Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Հռոմի պապը միասեռականների ամուսնությունն աղետ է համարել

23.12.12

Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Վատիկանի ծառայողներին ուղղված ավանդական սուրբծննդյան ուղերձում բողոքել է նույնասեռական ամուսնություններից:
«Նույնասեռականներին ամուսնություններ կնքելու եւ երեխաներ որդեգրելու իրավունք տրամադրելը խախտում է ավանդական ընտանիքի հիմքերը, որը բաղկացած է մորից, հորից եւ երեխաներից», ասել է պապը, մեջբերում է «Ինտերֆաքսը»: «Մարդիկ ժխտում են իրենց բնությունը եւ կարծում, որ դա այն չէ, ինչ տրվել է իրենց սկզբնապես, որ իրենք կարող են այն փոխել' ըստ իրենց սեռական նախասիրության», - ամփոփել է նա:
Կաթոլիկական եկեղեցու առաջնորդը նույնասեռականների ամուսնությունը աշխարհի համար աբորտին եւ էվթանազիային հավասար սպառնալիք է անվանել:

20–ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

23.12.12

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15։30-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 20 տարեկան քաղաքացին Երևանի Սարալանջի պողոտայում' «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձում է ինքնասպան լինել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել և մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:

Պլաստիկ վիրաբուժության հինգ առեղծվածները

23.12.12

Վերջին ժամանակներս պլաստիկ վիրահատությունն ավելի հայտնի է դարձել: Այնուամենայնիվ, այս կապակցությամբ կան որոշակի մոլորություններ:
Ինչպես հաղորդում է Raut-ը, առաջին առեղծվածն այն է, որ լիպոսակցիան նիհարելու արդյունավետ միջոց է: Չնայած այն ենթադրում է օրգանիզմից ճարպի հեռացում, բայց նախատեսված է մարմնի խնդրահարույց հատվածներից ճարպի հեռացման համար:
Երկրորդ առեղծվածը. մարդիկ կարծում են, որ կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժությունը նույնն են: Իրականում, սակայն, կոսմետիկ վիրաբուժությունը շատ ընդհանուր տերմին է: Այն կարող է վերաբերել նաև ակնաբուժության ոլորտի վիրաբուժությանը:
Շատերը կարծում են, որ պլաստիկ վիրաբուժությունն առանց սպիների վիրաբուժություն է: Իրականում դա այդպես չէ, ուղղակի բժիշկները ջանում են, որպեսզի սպիներ որքան հնարավոր է քիչ մնան:
Հերթական առեղծվածը. լիպոսակցիայից հետո ճարպերը կարող են մարմնի այլ մասերում հայտնվել: Եթե ճարպը հայտնվում է այս ընթացակարգից հետո, ապա դա լիպոսակցիայի հետևանք չէ:
Լիպոսակցիայի ժամանակ ճարպային հյուսվածները հեռացվում են օրգանիզմից, սակայն այն ճարպային հյուսվածքները, որ մնում են, կարող են մեծանալ: Մյուս կողմից հարցն ունի նաև հոգեբանական բնույթ: Օրինակ, կինը, որը լիպոսակցիա է կատարել ազդրերի շրջանում, դրանից հետո կարող է մտածել, որ ձեռքերը հաստ են:
Ամենատարածված առեղծվածներից մեկն էլ այն է, որ միայն բարձր գինն է խոչընդոտում պլաստիկ վիրահատության դիմելուն: Իրականում բազմաթիվ հակացուցումներ կան այս ընթացակարգերի համար, որոնք կապված են առողջության հետ:

