Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան մտերմությունը՝ սպորտի «կուսության» պահապա՞ն

26.12.12

Ինչո՞ւ Վերահսկիչ պալատը մինչ օրս ստուգումներ չի իրականացրել սպորտի ոլորտում. այս հարցը Սպորտի և երիտասարդության նախարարությունում հաստատված անառողջ մթնոլորտով մտահոգ շատերին է հուզում: Մեր հարցմանն ի պատասխան՝ Վերահսկիչ պալատից հայտնեցին, թե ստուգումներ իրականացվել են, և որ ՎՊ-ն այս նախարարությունը ստուգել է 2009-ին:
Բացում ենք 2009թ. ՎՊ հաշվետվության համապատասխան բաժինը. պատկերն ավելի քան հետաքրքիր է: Սպորտի և երիտասարդության նախարարության անվան տակ ստուգումներ են իրականացվել միայն «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում և «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամում, այսինքն՝ այնտեղ, որտեղ ՀՀԿ-ականներն են՝ Արսեն Քարամյան, Արմեն Սինանյան, երկուսն էլ՝ նախագահականին առնչություն ունեցողներ:
Սպորտը Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի բնագավառ է, և այնտեղ անգամ Վերահսկիչ պալատը իրավունք չունի մուտք գործել: Վերահսկիչ պալատի մամուլի պատասխանատու Աննա Վարդանյանն ասում է, թե իրենք չեն որոշում՝ որտեղ ստուգել, որտեղ՝ ոչ, Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը կազմում է Ազգային ժողովը: «Վերահսկիչ պալատը ստուգում է ըստ անհրաժեշտության, եթե նման անհրաժեշտություն կա, ստուգում ենք». սա պաշտոնական պատասխանն է:
Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունում մի առանձին ոլորտի անձեռնմխելիության ստատուս շնորհողը ոչ թե Վերահսկիչ պալատն է, որի ղեկավարը ինչ-ինչ հարաբերությունների մեջ է ոլորտը «նայողի» հետ և հենց այդ հարաբերությունների դինամիկայից ելնելով էլ ստուգումների տատանումներ է գրանցում, այլ՝ Ազգային ժողո՞վը (սա, իհարկե, եթե ՎՊ պաշտոնական պատասխանը «հալած յուղի» տեղ ենք ընդունում, սակայն իրականում ՎՊ-ն ինքն է կազմում իր տարեկան ծրագիրը, ներկայացնում Ազգային ժողովին, որտեղ այն քննարկվում է, ինչի ընթացքում, հնարավոր է, լինեն առաջարկություններ, բայց հիմնականում գործն ավարտվում է ընդամենը ներկայացվածին հավանություն տալով): Մեղավորը, ըստ ՎՊ-ի, փաստորեն, մեր օրենսդիրներն են, որ իրենց անգիտության, անտարբերության ու մի շարք այլ «ան»-երի պատճառով թույլ են տվել, որ սպորտի ասպարեզը մի տեսակ պետությունից անկախ, ինքն իրենով հիացած ու ինքնավստահ վիճակում շարունակի յուր գոյությունը, իսկ ոլորտի ղեկավարները, օգտվելով նման բացառիկ կարգավիճակից, իրենք իրենց է՛լ ավելի բացառիկների տեղ դնեն ու հաստատված բարքերը կատարելագործեն:
Թե ինչ փողեր են պտտվում այստեղ, ինչ գումարներ են կորչում այդ պտույտների ընթացքում և, որ ավելի հետաքրքիր է, ովքեր են կանգնած այդ պտույտների գլխին, և ում գրպանն է հոսում դրանց հիմնական մասնաբաժինը, այդպես էլ այս տարիների ընթացքում որևէ մեկը չի էլ փորձել պարզել: Հետաքրքրվելը տաբու է, խոսելը՝ տաբու, գործնական քայլեր ձեռնարկելը՝ հղի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով: Իսկ այդ ընթացքում մարզիկները, մարզիչները, սպորտի բազմաթիվ նվիրյալներ շարունակում են մնալ իրենց ներշնչած համոզման մեջ, թե սպորտին փող չի հատկացվում, իսկ եզակի հատկացումները պետության հետ կապ չունեն:
Ի՞նչն է պատճառը, որ Իշխան Զաքարյանը՝ այն նույն Իշխան Զաքարյանը, որ 2000-2004թթ. ղեկավարում էր Օլիմպիական կոմիտեն, այսինքն՝ մարդ, ով ավելի քան քաջատեղյակ է ոլորտից, ով ավելի քան լավ է տիրապետում ներքին խոհանոցին, ոլորտը վերահսկողների մախինացիոն հնարավորություններին, դրանց նպաստող սողանցքերի տեղերն ավելի քան լավ գիտի, չի համարձակվում մոտենալ սպորտին, ստուգել և տեսնել, թե պետբյուջեի գումարների գոնե 10 տոկոսը հասնո՞ւմ է մարզիկներին, թե՞ դա էլ է յուրացվում:
ՎՊ նախագահը սիրում է հաճախակի մի ֆիկտիվ նախադասություն կրկնել. «Թող ոչ ոք չփորձի Վերահսկիչ պալատը տանել սուբյեկտիվ դաշտ, դա չի լինելու»: Երբ Վերահսկիչը ստուգումներ իրականացրեց Արարատի մարզում, այդպես էլ որևէ լուրջ խախտում չգրանցվեց Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հաշվեկշռում, այն դեպքում, երբ հենց նույն ժամանակահատվածում մամուլը ողողված էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այս դրածոյի բազմաթիվ չարաշահումների բացահայտումներով: Ինչո՞ւ. որովհետև Իշխան Զաքարյան-Աբրահամ Բաբայան (Աբրիկ) մտերմությունը գալիս է դեռ այն ժամանակներից, երբ Զաքարյանը գլխավորում էր Օլիմպիական կոմիտեն և Բաբայանի գլխավորած «Այգ» մարզաբազայով փողեր էր, որ ֆռռացնում էր: Ֆռռացվող փողերի գիտակ ՎՊ նախագահը չտեսնելու տվեց իր երբեմնի պարտնյորի մախինացիաները ճիշտ այնպես, ինչպես արդեն որերորդ տարին շրջանցում է սպորտի ոլորտը:
2009-ի ՎՊ ստուգումը, ամենայն հավանականությամբ, ընդամենը նախազգուշական քայլ էր. այդ ժամանակ շրջանառվող լուրերի համաձայն՝ բավական լարված էին Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները: Ծառուկյանն, ասում էին, կատաղած էր իր երբեմնի պատգամավորի վրա այն բանի համար, որ նա, անտեսելով իր շնորհիվ ԲՀԿ ցուցակով պատգամավոր, հետո էլ ԱԺ փոխնախագահ դառնալու, հետո էլ ՎՊ նախագահ ընտրվելու փաստը, համարձակվում էր ԲՀԿ-ին հանձնված ոլորտներում ստուգումներ իրականացնել և ինչ-ինչ չարաշահումներ հայտնաբերել: Երբեմնի ղեկավարին կողմնակի ոլորտներով բարկացնելով հանդերձ՝ ՎՊ նախագահն, այնուամենայնիվ, չէր մոտենում Ծառուկյանի հիմնական ոլորտին՝ սպորտին: Ըստ երևույթին, հիշյալ լոյալությունն էր, որ ի վերջո գնահատվեց Ծառուկյանի կողմից՝ Իշխան Զաքարյանին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի աթոռի հանձնման ձևով: 2011թ. հուլիսից Ծառուկյան-Զաքարյան մտերմությունն այլևս վերականգնված էր և, բնական էր, որ Սպորտի և երիտասարդության նախարարության «կուսությանն» այլևս վտանգ սպառնալ չէր կարող:
Մեր տեղեկություններով՝ որպես Իշխան Զաքարյանի նվիրվածության առհավատչյա՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունում նրան կաբինետ է հատկացված, որը, սակայն, չի գործածվում, փակ է, բայց սրբորեն պահպանվում է: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՎՊ խոսնակն այս փաստը ժխտեց՝ հայտնելով, թե իրենց ընդամենը անցյալ տարի Համահայկական խաղերի կազմակերպման ժամանակ են հազիվ երկու կաբինետ տվել, և որ ինքն էլ ստիպված, տեղ չլինելու պատճառով աշխատում էր նախարարի մամուլի քարտուղարի կաբինետում: Ի տարբերություն 2009թ. ՎՊ՝ ձեռքի տակ եղած հաշվետվության, որտեղ առկա փաստերը միանգամայն այլ բան էին ապացուցում՝ այս պահին զաքարյանական VIP կաբինետի հաշվով առանձապես իրեղեն ապացույց չկա, և ասել անհնար է, թե պաշտոնական այս պատասխանն իրականում ի՛նչ արժե, սակայն սա այս պահին այդքան էլ էական չէ:
Իսկ էականը սպորտի ասպարեզի ներկա ողորմելի վիճակն է. բավական է հետաքրքրվել շարքային մարզիկներով, ենթակառուցվածքներով, ամեն ինչ պարզ կլինի, սակայն սա շատ ավելի տարողունակ և հետագա հրապարակումների ենթակա նյութ է:
Թե ինչ չարաշահումներ են թույլ տվել Սպորտի և երիտասարդության նախարարներից յուրաքանչյուրն այս տարիների ընթացքում, կարող է պարզել միայն այն մարմինը, որը կոչված է դրան: Թե ինչ խախտումներ, յուրացումներ և համանման այլ ապօրինություններ է թույլ տալիս ներկա՝ ինքն իրեն արդեն կիսաստված երևակայող և առյուծային հավակնություններ դրսևորող ներկա նախարարը, ավելի քան հետաքրքիր տեղեկություններ կարող է հաղորդել դարձյալ նույն Վերահսկիչ պալատը: Ընդ որում, մեր կողմից հավելենք, որ այդ տեղեկություններին ավելի քան անհամբեր սպասում են հենց սպորտի շատ ու շատ նվիրյալներ, սպորտով մտահոգ շատ ու շատ պարկեշտ հայեր, որոնց համբերության բաժակն, ի դեպ, արդեն լցվում է:
Թե ինչի՞ց է այդքան վախենում Իշխան Զաքարյանը, որ չի համարձակվում անգամ մոտ գնալ սպորտին, ասել անհնար է: Իհարկե, հասկանալի է, որ Զաքարյանն ինքն էլ վախենալու շատ բաներ կունենա (բավական է բացել «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ՎՊ նախկին մամուլի խոսնակ Կարմեն Դավթյանին աշխատանքից ազատելու հենց հաջորդ օրվա համարը և կարդալ Ծաղկաձորի Մարզաբազան սեփականացնելու զաքարյանական պատումը, ամեն ինչ պարզ կլինի), բայց այդ ամենով հանդերձ, դժվար է հավատալ, որ դրանք այնպիսի բաներ են, որ Զաքարյանին լրիվ փակուղու առաջ են կանգնեցրել՝ ստիպելով գնալ Վերահսկիչ պալատի անաչառության վրա ստվեր գցող վերապահումների: Հատկապես, որ դեռ տարիներ առաջ խոսվում էր այն մասին, թե Զաքարյանն ավելի քան հարուստ «թղթապանակ» ունի Ծառուկյանի հետ կապված, և որ սրբորեն պահում է այդ թղթապանակն այն «սև օրվա» համար, երբ հանկարծ ու Օլիմպիական կոմիտեի ղեկավարը որոշի իրեն «փուռը տալ»:

Ճամբարափոխ Արկադի Ստանիսլավիչը

26.12.12

Հասարակությունն իր համար առաջնորդ ընտրելուց միանշանակ հաշվի է առնում նրա անցյալը և կատարած աշխատանքները: Սակայն, այնպիսի մարդու համար, ինչպիսին Արկադի Ստանիսլավիչն է, անցած ուղին այնքան էլ չի կարևորվում: Երևի դա էր պատճառը, որ չստացված քննիչից Արկադին ուղղորդվեց դեպի բիզնես միջավայր:
Սակայն, թե այդ ոլորտին զուգահեռ ինչ հետաքրքրություն առաջացրեց Արկադիի մոտ քաղաքական դաշտը, դժվար չէր հասկանալ: Արկադիի համար բիզնես զարգացնելու և անվտանգ պահելու ամենալավ ճանապարհը դա էր:
Դրա պատճառով է, որ այս «երիտբիզնեսմենը» հասցրել է ճամբար փոխել և հայտնվել ՀՀԿ խմբակցության կազմում: Այս «երիտպատգամավորը», երևի, դեռ վերջնականապես չի կողմորոշվել ճամբար ընտրելու հարցում, քանի, որ նա միչև Հանրապետականի կողմ թեքվելը, փորձեր էր կատարել ԲՀԿ մտնելու, սակայն, մերժում էր ստացել ԲՀԿ-ից:
Դե, Համբարձումյանը գտել է ճանապարհը «տաք տեղերում» դիրքավորվելու և իր անձնական շահերը պահելու համար: Հակառակ դեպքում, հանուն հասարակության, այս երեք պատգամավորական շրջանի ընթացքում գոնե մեկ անգամ ելույթ կունենար: Քանի, որ «ինտելեկտուալ» դեմքով այս երիտպատգամավորը մի անքամ խոսափողի մոտ չի կանգնել և ելույթ ունեցել:
Հետաքրքիր է՝ ինչ արժանիքի համար է Արկադի Ստանիսլավիչը երեք անգամ անընդմեջ ընտրվում պատգամավոր. երբ պիտի հասկանա , որ ԱԺ ում կնոպկա սեղմողներ չեն պետք, այլ ժողովրդի մասին մտածող և աշխատող մարդիկ են հարկավոր:

Ինչպե՞ս գայթակղել կնոջը

26.12.12

Երբեմն տղամարդիկ դժվարանում են հասկանալ, թե իրականում ինչ են ցանկանում կանայք' չգիտակցելով, որ կնոջը գայթակղելու ամենահեշտ միջոցը տղամարդու հումորի զգացումն է. գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տղամարդկանց հումորը հաճելիորեն ձգում է:
Միամանակ շատ կարևոր է, թե ինչպես է տղամարդը ընկալում աշխարհը, որպեսզի ստույգ գործելաոճ մշակի' գիտակցելով' որ սվերայում և ինչ ձևաչափում է գայթակղելու կնոջը. նրա հետ մի անկողնում հայտնվելը հեշտ է ու միաժամանակ՝ անասելի դժվար, սակայն ամենակարևորն այն է, որ արտահայտեք ձեր անկեղծ մտքերը' գեղեցիկ ու հարգալից խոսելով:
Եթե դուք ինչ-որ յուրահատուկ ցանկություն ունեք, բարձրաձայնեք այն' դանդաղ, առանց շտապելու, զգացմունքով արտաբերեք այն, ինչ ցանկանում եք: Իսկ, եթե ձեր հարաբերությունները չափազանց ջերմացել են, և հասունացել է սեքսի պահը, եղեք նպատակասլաց ու համբերատար:
Սեքսի ժամանակ արտահայտեք ձեր էմոցիաներն ամեն տեսակ ձայներով՝ հոգոց հանեք, խրախուսեք սեքսընկերուհուն, շշնջացեք նար ականջին ջերմ ու գովերգող խոսքեր, թեկուզ գոռացեք, գռմռացեք, բայց արեք ինչ ուզում եք, միայն թե նրան գոհացնեք:

