Թուք ու Մուր :

Սերժ Սարգսյանի հույսը Լեւոն Տեր-Պետրոսյանն է

16.12.12

«Հասարակությունը հաճախ է ներում հանցագործին, բայց ոչ երազողին». Օսկար Ուայլդ:
ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը կանգնել է դժվարին և ճակատագրական հարցի առաջ՝ ի՞նչ անել: Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի' 2011 թ. նոյեմբերի 25-ին հանրությանը ներկայացրած «քաղաքագիտական վերլուծությունը», որը հետագայում դարձավ ՀԱԿ-ի մարտավարության և ռազմավարության հիմքը, այլևս տապալված է: Այժմ ՀԱԿ-ի այն հատվածը, որն ակտիվորեն լոբինգ էր անում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքով Սերժ Սարգսյանին տապալելու քաղաքականությունը, հայտնվել է բավականին տհաճ և անհարմար իրավիճակում: Ուստի այս փուլում պետք է ինչ-որ կերպ արդարացնեն կամ բացատրեն իրենց կողմից որդեգրած անպտուղ քաղաքականության արդյունքները: Բնականաբար, ՀԱԿ-ի քաղխորհուրդը այս պարագայում չի կարող Գագիկ Ծառուկյանին մեղադրել ԱԽՔության մեջ և հայտարարել, որ նա ծախվեց Սերժ Սարգսյանին: Այդ պարագայում կարող են ՀԱԿ-ին հիշեցնել, որ շատ-շատերը ժամանակին զգուշացնում էին, որ Գագիկ Ծառուկյանը բոլորովին էլ այն ֆիգուրը չէ, որն առճակատման կգնա իշխանության հետ, և նա բոլորովին էլ այլընտրանք չէ Սերժ Սարգսյանին: Մեղմ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացվել էր, որ երազելը ամենևին էլ քաղաքական, առավել ևս քաղաքագիտական կատեգորիա չէ:
ՀԱԿ-ի ղեկավար կազմին մնում է միայն ամեն գնով արդարացնել և դրական երանգներ գտնել ԲՀԿ-ի քաղխորհրդի դեկտեմբերի 12-ի որոշման մեջ: Ավելին, ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներն ամեն գնով փորձ են անում Բարգավաճ Հայաստանի վրա կարել ընդդիմադիր կուսակցության իմիջը: Օրինակ, ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է' ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել Հանրապետականի հետ կնքած հուշագիրը, և դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Թե իշխանական բուրգից «մեծ հատված» պոկելուց Հայաստանում ի՞նչ փոխվեց, ինչու՞մ էր կայանում Հայաստանի քաղաքացիների շահը, և ի՞նչքանով դժվարացավ Սերժ Սարգսյանի վերարտադրության գործընթացը,այդ մասին Արման Մուսինյանը համեստորեն լռում է: Փաստացի Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» և դրա տապալման արդյունքում քաղաքական դաշտը հիմնահատակ ամայացավ, իսկ այդ ամայության մեջ Սերժ Սարգսյանը բավականին վստահ երկրորդ անգամ ճանապարհ է հարթում դեպի Բաղրամյան 26, սակայն ՀԱԿ-ը շարունակում է դրական գնահատել ստեղծված քաղաքական իրավիճակը և սեփական քայլերը: Ավելին, արդեն ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներից նույնիսկ դրական են գնահատում այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է որևէ թեկնածուի չսատարել, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին չսատարելու հանգամանքը ներկայացվում է որպես «քաղաքագիտական վերլուծության» ձեռքբերում:
Նման գնահատականներն ու գործելաոճը ոչ թե ռեալպոլիտիկ է, այլ քաղաքական ձեռնաշարժություն, ինչով փորձ է արվում ՀԱԿ-ի համապատասխան հատվածի, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքը փրկելու: Սակայն այս ամբողջ գործընթացի մեջ բացակայում է հասարակական և պետական շահի գիտակցումը, որը պետք է լինի յուրաքանչյուր՝ իրեն որպես ժողովրդի շահերը սպասարկող ուժ ներկայացնող քաղաքական կուսակցության գործողությունների հիմքում:
Հիմա այս ամբողջի համատեքստում քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Այս հարցադրումը ներկայիս քաղաքական իրավիճակում պարզապես ակտուալ չէ: Եթե անգամ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ մասնակցի, ապա ակնհայտ է, որ էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների ելքի վրա: Համաժողովրդական շարժման, այնուհետև ՀԱԿ-ի ռեսուրսը եղել է հանրային աջակցությունը և քաղաքական թիմը: Թե՛ մեկից, թե՛ մյուսից ներկայումս ՀԱԿ-ը մեծ հաշվով զրկված է: Այս երկու գործոնին գումարվում է նաև ՀԱԿ-ում տիրող ֆինանսական ճգնաժամը: Նախագահական ընտրություններին մասնակցությունը ենթադրում է պատկառելի ֆինանսական ծախսեր, իսկ այդ ֆինանսական հոսքերը հիմնականում ստացվում են գործարար շրջանակներից: Եթե 2008թ. կային Խաչատուր Սուքիասյանը և մի շարք այլ գործարարներ, որոնք հավատում էին համաժողովրդական շարժման հաղթանակին, ապա այսօր նույն այդ գործարար շրջանակները ցանկություն չունեն ֆինանսավորել ՀԱԿ-ի քաղաքական գործունեությունը: Իշխանության ֆինանսական, մարդկային և վարչական ռեսուրսին ՀԱԿ-ը այսօր որևէ ռեսուրս չունի հակադրելու, բացի սուր քննադատությունից:
Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը միտված է լինելու բավարարել իր փոքրաթիվ թիմի և նրան հավատացող հասարակության ոչ ստվար հատվածի ցանկությունները: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը բխում է հենց Սերժ Սարգսյանի շահերից: Գործող նախագահին այս քաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտ է լեգիտիմացնել նախագահական ընտրությունները և իր «հաղթանակը»: Այդ հարցում ՀՀԿ առաջնորդին լավագույնս կարող է օգնել տիտղոսային ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: 2013թ. նախագահական ընտրություններում վերջնականապես «ջախջախելով» առաջին նախագահին և հետևաբար ՀԱԿ-ի մնացորդներին՝ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ քաղաքական դաշտում և միջազգային հանրության աչքերում «լեգիտիմ» նախագահ:
Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական մրցապայքարի մղողները կամա թե ակամա «լեգիտիմացնում» են Սերժ Սարգսյանի «ջախջախիչ հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.