Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Քաղաքականություն. Show all posts
Showing posts with label Քաղաքականություն. Show all posts

Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին. «Դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»

19.12.12

Մինչ ՀՀ նախագահը անպատժելիության մթնոլորտը հորդորում է դասել սերունդների հիշողության շարքում՝ բացառելով նման երևույթներն այլևւս՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը պարզ իրավիճակում այնպես է ափերից դուրս գալիս, որ սպառնում է լրագրողի ծնոտը պոկել:
«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր փորձել է մի հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան վերջինս, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում նետել է «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Նա նաև ակնարկել է, որ լրագրողին մարդու տեղ են դրել, արդեն համը հանել է:

ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է

18.12.12

Համացանցում հայտնված Զուրաբյան-Օսկանյան առանձնազրույցից հետո ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է: Ոմանք նույնիսկ հրապարակավ անվանարկում են իրենց «համակարգողին», իսկ գործի «մեղավորը», ըստ թերթի տեղեկությունների, զղջում է ոչ այն բանի համար, որ իր խիստ գաղտնի զրույցը աշխարհով մեկ եղավ, այլ որ սրանից հետո գրեթե անհնար է լինելու ՀԱԿ-ի ակտիվին ու շարքայիններին համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո «արժանի» իրավահաջորդն ինքն է:
Որոշ տեղեկությունների համաձայն, այս փուլում Զուրաբյանը հենց իրեն առաջաղրելու մասին է մշտապես Տեր-Պետրոսյանի ականջին շշնջացել ու համոզել, որ միայն ինքը կարող է հավատարմորեն ծառայել նրան: Իսկ Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի իր «ծառայի» ունակությունները, այդ պատճառով էլ չի շտապել նրան «իրավահաջորդ» կարգել: Լավատեղյակների փոխանցմամբ, այս պահին մեկուսացված ՀԱԿ-ի առաջնորդին այլ բան չի մնում, եթե ոչ որևէ մեկի ուսերին թողնել կոնգրեսի «խայտաբղետ» հակասությունները և կրկին պատրաստվել «լռության ուխտին», այս անգամ' անվերադարձ:

Սա է Սերժ Սարգսյանի Հայաստանը

«Սպորտում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները մարզիկների սեփականությունը չեն, դրանք պետության նվաճումներն են, սակայն Հայաստանում այդ ամենին այլ կերպ են նայում՝ մարզիկի նվաճած մեդալը ենթարկվում է մաքսազերծման 47 հազար դրամով»:
Այս մասին news.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերում Հայկ Հակոբյանի նվաճած բրոնզե մեդալի համար Հայաստանում մաքսազերծման գումար են պահանջել։
«Մեր լավագույն ծանրորդներից Հայկ Հակոբյանը 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերում գրավել էր չորրորդ տեղը: Ոսկե մեդալակիրը դոպինգ օգտագործելու համար հետագայում որակազրկվել է և մեր մարզիկը բարձրացել է երրորդ տեղ և նվաճել բրոնզե մեդալ: Ուսանողական խաղերի միջազգային կազմակերպությունը ուղարկել է մեդալը Հայաստան: Սակայն այդ մեդալը այժմ մնացել է Հայաստանի Արարատյան մաքսակետում: Հայաստանում այդ մեդալը ներկրելու համար մաքսազերծում են պահանջում 47 հազար դրամ: Ասում են՝ արի մուծի այդ գումարը, մեդալդ տանք քեզ։ Այդ մեդալն արժե ընդամենը 10 եվրո մեր գումարով 5 հազար դրամ: Իսկ սահմանին ասում են' բա ծախս ենք արել, բերել, հասցրել ենք այստեղ, պիտի մաքսազերծենք… Ի՞նչ է նշանակում մարզիկի նվաճած մեդալը մաքսազերծել: Դա մարզիկի անձնական մեդալը չէ, դա պետության անուն ազգանունն է: Այսօր ես գնալու եմ անցակետ՝ տեսնեմ այդ ինչ 47 հազար դրամ են ուզում, ում համար են ուզում: Ծիծաղելի է… Սրա մասին պետք է մտածենք, թե չորս տարվա ցիկլից հետո մեր մարզիկները Օլիմպիական խաղերում ինչու են այդպիսի արդյունքներ ցույց տալիս: Միայն մեր ներսում պետք է պատճառները փնտրենք, որ մարզիկի նվաճած մեդալի դիմաց մաքսազերծում չպահանջենք 47 հազար դրամ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Լևոն Զուրաբյանը ինքը կբացատրի, թե ինչու էր որոշել սիրտը բացել

