Թուք ու Մուր :

Երջանիկ լինելու գաղտնիքները

25.1.13

Երջանկությունը կյանքի բազմակողմանիության, լիարժեքության վայելումն է, շրջապատի հետ ներդաշնակության մեջ գտնվելու զգացողությունը: Իհարկե, անգամ երջանիկ մարդիկ չեն ապրում երջանկության զգացումը մշտապես: Նրանց կյանքում էլ ուրախության պահերին հաջորդում են մտահոգություններն ու տառապանքները: Կյանքն իր մեջ անխուսափելիորեն պարունակում է անհաջողություններ ու հիասթափություններ, կորուստներ, թյուրիմացություններ անգամ հարազատ մարդկանց հետ, ինչի արդյունքում անպակաս են բացասական զգացումները' ցավ, տխրություն, վիշտ… Բայց երջանիկ մարդիկ վճռական ու համարձակ անցնում են կյանքի փորձություններով: Լինելով խելացի' նրանք մի կողմից ընդունում են դրանք որպես կյանքի անբաժանելի մաս, մյուս կողմից' չեն կորցնում աշխատունակությունը և անում են իրենցից կախված հնարավորը փորձությունները հաղթահարելու համար: Երջանկությունը հենց այդ էլ նշանակում է. սիրել կյանքը' իր ուրախություններով ու տխրություններով հանդերձ, սիրել աշխարհը' իր երկու անխուսափելի չարի ու բարու բևեռներով: Իսկական երջանկությունը ճառագում է բնության հանդեպ սիրուց, ընկերների հանդեպ լավ վերաբերմունքից, ակտիվ գործունեությունից և այս ամենի հիմքում ընկած գաղափարից' սիրուց դեպի այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում (այդ թվում' սիրուց ինքներս մեր նկատմամբ): Երջանկությունը, նույնանալով սիրո հետ դեպի կյանքը, աշխարհը և մեր անձը, կլցնի մեր օրերը համապատասխան մտքերով, զգացումներով ու գործողություններով:
Երջանիկ մարդը մնացածից տարբերվում է բարությամբ ու մեծահոգությամբ, բարյացակամությամբ, մարդկանց նրբորեն զգալու, նրանց օգտակար լինելու կարողությամբ, վստահելիությամբ ու պատասխանատվութամբ, ազնվությամբ, մարդկանցից գլուխ հանելու ունակությամբ և ինքնավստահությամբ: Նրանք ոչ մի դեպքում չեն կորցնում ակտիվ գործունեության ընդունակությունը, կարողանում են կանխատեսել իրենց գործողությունների հետևանքները և ունեն համարձակությունը անելու այն, ինչ անհրաժեշտ են համարում:
Ամեն ինչ որոշում են մեր մտքերն ու արարքները
Ինչպիսին էլ փորձենք ցույց տալ մեզ, միայն մեր մտքերով ու գաղափարներով, նպատակներով ու արարքներով է որոշվում' ով ենք մենք իրականում: Մենք կարող ենք ցածրացնել մեզ չար մտքերով ու եսասիրությամբ, բայց կարող ենք և բարձրանալ' անկեղծորեն մեր նպատակին, մեր իդեալին ձգտելով: Ըստ էության' մեր ամեն դրական գործողությունը, անկախ նրանից նշանակալի ենք համարում այն, թե աննշան, առաջացնում է ինքնագնահատականի բարձրացման ու ներդաշնակության զգացում: Դրանով մենք նաև զգալի օգուտ ենք բերում մեր հասարակական դիրքին. չէ՞ որ դրական հեղինակությունը շատ ազդեցիկ դեր ունի բիզնեսում, օգնում է բարեկամական հարաբերություններ կնքելուն մեզ հետաքրքրող մարդկանց հետ:
Երջանիկ մարդիկ ունենում են բազմազան հետաքրքրություններ
