Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Գրիպ. Show all posts
Showing posts with label Գրիպ. Show all posts

Ի՞նչ անել գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար

17.1.13

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս դիտվում է գրիպանման հիվանդությունների աճման միտում: Ըստ նույն կազմակերպության հայտարարության` եվրոպական տարածաշրջանում վիրուսաբանական հետազոտություններում արձանագրվում են գրիպի վիրուսի ինչպես Ա, այնպես էլ Բ տեսակները:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվության մակարդակը միանման չէ: Հիվանդության լայն տարածվածություն նկատվում է տարածաշրջանի արևմտյան և հյուսիսային հատվածներում: Արևելյան հատվածում գրիպի հիվանդացության ակտիվություն չկա:
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում գրիպի ակտիվությունն աստիճանաբար աճում է: Գրիպի Ա տեսակի Ա(H1N1)պնդ09, Ա(H3N2) ենթատեսակները և Բ տեսակը շարունակում են զուգահեռաբար շրջանառվել, սակայն ներկայումս առավել շատ արձանագրվում է Ա տեսակի Ա(H1N1)պնդ09 ենթատեսակը:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:
Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում սուր շնչառական վիրուսային հիվանդությունների և գրիպի իրավիճակին, ապա այնտեղ ընթանում է գրիպի սեզոնային բռնկում, հիմնական շրջանառող շտամը վիրուսի Ա (H3N2) տեսակն է:
Հայաստանի Հանրապետությունում, դեկտեմբերի 24-ից առ այսօր գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես 2012-2013 թվականների, այնպես էլ 2011-2012 թվականների միևնույն ժամանակահատվածում նշված հիվանդություններով հիվանդացության մակարդակի աճ չի արձանագրվել:
Հանրապետությունում գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված վիրուսաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ հանրապետությունում շրջանառվում է գրիպի վիրուսի Ա տեսակը:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`
- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.