Անֆիսա Չեխովան նշել է իր 35-ամյակը մերկապարով

22.12.12

Հանրահայտ ռուս հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան իր 35-ամյակը նշել է ընկերների հետ։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, մոսկվայի ակումբներից մեկում տեղի ունեցող երեկոն համեմված էր մերկապարուհիների ու շամանների պարով։ Վերջիններիս, ըստ երեւույթին, հրավիրել էին աշխարհի հավանական վերջին եթե ոչ վախեցնելու, ապա գոնե տարբեր ոգիներին դրա հետ հանդիպմանը ոգեւորելու համար։
Հյուրերի շարքում էին միայն ամենամտերիմ ընկերներն ու շոու-բիզնեսի նրա գործընկերները, ինչպես նաեւ հաղորդավարուհու քաղաքացիական ամուսինը՝ դերասան Գուրամ Բաբլիշվիլին, ով, ի դեպ, կնոջն iPad նվիրեց։ Տոնակատարության վերջում դահլիճ բերեցին մի մեծ տորթ՝ վրան «35 տարին դեռ աշխարհի վերջը չէ» գրությամբ։

Ծեծկռտուք՝ ֆինանսների նախարարությունում

22.12.12

Երեկ' դեկտեմբերի 21-ին, ժամը 12-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Բանը հասել է անգամ ծեծկռտուքին, որին ստիպված են եղել միջամտել անգամ վարչության պետերն ու նախարարի տեղակալները։
168.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նույն իրավաբանական վարչությունում. իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանը եւ գլխավոր մասնագետ Հ. Աջեմյանը վեճի են բռնկվել, որն այնուհետեւ վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպին ներկա են ինչպես իրավաբանական վարչության պետն ու աշխատակիցները, այնպես էլ փոխնախարարներ եւ այլ բարձաստիճան պաշտոնյաներ: Նախարարը ներկա գտնվողներից՝ այդ թվում իրավաբանական վարչության պետից պահանջել է բացատրություն ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ։
Մեր ունեցած տեղեկություններով, որպես միջադեպի մեղավոր ներկայացվում է Ա. Բադալյանը, ով իբր հարվածել է նաեւ նորանշանակ բաժնի պետ Ա. Հարությունյանին։ Սակայն դեպքին ականատես եղած աշխատողները նշում են, որ նման բան չի եղել։ Իսկ իրականությունն այդպես ներկայացնելու պատճառը կրկին թաքնված է վարչության պետի եւ տվյալ աշխատակցի անձնական հարաբերությունների մեջ։ Նախարարության ներքին խոհանոցին տեղյակ մարդիկ ասում են, որ վարչության պետը վաղուց խնդիրներ ունի Ա. Բադալյանի հետ եւ ամեն կերպ փորձել է հանել նրան, որ վերջինս ազատվի աշխատանքից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 2 անգամ արհեստական կռիվ է սարքվել՝ այդ նպատակին հասնելու համար։

Սնեյդերի կինը հայտարարել է, որ իրենք լքելու են Իտալիան

22.12.12

Յոլանտե Սնեյդեր-Կաբաուն, ով «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի կինն է, հայտարարել է, որ իրենք պատրաստվում են լքել Իտալիան արդեն իսկ հունվար ամսին.
- Մենք պատրաստվում ենք այլ երկիր տեղափոխվել, և դա կարող է տեղի ունենալ արդեն իսկ այս հունվար ամսին: Մենք հանգիստ տեղ ենք փնտրում, որտեղ կկարողանանք ընտանիք կազմել,- Յոլանտեի խոսքերն է մեջբերել La Gazzeta dello Sport-ը:

ԲՀԿ-ին կտանեն այնտեղ, որտեղից հանել էին

22.12.12

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դեկտեմբերի 25-ին կայանալիք քաղխորհրդի նիստում կհստակեցնի իր անելիքները: «Կքննարկենք, կոնգրեսից էլ կհասկանանք ինչ է անելու, որից հետո կարելի է հստակ ու բաց խոսել»,- Lragir.am-ին ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա առայժմ չի պատասխանում այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացների պատճառով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դուրս գա կոնգրեսի կազմից: Մակեյանը չթաքցրեց, որ հիասթափված է ՀԱԿ-ի մարտավարությունից: «ՀԱԿ-ն արտացոլանքն է այն միջավայրի, որը Հայաստանում կա»,- ասաց նա:
Նշենք, որ Պետրոս Մակեյանը մեկն է այն գործիչներից, ով դեմ է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը: Այս առումով նա ասաց, որ տեղի ունեցավ այն, ինչ իրենք կանախատեսում էին' ԲՀԿ-ն իշխանություններին դեմ չգնաց: «Շարունակությունն էլ կլինի: Կարծում եմ, որ ԲՀԿ-ին որտեղից դուրս էին հանել, այնտեղ էլ կտանեն, կմտցնեն: ԲՀԿ-ն հիմա էլ իշխանության մաս է, ուղղակի ժամանակավորապես դուրս են մղել, որպեսզի հասարակությանը շփոթության մեջ դնեն»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, Պետրոս Մակեյանը նշեց, որ «Բագրատյանն իրավունք ունի առաջդրվելու' իր կենսագրությամբ, իր ունեցած ինտելեկտուալ բագաժով»:

Գերմանիայում քաղաքական գործիչները վիճել են Աստծո սեռի պատճառով

22.12.12

Գերմանիայում քաղաքական գործիչները վիճել են այն պատճառով, թե ինչ սեռի պետք է լինի «Աստված» բառը,- հաղորդում է Spiegel-ը: Վեճի առիթ է հանդիսացել ընտանիքի և կանանց գործերով նախարար Քրիստին Շրյոդերի տված հարցազրույցը, որում նա ասել է, թե «Աստված» բառը կարող է լինել ինչպես արական, այնպես էլ չեզոք սեռի:
Քրիստենեա-դեմոկրատական դաշինքի և Քրիստոնեա-սոցիալական միության քաղաքական գործիչների մեծ մասին բարկացրել է սուրբ թեմաների առնչությամբ գերմաներենի քերականության նման մեկնաբանությունը: Քրիստոնեա-սոցիալական միության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Աստված ընկալվում է որպես Քրիստոսի հայր, հետևաբար չի կարող լինել չեզոք սեռի:
Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մյուլերը Շրյոդերի հայտարարությունն անվանել է անտեղի նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այն արվել է Սուրբ ծննդի նախաշեմին:
Տեղի քաղաքական գործիչ Կլաուս-Փեթեր Վիլշը քննադատողներին հիշեցրել է, որ գերմաներենում նորածին Հիսուսը չեզոք սեռի է:
Շրյոդերը մեկնաբանել է, որ հրացազրույցում իրեն հարցրել են, թե ինքն ինչպես է իր երեխային բացատրում՝ ինչ սեռի պետք է լինի «Աստված»: Պատասխանելու ժամանակ նա մտածել է իր դստեր, ոչ թե նրանց մասին, որոնք հետո կդատապարտեն իր դատողությունները:
Բավարիայի նախկին վարչապետ, ավետարանական եկեղեցու սինոդի փոխնախագահ Գյունտեր Բեկշտայնը հավաստիացրել է, որ աստվածաբանության տեսանկյունից Շրյոդերն իրավացի է. Աստված իրականում վեր է սեռերից: Նա հավելել է, որ հուզական տեսանկյունից իր համար նման մեկնաբանությունն անընդունելի է, քանի որ իր համար կարևոր է Աստծուն ընկալել որպես Հիսուսի հայր, իսկ Մարիամին՝ նրա մայր:

Բագրատյանը «քաշեց» Տեր-Պետրոսյանին

21.12.12

Հրանտ Բագրատյանը երեկ իր հայտարարությամբ մեղմ ասած վատ դրության մեջ դրեց Լևոն Տեր-Պետրոսյանին:Հիմա Տեր-Պետրոսյանը կամ պետք է առաջադրվի, կամ պաշտպանի Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Այս քայլով Հրանտ Բագրատյանը նաև փակեց ՀԱԿ այն անդամների ճանապարհը, ովքեր Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում իրենց էին տեսնում որպես ՀԱԿ թեկնածու: Դեռ ամսիներ առաջ հասկանալի էր, որ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը կտրում են իրենց կապերը ՀԱԿ-ի հետ և պարզ էր նաև, որ կգա այն օրը, երբ իրենք կհայտարարեն ՀԱԿ-ից դուրս գալու մասին: Իրենք ուղղակի սպասում էին Տեր-Պետրոսյանի որոշմանը, որը ինչ որ պատճառով ուշանում է: Այս ամենից հետո կարելի է ենթադրել, որ Լևոն Զուրաբյանը պետք է հույսը կտրի նախագահի թեկանծու լինելու հնարավորությունից: Բացի նրանից, որ ՀԱԿ առանցքային դեմքերը չեն պաշտպանի Զուրաբյանին, Զուրաբյանը նաև չունի հասարակության վաստահությունը: Չնայած լինելով իսկբանե շարժման մեջ նա մշտապես եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը: Ինչպես ժամանակին նկատել էր Կարապետ Ռուբինյանը «այդպես էլ Զուրաբյանից համակարգող չստացվեց»: Իսկ Բագրատյանը ի տարբերություն Զուրաբյանի ունի բավական հեղինակություն և ռեսուրս մասնակցելու համար նախագահական ընտրություններին: Բագրատյանի համար մնում է մի վերջին հարց իր թեկնածությունը հաջողությամբ պասկելու համար' դա Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն է: Չնայած նրան, որ Փաշինյանն էլ կողմանիկց չէ ՀԱԿ ԲՀԿ-ական թևի հետ, սակայն հնարավոր է, որ ինքն էլ իր թեկնածությունն է նկատի ունեցել: Չե որ Փաշինյանը ժամանակին նշել էր, որ, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի ինքը պատրաստ է առաջադրվել: Կարճ ասած Հրանտ Բագրատյանը քաշեց Լևոն Տեր-Պետրոսյանին նրան այլընտրանք չթողնելով: Եվ այս դեպքում շատ հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանի որոշումը լինի ի օգուտ Բագրատյանի:

Կինը հայկական բանակում. երեկ և այսօր

21.12.12

Կանայք պատմության ակունքներից տղամարդուն հավասար մարտնչել են ճակատամարտներում և կարևոր պաշտոն զբաղեցրել ղեկավարման օղակներում: Ռազմական գործում, քաղաքական կրքերի թատերաբեմում և հասարակական ոլորտում նրանք եղել են ակտիվ և ազդեցիկ: Իզուր չէ ասված, որ երկիրը ղեկավարում են տղամարդիկ, իսկ երկիրը ղեկավարող տղամարդկանց ղեկավարում են կանայք: Այնպես որ նրանց երբեք էլ պետք չէ թերագնահատել: Մեր այս նյութում կխոսենք կնոջ ներկայության մասին զինված ուժերում` կարևորելով նրանց դերակատարությունը հայկական բանակում ինչպես Արցախյան հերոսամարտի տարիներին, այնպես էլ այսօր:
«Կռվի դաշտում բժիշկ, տանկիստ կամ գյուղացի հասկացողություններ չկան. բոլորս զինված էինք, բոլորս կռվում էինք»
Ազատամարտիկ, բուժծառայող Աիդա Սերոբյանի որդին բնակվում է արտասահմանում, մորը մեկ անգամ չէ, որ խորհուրդ է տվել տեղափոխվել իր մոտ, սակայն տիկին Աիդան, ինչպես սրանից տարիներ առաջ չթողեց ռազմադաշտը, այնպես էլ հիմա իր հայրենիքը չի լքի:
1992 թվականի փետրվարին Աիդա Սերոբյանն աշխատում էր Ավանի պոլիկլինիկայում: Երբ հեռուստացույցով լսեց, որ Արցախում բուժաշխատողների խիստ կարիք կա, հաջորդ օրը անմիջապես մեկնեց Առողջապահության նախարարություն ու խնդրեց իրեն գործուղել Արցախ։ Այդպես էլ եղավ. «Ուղղաթիռն ինձ նշված վայրում իջեցրեց գնչուական զգեստով, դե մտածում էի՝ հո՞, կռիվ չեմ գնում, մեկնում եմ Մարտակերտի հիվանդանոցում աշխատելու, հիվանդների բուժելու։ Հետո հասկացա, որ կռվի դաշտում բժիշկ, տանկիստ կամ գյուղացի հասկացողություններ չկան. բոլորս զինված էինք, բոլորս կռվում էինք»,- հիշում է տիկին Աիդան։
Արցախի բանակի ձևավորումից հետո նա ծառայել է Մարտակերտի գնդում, այնուհետև՝ 1993-ի հունվար ամսին տեղափոխվել է Արցախի բուժծառայություն՝ որպես հաստատության պետ։ Մասնակցել է Քարվաճառի, Աղդամի, Օմարի, Հորադիզի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Զանգելանի շրջանների ազատագրմանը, հասել մինչև Մինջավան, Արաքս գետի ափ։ Տիկին Աիդան ներկայումս Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է: Այն հիմնադրվել է 1998 թվականին: Աիդա Սերոբյանը նշում է, որ Արցախում կռվող կանանց թիվը կազմում էր շուրջ 300 հոգի, որոնցից 42-ը զոհվել են։ Այժմ կազմակերպությունում կան շուրջ 265 անդամ կանայք։
Մեկ այլ կին-զինծառայող, ծնունդով գորիսեցի Անահիտը 27 տարեկան էր, երբ զինվորական համազգեստ հագավ ու դիրքեր բարձրացավ: 1988 թվականից Գորիսում ակտիվորեն մասնակցում էր հանրահավաքներին, հետագայում անդամագրվեց Գորիսի ինքնապաշտպանական ջոկատին: Մասնակցել է Շուռնուխի, Կոռնիձորի ինքնապաշտպանական մարտերին ու միևնույն ժամանակ զգաղվել բռնագաղթածների տեղավորման հարցերով: Ներկայումս Քանաքեռի զորամասի ճաշարանի պետն է: 2011-ին Քանաքեռի զորամասի իր ղեկավարած ճաշարանը ճանաչվեց լավագույնը, հաջողությունները շարունակվում են նաև այս տարի: Թեև խոհարարները չեն բացահայտում սեփական գաղտնիքները, սակայն Անահիտը մեզ հետ զրույցում բացառություն արեց` ներկայացնելով սեփական ճաշատեսակների յուրահատուկ համի և զինվորների հետ շփման արդյունավետության կարևոր «բաղադրատոմսը». «Բանակում էական չէ, թե ինչ կոչում ունես: Նա, ով հրաման է տալիս, պետք է տեսնի դրա արդյունքը, այսինքնՙ պետք է կարողանալ հրաման տալ: Զինվորը նույնպես իմ երեխան է, եկել եմ որդիներիս համար ճաշ պատրաստելու: Իհարկե, կան խոհարարական հմտություններ, որոնք նույնպես կիրառում եմ»,- ասում է մեր զրուցակիցը:
Տիկին Անահիտը կարևորում է կնոջ դերը ռազմական պայմաններում` հիշելով մի դրվագ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ. «1991 թվականի նոյեմբերի 20-ն էր, երբ ժամանեցինք Կոռնիձորի շտաբ, տեսանք` տղաները սոված են, անմիջապես ինքնաեռ բերեցինք, սուրճ և թեյ պատրաստեցինք, գյուղացիներից կարտոֆիլ վերցրինք, որ կերակուր պատրաստենք: Միջանցքում լսեցինք Վազգեն Սարգսյանի ձայնը, քաջալերում էր տղաներին, նրանցից մեկն ասաց, որ իրավիճակը վատ է, պահն էլ` չափազանց անհարմար (մենք պատրաստվում էինք հարձակման): Վազգենը դուռը բացեց, մենք այդ պահին թեյ էինք լցնում, նայեց մեզ ու ասաց. «Բա ասում եք` վտանգավոր է, վատ վիճակ է, հիմա այստեղ կանայք կան, եթե նրանց համար վտանգավոր չէ, էլ ի՞նչ վտանգի մասին եք խոսում»: Զիծառայող կինը նշում է, որ կնոջ ներկայությամբ տղամարդիկ ավելի զգաստ են լինում, առավել խիզախ են և զուսպ:
Բայցև կա մեդալի հակառակ կողմը: Ամեն հինգշաբթի դուք կտեսնեք նրանց Կառավարության շենքի դիմաց: Բանակում մահացած զինծառայողների ծնողներն են, հիմնականում կանայք, սևազգեստ շորերով: Պայքարում են մայրական համառությամբ, ասում են մինչև վերջ էլ կգնան, քանի դեռ արդարացի վճիռ չի կայացվել իրենց որդիների դատական գործերում: Անգամ ձմռանը նրանք շարունակում են իրենց պայքարը:
Իսրայելի օրինակն աչքերիս առջև
Աղջիկը զինվորական համազգեստով` ինքնաձիգը ձեռքին, սա արդեն սովորական երևույթ է Իսրայելում: Այս երկրի զինված ուժերում ծառայում են բոլորը` անկախ սեռից: «Զինծառայության մասին» այդ երկրի օրենքի համաձայն` պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա նաև բոլոր 18 տարեկանը լրացած չամուսնացած, երեխաներ չունեցող հրեա աղջիկները` իհարկե անցնելով համապատասխան բուժզննություն։ Իգական սեռի ներկայացուցիչները ծառայում են իսրայելական բանակի բոլոր ստորաբաժանումներում: Սրանով լուծվում են ինչպես գենդերային հավասարության հարցերը, այնպես էլ զինծառայողների հարաբերությունների արդյունքում առաջացած խնդիրները: Սկզբնական շրջանում կանանց ծառայությունը Իսրայելի պաշտպանության բանակում (Ցվա-հագանա լե Իսրայել, կրճատ՝ Ցահալ) 22 ամիս էր, սակայն 2003թ.-ից այն հավասարեցվեց տղամարդկանց ծառայության ժամկետին` 36 ամիս:
Կանայք հայկական բանակում. մեր օրեր
Հայկական Զինված ուժերում տարեց տարի աճում է կին-զինծառայողների թիվը, այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` ներկայումս ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի 25 տոկոսը կին-զինծառայողներն են. «Չափազանց կարևոր է կանանց դերը բանակում: Հայկական բանակում կանայք վաղուց են ծառայում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Մի շարք սոցիոլոգներ համոզված են, որ բանակում կանանց ծառայությունը վկայում է տաղամարդկանց և կանանց հավասարության մասին: Բացի այդ, կան որոշ գործառույթներ, որոնք կանայք ավելի լավ են իրականացնում, քան տղամարդիկ: Մասնագետները նաև համոզված են, որ Զինված ուժերում կանանց դերը բարձրացնելով, բացի այլ խնդիրներից, բանակի ղեկավար կազմը կնպաստի ոչ կանոնադրական հարաբերությունների նվազմանը:
Համաձայն պաշտպանական գերատեսչության տվյալների` ներկայումս ՀՀ զինված ուժերում ծառայում է 1412 կին. նրանք զբաղեցնում են սպայական և ենթասպայական հաստիքներ: 2012թ. ՀՀ զինված ուժեր է զորակոչվել իգական սեռի 49 ներկայացուցիչ: Այսօր ՊՆ համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ազատամարտիկ կանայք չկան:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.