Եվս մեկ տարբերակիչ գիծ երջանիկ մարդկանց համար. նրանք հետաքրքրություն են տածում ամենաբազմազան զբաղմունքների հանդեպ: Ոչինչ չի կարող փոխարինել այն հաճույքին, որը մեզ պարգևում է ակտիվ, բազմազան հետաքրքրություներով հագեցած կյանքը: Բացի այդ' այսպիսի կյանքը հնարավորություն է տալիս ցրվել տհաճություններից, իսկ բանականությունը գտնում է' ինչով փոխարինի ծանր ու բացասական մտքերը:
Երջանիկ ես, երբ սիրում ու ապրումակցում ես
Երբ մենք երջանիկ ենք, մեզ համար բնական է սիրելն ու շրջապատող մարդկանց հանդեպ սրտակցության զգացում ունենալը, նրանց հետ անկեղծանալու, համագործակցելու ձգտումը: Զգացմունքային կապերը շրջապատող մարդկանց հետ ամրապնդում են մեր ինքնահարգանքը, տալիս են կյանքին, հասարակությանը պատկանելու զգացում: Մեզ ընդունում ու հարգում են, մեզ սիրում են: Մենք անհրաժեշտ ու պետքական ենք զգում այն դեպքում, երբ օգնում, մեր ուժերն ենք նվիրում ընկերներին ու սիրելիներին: Իրենց հերթին ընկերները կարող են ցուցաբերել զգացմունքային աջակցություն, վստահություն հաղորդել մեզ, կիսվել օգտակար գաղափարներով, իսկ անհրաժեշտության դեպքում' օգնել և կոնկրետ գործողություններով:
Երջանիկ զգալուն նպաստում են ընկերները
Իհարկե, երջանկության զգացումն անհնար է առանց ուրախության, որը բերում է ընկերությունն ու մտերմությունը մարդկանց հետ: Հոգեբանները վաղուց են նկատել, որ իրենց հաճախորդների ձեռք բերած ունակությունը' ընկերներ գտնել և պահպանել ընկերությունը, մեծացնում է հոգեկան առողջությունն ու տարբեր հոգեբանական խնդրիների լուծման հնարավորությունը: Կյանքում սթրեսի բազմաթիվ պատճառներ կան. անձնական վիշտ, աշխատանքի կորուստ, լուրջ հիվանդություն, անսպասելի դժբախտ պատահար կամ խոր ապրում այն առիթով, որ տարիները հեռանում են և մենք մեծանում ենք… բայց եթե ճակատագիրը կրկին փորձում է ձեր ամրությունը, ապա ընկեր-ծանոթներից ստացված զգացմունքային աջակցությունը նվազեցնում է դեպրեսիայի, հիասթափության հնարավորությունը և մեծացնում կայունությունը սթրեսային իրավիճակների հանդեպ: Պարզվում է, որ նևրոզներով տառապող մարդիկ քիչ ընկեր-ծանոթներ ունեն ու ավելի քիչ են բավարարված նրանց հետ հարաբերություններով:
Կարողացեք ուրախանալ մանրուքներով
Մասնագետները կարծում են, որ լավագույն տարբերակը բազմազան կապեր ունենալն է, որոնց բնույթը կարող է սկսվել չափազանց մտերմիկից, վերջանալ պարզապես ծանոթությամբ: Այդուհանդերձ շատերը կարողանում են երջանիկ լինել' ունենալով մեկ ընկեր: Բացի այդ' հին ընկերոջ մասին հիշողությունները, եթե անգամ նա հեռվում է, շարունակում են մնալ երջանկության աղբյուրներից մեկը: Ամփոփելով կարելի է ասել, որ երջանիկ է այն մարդը, ով շարունակում է աշխատել, կարողանում է տեսնել լավը, գնահատում է ամենօրյա փոքրիկ ուրախությունները' արևի լույսը, բնությունը, անցորդի ժպիտը, հավատարիմ է իր գաղափարներին և ունի հավատ ապագայի նկատմամբ:
Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է erkusov.com-ը:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.