Ուսեյն Բոլթի ընկերուհին լքել է նրան

25.12.12

Օլիմպիական 6-ակի չեմպիոն, 100 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթի ընկերուհի Մեգան Էդվարդսը լքել է արագավազորդին:
22-ամյա Էդվարդսը նման որոշում է կայացրել նրանց միջեւ եղած մեծ հեռավորության պատճառով: Նա աշխատում է Լոնդոնում՝ որպես հաշվապահ: Մեգանն ու Բոլթը ծանոթացել էին Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ, երբ նրանք մոդելի աշխատանք էին կատարում աթլետիկայի Ջամայկայի հավաքականի համար, գրում է bossip.com-ը:
«Ուսեյնը խնդրել էր, որ ես չլքեմ նրան, սակայն դա հնարավոր չէր: Շատ դժվար է սիրել, երբ ձեզ մեծ տարածություն է բաժանում: Նա ցանկանում էր, որ ես պարբերաբար մեկնեմ Ջամայկա, բայց ես այդպես չեմ կարող, քանի որ սիրելի աշխատաք ունեմ այստեղ: Ես պարզապես հասարակ աղջիկ եմ: Եթե ես հայտնի լինեի, հնարավոր է, որ մեր հարաբերություններն ավելի երկար կտեւեին»,- հայտարարել է Մեգան Էդվարդսը:

Պակիստանը ճանաչեց Կոսովոյի անկախությունը

25.12.12

Պակիստանի Իսլամական հանրապետությունը երեկ' դեկտեմբերի 24-ին, պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը:
Ինչպես հաղորդում է ռուսական РБК գործակալությունը, այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը:
Միաժամանակ Պակիստանն արդեն նշանակել է դեսպան Կոսովոյում, որպիսին լինելու է Թուրքիայում իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը համատեղության կարգով: Այսպիսով Պակիստանը դաձավ 98-րդ պետությունն, ով ճանաչել է Կոսովոյի անկախությունը:
Վերջինիս անկախության ճանաչման դեմ են արտահայտվում Իսպանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:

Ամերիկացիները երեք օրում գնել են հրազենի խանութների 3 տարվա պաշարները

25.12.12

ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 հրացանների վաճառքը: Ինչպես հաղորդում է New York Daily News-ը, անցած շաբաթ երեք օրվա ընթացքում հրազենի վաճառքով զբաղվող Brownells ընկերությունից ամերիկացիները գնել են այնքան AR-15 հրացան, որքան սովորաբար գնում են երեքուկես տարվա ընթացքում:
Վաճառքի ծավալները կտրուկ աճել են Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադամ Լանզան սպանեց 27 մարդում՝ կիրառելով Bushmaster-ի AR-15 հրացան:
«Սենդի Հուքում» տեղի ունեցած ողբերգությունից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են զենքի վաճառքի սահամանափակման մասին քննարկումները: Սպիտակ տան կայքում տեղադրված համապատասխան դիմումը մի քանի օրվա ընթացում ստորագրել է առնվազն 200 հազար մարդ:
Դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է աջակցել կիսաավտոմատ զենք կրելու արգելքի գաղափարին: Բացի այդ, Օբաման հանդես է եկել 10 փամփուշտից ավել տարողությամբ փամփուշտատուփերի և առանց թույլտվության մասնավոր անձնաց զենքի վաճառքն արգելելու նախաձեռնությամբ:
Օրենսդրության հավանական խստացման ֆոնին նվազել է հրազենային զենք արտադրող ընկերությունների բաժնետոմսերը, սակայն միևնույն ժամանակ մեծացել է հրազենի պահանջարկը:

