Թուք ու Մուր :

ՀՀԿ միլիոնատերերի աչքը բյուջեից չի կշտանում

30.11.12

Հայաստանի կառավարությունը մերժել է Ազգային Ժողովին հատկացվող բյուջետային միջոցներն ավելացնելու ԱԺ ՀՀԿ մեծամասնության առաջարկը: Մեծամասնությունն ակնկալել է, որ կառավարությունը 2013 թվականի պետբյուջեում կավելացնի արտասահմանյան գործուղումների ծախսը՝ 50 մլն դրամով, մեքենաների պահպանման ծախսը, նոր մեքենաների ձեռքբերման ծախսը 180 մլն դրամով, եւ էլի մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Կառավարությունն ԱԺ-ին հայտնել է, որ այդ ծախսերն առաջնահերթ չեն: Սա իհարկե կառավարության ադեկվատ պահվածքի ոչ այնքան հաճախ պատահող դրսեւորում է:
Փոխարենը, շատ հաճախ պատահող է ՀՀԿ մեծամասնության ոչ ադեկվատ պահանջը: Ադեկվատության պարագայում, միլիոնատերերից կազմված այդ մեծամասնությունը պետք է ոչ միայն չպահանջեր բյուջետային հատկացումների ավելացում, այլ նույնիսկ եղածից հրաժարվեր եւ կառավարությանը դիմեր բացառապես ԱԺ ընդդիմադիր հատվածին ֆինանսավորելու խնդրանքով, իսկ ինքն անցներ ինքնաֆինանսավորման:
Ազգային Ժողովում պետական ֆինանսավորում պետք է ստանան եզակի խմբակցություններ՝ ասենք ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Ազատ դեմոկրատները եւ գուցե մի քիչ էլ Դաշնակցությունը: Կամ, ավելի ճիշտ կլինի իհարկե, որ ֆինանսավորումը լինի հասցեական՝ այսինքն պետական բյուջեից հատկացումներ արվեն միայն այն պատգամավորներին, ովքեր աշխատում են պետության համար:
Այդպես թե կլինի պետական միջոցների խնայողություն, թե նաեւ կլինի արդարացի բաշխման եզակի համակարգ, որը կարող է նաեւ կիրառում գտնել աշխարհում, որտեղ նույնպես ճգնաժամի հետեւանքով կա պետության, այսինքն հարկատուների միջոցների արդարացի բաշխման անհրաժեշտություն:
Կառավարությունը թերեւս ճիշտ կանի, որ առանց ԱԺ մեծամասնության համեստության էլ ձեռնամուխ լինի խորհրդարանի ֆինանսավորման նոր համակարգի մշակմանը եւ ներդրմանը՝ անհատական ֆինանսավորում:
Բանն այն է, որ Ազգային Ժողովի 131 պատգամավորներից եւ հսկայական աշխատակազմից ընդամենը շատ փոքր մասն է զբաղված հանրօգուտ աշխատանքով: Հետեւաբար մեղմ ասած անարդարացի է, ինչպես նաեւ պետական միջոցների մսխում՝ երբ ըստ էության այդ փոքր մասի աշխատանքի անվան տակ հսկայական փողեր է ստանում մեծամասնությունը:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.