.
Բուխարու դիմաց ճոճվող բազմոց
Բուխարին մերձեցնող հատկություն ունի, եթե ձեր բնակարանում նման հնարավորություն չկա, պետք չէ հուսահատվել: Վերցրեք հեռախոսը և զանգեք հյուրանոցներ քաղաքում կամ քաղաքից դուրս: Պայմանավորվելուց հետո չմոռանաք շամպայնի և մրգերի մասին...Ջերմորեն գրկախառնվեք և հավերժական սիրո խոստովանություններ արեք...
«Ընկերներիցս մեկի տուն ենք գնում և բուխարու առջև գինի խմում: Գրկախառնություններից, համբույրներից հետո սկսում ենք երազել մեր ապագա տան մասին, որն անպայման ունենալու է հենց նույն բուխարուց և,երբ երեխաները գնան քնելու, մենք սիրով վերհիշելու ենք այս օրերը»:
Մելինե, 24 տ.
Դաշտային ծաղիկներով բուրող լոգարան
Լոգարան բոլորն ունեն, և այս տարբերակը հեշտ իրագործելի է: Քանի որ ձմռանն ամեն կերպ ցանկանում ենք վերհիշել ամառը, ուրեմն սկսեք փնտրել ծաղիկների այն բույրերը, որոնք ամենաշատն են տպավորված ձեր հիշողության մեջ: Բուրումնավետ մոմեր, հոտավետ ծաղիկների թերթիկներ, որոնք լողում են ջրի վրա և անկեղծություն: Անգամ եթե նա մի քիչ շփոթվի, միևնույն է՝քո այս մտահղացումը չգնահատել չի կարող...
«Չեմ գալիս, ու՞ր ես ինձ տանում, մենակ գնա լվացվելու»,-նման բառեր ասաց ինձ Գարիկը, երբ նրան առաջարկեցի միասին գնալ լոգարան: Ասացի նրան, որ լույսերը չեն աշխատում և թող լուսավորի հեռախոսով: Մտանք լոգարան, և նրա շունչը կտրվեց. «Աչքերիս չեմ հավատում»: Երջանիկ էինք երկուսս էլ, ինձ հաջողվեց հաճելիորեն զարմացնել նրան»:
Աստղիկ, 26 տ.
Արևածագ մեքենայի մեջ
Եթե ունեք մեքենա, այս տարբերակը հատկապես ձմռանն ամենահեշտ իրագործելին է: Եթե չունեք, կարող եք վարձակալել ու սլանալ հեռու՜, շա՜տ հեռու և դիմավորել արևածագը: Նոր բացվող առավոտվա ցուրտը և իրար տաքացնելու անհագ ցանկությունը ևս մեկ անգամ «Տիտանիկ» խաղալու հնարավորություն կտա քեզ...
«Գողացանք նրա հայրիկի մեքենան և գնացինք Գառնի: Անջատեցինք հեռախոսները և մեքենայի մեջ մի ամբողջ գիշեր անցկացրեցինք: Լուսաբացին զգացինք, որ մրսում ենք...պատժվեցինք գրիպով»:
Քնար, 22 տ.
Հ.Գ. Սրճարաններն ու թեյարանները միապաղաղ են, իսկ շենքերի տանիքներն ու այգիները այս եղանակին վտանգավոր առողջության համար: Երևակայիր ձմեռային վայելքների նոր տարբերակներ և այս ցրտին ջերմորեն պահպանիր ձեր զգացումունքները...
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.