Թուք ու Մուր :

Սամվելը փորձել էր բռնաբարել Համեստի ընկերուհուն. ասել էր՝ նշանակություն չունի, թե կույս է

19.12.12

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Սամվել Նիկոլյանի ու Համեստ Ավագյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:
Բողոքարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը:
Առաջին ատյանի դատարանը 49-ամյա Սամվել Նիկոլյանին և 44-ամյա Համեստ Ավագյանին մեղավոր է ճանաչել նախնական համաձայնությամբ ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նախաքննությամբ և առաջին ատյանի դատարանի կատարած դատաքննությամբ հաստատված է համարվել, որ 2011 թվականի ընթացքում «մի քանի ամիս» Նիկոլյանն ու Ավագյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են եղել:
Համեստ Ավագյանը նախկին աշխատավայրից ճանաչել է Ն.-ին, նրա հետ ունեցել նորմալ փոխհարաբերություններ:
2012 թվականի ապրիլի 24-ին, ժամը 22-ին Համեստն իր տուն է հրավիրել ընկերուհի Ն.-ին: Միասին խմել են մեկ լիտր գինի:
Ժամը 23-ի սահմաններում Համեստը Ն.-ին առաջարկել է գնալ իր մեկ այլ ընկերուհու տուն: Ն.-ն համաձայնել է: Միայն թե Համեստն անհամեստաբար Ն.-ին տարել է Սամվել Նիկոլյանի տուն:
Երբ դռան զանգը տվել են, ու Սամվելն է բացել դուռը, Ն.-ն ցանկացել է հեռանալ՝ տեսնելով, որ «ընկերուհու» տանն իրականում տղամարդ է դիմավորում իրենց:
Համեստը, սակայն, համոզել է գինովցած Ն.-ին ու ներս տարել: Ապա տանտիրուհու ճարպկությամբ ուտելիք է պատրաստել, և Սամվելի ննջարանում նստել են ընթրելու:
Սամվելը կոնյակ է հյուրասիրել տարաժամ հյուրերին, բայց խմել է միայն Համեստը, իսկ Ն.-ն, որ քիչ առաջ խմած գինու ազդեցության տակ իրեն շատ վատ էր զգում, հրաժարվել է ոչ միայն կոնյակից, այլև ուտելիքից:
Մինչ Սամվելն ու Համեստը բաժակ բաժակի էին զարկում և ուրախ տրամադրությամբ ընթրում, Ն.-ն լոգասենյակում տանջվում էր գինու ազդեցությունից:
Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Համեստը հանկարծ հիշել է, որ «տեղ» պիտի գնա, ասել է՝ գնամ ու շուտ վերադառնամ:
Ն.-ն ցանկացել է նրա հետ դուրս գալ, բայց Համեստը չի թողել՝ ասելով, թե մենակ պիտի գնա ու շատ շուտով կգա, Սամվելի տանը աղջկան ոչինչ չի սպառնում:
Համեստի դուրս գալուց անմիջապես հետո Սամվելը ներսից բանալիով փակել է բնակարանի դուռը և սկսել է հանել իր շորերը:
Ն.-ն հարցրել է, թե այդ ի՞նչ է անում: Տանտերն էլ հանգիստ պատասխանել է, թե պատրաստվում է կենակցել նրա հետ:
Ն.-ն սկզբում խնդրել ու աղաչել է նման բան չանել: Բացատրել է, թե կույս է: Բայց Սամվելին այդ հանգամանքը հետ չի պահել հանցավոր մտադրությունից, նա հայտարարել է, թե իր համար ոչ մի նշանակություն չունի աղջկա կույս լինելը:
Ն.-ն սկսել է ակտիվորեն դիմադրել, և Սամվելը բռունցքով հարվածել է նրա դեմքին, ապա քարշ տալով տարել ննջարան, գցել մահճակալին ու պատռելով հանել հագուստները: Աղջիկը գոռացել է, օգնություն կանչել, դիմադրել: Եվ հենց այդ պահին հնչել է բնակարանի դռան զանգը:
Այսպիսով՝ Սամվել Նիկոլյանն «իր կամքից անկախ պատճառներով» ավարտին չի հասցրել Ն.-ի նկատմամբ կատարվող բռնաբարությունը:
Նա գնացել է միջանցք, որ ստուգի, թե ով է կեսգիշերին իր դռան զանգը հնչեցնում:
Այդ ընթացքում Ն.-ն արագ վրան է քաշել շորերը, ննջասենյակի պատուհանից ցատկել բաց պատշգամբ և օգնություն կանչել:
Մոտակայքով անցնող երկու երիտասարդներ՝ Ավետիսյանն ու Հակոբյանը, լսել են, մոտեցել, օգնել, որ աղջիկն իջնի առաջին հարկի պատշգամբից:
Վերջինս պատմել է քիչ առաջ կատարվածը և խնդրել է իրեն թաքցնել, որովհետև նկատել է, որ Սամվելը դուրս է եկել բակ ու իրեն է փնտրում:
Երիտասարդներն աղջկան տարել են մոտակա արտեզյան ջրհորի մոտ: Ն.-ն լվացվել է, հետո երիտասարդները նրան տարել են իրենց երրորդ ընկերոջ՝ Գասպարյանի ավտոտնակը:
Այս անգամ Ն.-ի բախտը բերել է: Երիտասարդները միայն օգնել են նրան, չեն օգտվել նրա անօգնական ու խոցելի վիճակից, առավոտյան էլ հանգստացած աղջկան տաքսիով ճանապարհել են տուն:
Իսկ Սամվելն ու Համեստը շարունակել են դավեր նյութել: Վերջինս լիակատար անհամեստությամբ Ն.-ի հետ զրուցել է, իմացել, թե որտեղ է նա անցկացրել գիշերը Սամվելի տնից փախչելուց հետո: Ն.-ին առաջարկել է օգնության հասած երիտասարդներից գումար շորթել՝ վախեցնելով, թե ոստիկանությունում կասի, որ նրանք իրեն բռնության են ենթարկել. Սամվելի հարվածների հետքերը տուժողի մարմնին պահպանվել էին:
Ն.-ն այս անգամ չի ենթարկվել Համեստին, հրաժարվել է նրա ձեռքին գործիք դառնալուց:
Բայց Համեստն ու Սամվելը որոշել են գործը մինչև վերջ հասցնել. բռնաբարությունը չի ստացվել, ուրեմն փորձել են գումարներ շորթել, նյութական օգուտ ստանալ:
Ապրիլի 26-ին նրանք Գասպարյանից 100 հազար դրամ են պահանջել՝ ասելով, թե գումարը չտալու դեպքում ոստիկանությունում կհայտնեն, որ նա իր ընկերների հետ բռնաբարել է Ն.-ին:
Ապրիլի 27-ին Սամվելն ու Համեստը 50 հազարական դրամ են պահանջել Ավետիսյանից ու Հակոբյանից:
Սամվելի ու Համեստի «դրամահավաքի» մասին տեղեկացել է Ն.-ն և անմիջապես ոստիկանությունում հայտարարություն տվել իր հետ իրականում կատարվածի վերաբերյալ:
Ապրիլի 28-ին Սամվել Նիկոլյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Ն.-ի նկատմամբ բռնություն է գործադրվել, նրան հարվածներ են հասցվել, ու պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Հաստատվել է նաև, որ աղջկա կուսաթաղանթը խախտված չէ:
Դատահոգեբուժական փորձաքննությամբ որոշակի մտավոր խնդիրներ են արձանագրվել Ն.-ի մոտ, սակայն մասնագետները եզրակացրել են. այդ խնդիրներն այն աստիճանի չեն, որ փորձաքննվողը չկարողանա ճիշտ ըմբռնել, ընկալել ու վերարտադրել իրականությունը, գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ չկարողանա տալ ճշմարտացի ցուցմունքներ:
Ի վերջո, նա կարողացել էր պաշտպանվել, կարողացել էր օգտվել ստեղծված հանգամանքներից, փախչել վտանգից և օգնություն խնդրել ճիշտ ժամանակին:
Ինչպես Նիկոլյանը, այնպես էլ Համեստ Ավագյանը նախաքննության և դատաքննության ժամանակ իրենց մեղավոր չճանաչեցին, տվեցին դատարանի կողմից որպես անարժանահավատ գնահատված ցուցմունքներ:
Դատարանը երկուսին էլ մեղավոր ճանաչեց նախնական համաձայնությամբ ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նիկոլյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը նկատի ունեցավ, որ նա նախկինում դատված է եղել, ազատություն է դուրս եկել 2009 թվականին, դատվածությունը մարված չէ: Նրա մասով դատարանն արձանագրեց հանցագործությունների կատարման ռեցիդիվ, հաշվի առավ նրա կատարած արարքների՝ բռնաբարության փորձի ու շորթման հանրային մեծ վտանգավորությունը, հանցանքը ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը:
Սամվել Նիկոլյանը դատապարտվեց 7 տարի, իսկ Համեստ Ավագյանը՝ 3 տարի ազատազրկման: Վերջինս կալանքի տակ չէր, ու դատարանը որոշեց, որ խափանման միջոցը կփոխվի՝ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո:
Վերաքննիչ բողոքով Համեստ Ավագյանը խնդրել է իր նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ սահմանել կամ կիրառել պայմանական դատապարտություն:
Այս գործով դատական առաջին նիստը վերաքննիչ քրեական դատարանում չի կայացել՝ պաշտպանի չներկայանալու պատճառով:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.