Սվազիլենդում մինի շրջազգեստի համար կձերբակալեն. Յուրօրինակ պայքար ՁԻԱՀ-ի դեմ

25.12.12

Սվազիլենդի ոստիկանությունն այսուհետ իրավունք ունի ձերբակալել մինի շրջազգեստ հագած կամ փորը մերկացնող վերնաշապիկ կրող կանանց, հայտնել է Սվազիլենդի ոստիկանության մամլո քարտուղարը. փոխանցում է Korrespondent-ը:
Դեռևս 1889թ. երկրում օրենք էր ընդունվել հագուստի «անբարոյական ոճի» մասին: Ըստ ոստիկանության՝ մինի շրջազգեստ հագնելով՝ «այս բավականին պահպանողական թագավորության կանայք հեշտացնում են բռնաբարողների կյանքը»:
Օրենքը, սակայն, չի տարածվում Աֆրիկայի հարավում գտնվող այս թագավորության ծիսական հանդերձների վրա: Օրինակ՝ ամենամյա եղեգնի փայտով պարային արարողության ժամանակ, որի ընթացքում երկրի կայսրը իր համար կին է ընտրում, կարելի է կրել ծնկից վեր ծիսական զգեստներ:
Հետաքրքրական է, որ 2000-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում Սվազիլենդի կառավարությունն օրենք էր ընդունել, որն արգելում էր 10 տարեկանից բարձր աղջիկներին ծնկից վեր զգեստներ կրել: Սվազիլենդը, որի բնակչությունը կազմում է շուրջ 1.2 մլն մարդ, ՄԻԱՎ ՁԻԱՀ-ով վարակակիրների ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրներից է աշխարհում:
Այս օրենքը խախտած ցանկացած կին կձերբակալվի և կտուգանվի 10 դոլարով կամ 6 ամսվա ազատազրկմամբ:
Սվազիլենդը նահապետական հայրապետական թագավորություն է, որի գլուխ կանգնած է Մսվաթի 3-րդ թագավորը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու

25.12.12

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում:
Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
Զարմանքով:
Ի՞նչը նկատի ունեք:
Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր եւ դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
Բացառություններ չկա՞ն:
Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, եւ երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող եւ կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շեւարդնաձեի, Հեյդար Ալիեւի եւ Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերեւս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
Ամենեւին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետեւաբար, քաոսից ազատվելու եւ երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, եւ եթե լիներ էլ, դա դեռեւս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու:
Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունեք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետեւ այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ' ավելի լուրջ, դուք երեւի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագւսհական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից' ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք' տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող գանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա եւս մեկ, թեեւ աննշան, զուտ տեխնիկւսկւսն պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետեւ մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, եւ կլինեե դժգոհողներ ու քննադատներ:
Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որեւէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաեւ հրճվողներ ու մեծաբանողներ:
Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները' Ձեր հակառակորդները:
Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաեւ, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաեւ իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով' իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետեւանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարեւոր հարցերին:
Հարցերը կարող են շատ լինել իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. – Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: – Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: – Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստրախոսի հետ»:
Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաեւ Ձեր չառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու եւ հաղթելու է 80-90 տոկոսով' հռչակվելով առավել քան լեգիտիմ, կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
Նախ' ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիեւից, եւ երկրորդ' նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որեւէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:
Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:
Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:

Մարտի 1-ի համար մեղավոր է այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև

23.12.12

«Ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի տասը անմեղ զոհերի համար: Այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև' հավաքված ժողովրդին տեր կանգնելու, և, ըստ էության, ժողովուրդը դարձավ ամբոխ, որի արդյունքում տեղի ունեցավ այդ տհաճ և ողբերգական իրադարձությունը: Հաստատ այդ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր և ոչ էլ ակտիվ մի քանի այլ մարդիկ, որ հետագայում հայտնվեցին բանտերում»,- այսօր ՕԵԿ-ի 11-րդ արտահերթ համագումարում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ըստ էության, իշխանություններին մեղադրելով անարդար լինելու մեջ:
Անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին' ՕԵԿ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում, երբ երկիրը քաղաքացիական պատերազմի առաջ էր կանգնել, իսկ թշնամին թիկունքից հարվածի էր սպասում, այլ տարբերակ չուներ ՕԵԿ-ը, քան կոալիցիայի կազմելը' ժողովրդին փրկելով արյունահեղությունից:
Արթուր Բաղդասարյանը հանիրավի համարեց նաև այն շահարկումները, թե իրենք փոշիացրին ժողովրդի ձայները: Նա նշեց, որ ժողովուրդն իրենց դարձյալ վստահում է, ինչի վառ ապացույցը խորհրդարանական ընտրություններն էին:
«Վերջին 5 տարիների ընթացքում այն քաղաքական շահարկումները, այն ցեխը, որը շպրտեցին ՕԵԿ-ին, դա ևս հաջողությամբ չավարտվեցին, քանի որ մի քանի ամիս առաջ ավարտված խորհրդարանական ընտրություններում, ես կասեի՝ բարդագույն ընտրություններում, ՕԵԿ-ը նորից կարողացավ արժանանալ ժողովրդի քվեին»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ-ի դիմագիծն ավելի հստակ նկարագրելու համար ՕԵԿ նախագահը համեմատություններ սկսեց անել' նշելով, թե որ ոլորտում ինչ է արել կուսակցությունը:
Նախ նա նշեց, որ ՕԵԿ-ը եղել և մնում է խորհրդարանում ամենաակտիվ խմբակցություններից մեկը: Հասարակական կյանքում ևս, ըստ Արթուր Բաղդասարյանի, իր կուսակցականներն օրինակելի վարք են դրսևորում' «կրիմինալի, ռազբորկաների և թալանի մոնոպոլիայի հետ» կապ չունեն:
«Մենք չար, հիշաչար չենք, բանսարկություններ չենք իրականացնում, հոդվածներ չենք պատվիրում մամուլում, տակից խաղեր չենք տալիս»,- ահա այսպիսի նկարագրով Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց իր ղեկավարած կուսակցությանը:
Արթուր Բաղդասարյանը մեջբերեց այս տարվա մարտ ամսին տեղի ունեցած ՕԵԿ 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն արտահայտությունը' թե ՕԵԿ-ը բարոյական քաղաքական ուժ է և վստահելի գործընկեր: Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ քաղաքականության մեջ իրենք առավելագույնը բարոյականության սկզբունքով են առաջնորդվում, այդ պատճառով էլ նման գնահատականների են արժանանում:
«Մեզ վրա կարելի է հենվել, մեզ հետ կարելի է ճանապարհ գնալ»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:

Գիտնականները բացահայտել են, թե մարդու մեջ որտեղ է «բնակվում» սերը

23.12.12

Գիտության շնորհիվ հայտնի է դարձել, որ սերն «ապրում» է ուղեղի, այլ ոչ թե սրտի մեջ: Հավանաբար, ուղեղի հենց այն մասում, որը պատասխանատու է սեռական ցանկության համար:
Վերջին շրջանում անցկացված հետազոտությունը, որը հրապարակվել է Sexual Medicine ամսագրում, իր տեսակի մեջ առաջինն է: Մինչ օրս ոչ ոք չէր կապակցել այդ երկու ցանկություններն իրար, որպեսզի հետևեր դրանց ակտիվացման կաղապարներին: Այս մասին հայտնել է Կոնկորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջիմ Պֆաուսը:
Պարզվել է, որ սերն ու սեռական ցանկությունը ակտիվացնում են գլխուղեղի որոշակի հարակից հատվածներ: ԱՄՆ-ի և Շվեյցարիայի իր գործընկերների հետ Պֆաուսը վերլուծել է 20 առանձին հետազոտությունների արդյունքները: Այդ հետազոտությունների ժամանակ ուսումնասիրվել է մարդու ուղեղի ակտիվությունը, երբ նա էրոտիկ լուսանկարներ է նայել և երբ նայել է սիրելի մարդուն:
Միավորելով այդ տվյալները՝ գիտնականները կարողացել են կազմել ուղեղում սիրո և ցանկության լիարժեք քարտեզը: Նրանք նկատել են, որ ուղեղի երկու կառուցվածքները՝ ուղեղային կղզյակն ու գծային մարմինն են պատասխանում սեռական ցանկությունից անցմանը սիրուն:
Pages (16) 56789101112131415

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.