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյսնն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի մասին' դա որակեց որպես Ազգային անվտանգության խայտառակ և ստոր գործունեության արդյունք.
«Ես ավելի շատ անհանգիստ եմ այս երկրի ապագայի հարցով. Ազգային անվտանգությունը բան ու գործ չունի' զբաղվում է մարդկանց անձնական ու մնացած խնդիրներով ու խոսակցություններով: Եթե կարելի է բան ու գործ չունենալ և ընկնել փողոցային խոսակցությունների հետևից, ձայնագրելը դեռ քիչ է' մի հատ էլ դնել և հրապարակայնացնել, ապա սա արդեն վերջն է, բառեր չեմ գտնում պարզապես»:
Խոսելով զրույցի մանրամասների մասին' Մ. Գասպարյանն ասաց. «Ես Մարտի 1-ի վերաբերյալ չհասկացա, թե ինչ է այդտեղ ասվում, և ավելորդ եմ համարում անգամ այն, որ ողբերգությունը դարձրել են շահարկման առարկա:
Իսկ ընդհանուր առմամբ' քաղաքական անցուդարձ է, խմորում կա ՀԱԿ խմբակցության ներսում: Բայց յուրաքանչյուրս էլ ունենք մեր կարծիքն ու դիրքորոշումը:
Բայց սա ի՞նչ է նշանակում. եթե մարդը իր կարծիքը հայտնում է, ուրեմն պետք է այդ տարաձայնությունը հասցնել այն մակարդակի, որ դա դառնա փողոցային խոսակցությո՞ւն:
Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ես՝ հարցեր կան, որ ունեմ իմ կարծիքը, բայց դա չի նշանակում, որ իմ ընտանեկան խնդիրները պետք է դարձնել հրապարակային և էժանագին ձևով հրամցնել այսօրվա քաղաքականության մեջ' որպես կեղտոտ տեխնոլոգիա:
Մենք ներսում կպարզենք այդ հարցերը' արդյոք Լևոն Զուրաբյանը չպե՞տք է դրա պատասխանը տա, թե ինչու է այդքան անկեղծացել: Վերջիվերջո' քաղաքական գործիչը իրավունք չունի այդքան անկեղծանալու: Ես չեմ ուզում հարվածը Լևոն Զուրաբյանի վրա հղել, քանի որ շան գլուխն այստեղ մեկ այլ տեղ է թաղված:
Ես ինքս ՀԱԿ-ում բարձրաձայն իմ գնահատականը կտամ, բարձրաձայն կհաղորդեմ, և Լևոն Զուրաբյանը երևի թե բացատրություն կտա, այդ խոսքերի ինքնությունն ու մնացած այլ բաները կբացատրի: Չեմ ուզում ասել, թե ով է նրան իրավունք տվել նման ձևով բացվել մեկ այլ ուժի ներկայացուցչի մոտ. դա մեր ներքին խոհանոցի խնդիրն է:
Մի փոքր սպասենք, և ինքն իր տված խոսքերի համար պատասխան կտա և պատասխանատվությունը կվերցնի իր վրա, կբացատրի, թե ինչու է որոշել սիրտը բացել, նեղ անձնական խոհանոցը դարձնել լայն քննարկման առարկա:
Մի այսպիսի մեկն ունեինք, որ իրեն նախագահ էր հռչակել, երկրի միակ տղամարդն էր հռչակել ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ հայտարարել էր թե Հոկտեմբերի 27-ը ուչաստկովիի մակարդակի գործ է, այնինչ ուչաստկովիի մակարդակի գործը հիմա ենք տեսնում:
Իսկ սա քաղաքականություն չէ, սա փողոցային մոտեցում է»,- եզրափակեց ԺՈՒԿ նախագահը:

Սեզոնային բանվորից՝ նախարար

16.12.12

ԱՐՏՖՈՒԴ-ի Սերգոն՝ այսօր արդեն նախարար Սերգո Կարապետյանը, մինչև նախարար դառնալը ունի հետաքրքիր կենսագրությոն:
Սեզոնային բանվորից մինչև նախարար հասած Սերգոյի կենսագրականում ուշագրավ է այն, որ Սերգոն միայն 36 տարեկանում է հասցրել ավարտել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը. երևի այդ տարիքում է հասկացել, որ սովորել է պետք. «դե տուն է պետք կգա»:
Հետաքրքիր է այն, որ Սերգոն այդ ժամանակահատվածում, երբ սովորում էր բուհ-ում նաև հանդիսանում էր Արտաշատի պահածոների՝ «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեներ, գլխավոր տնօրեն:
Թե ինչպե՞ս է հասցրել համատեղել ուսումը, այդքան զբաղված Կարապետյանը իր աշխատանքի հետ՝ դժվար է ասել: Չնայած՝ դժվար չէ կռահել:
Միայն մի բան հստակ է՝ նա, լինելով գյուղում մեծացած տղա, և գյուղատնտեսական ինստիտուտի սան՝ չհասկացավ գյուղացուն:
Բախտի բերմամբ՝ Արգամիչի հովանավորյալ Կարապետյանը, լծվեց Օրինած Երկիր կառուցելու գործին, և դարձավ նախարար՝ այն էլ գյուղատնտեսության: Սակայն մինչև օրս Սերգոն չի հասկացել, որ գյուղացու միակ եկամուտը բերքից է, իսկ ինքը պետք է վճարի ու ամիսներով չուշացնի՝ իրեն պատկանող ԱՏՐՖՈՒԴ-ում գյուղացու մթերված բերքի դիմաց:
Իսկ, այ թե Կարապետյանը, ունենալով «բազմազբաղ կենսագրություն», որտեղի՞ց է յուրացրել, որ աղոթքը օգնում է բերքի առատությանը, դժվար է ասել: Երևի իր «PR չիկների » մեջ ճեմարան ավարտած մարդիկ կան, ովքեր համոզում են, որ ամեն գարուն պետք է գնալ կաթողիկոսի մոտ, բերքի համար աղոթել, ինչպես նաև հոգևորական տանել՝ դաշտերը օծելու:
Այդքանը բավարար չեր հետնել գնացել էր գյուղացուն բահ բռնել եր սովորացնում:
ժողովրդական ասացվացքի համայայն «սելը ճռալու փոխարեն՝ սելվորն էր ճռում»:
Դե ցավալի է, բայց արի ու տես, որ մեր գյուղացուն այսպիսի նախարար է բաժին հասել: Եվ պետք է ուղղակի միանալ՝ նրան աղոթելու, սակայն ոչ միայն բերքի առատության, այլ նաև «Աստված էլ բեթարից ազատիի» համար:

Սերժ Սարգսյանի հույսը Լեւոն Տեր-Պետրոսյանն է

«Հասարակությունը հաճախ է ներում հանցագործին, բայց ոչ երազողին». Օսկար Ուայլդ:
ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը կանգնել է դժվարին և ճակատագրական հարցի առաջ՝ ի՞նչ անել: Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի' 2011 թ. նոյեմբերի 25-ին հանրությանը ներկայացրած «քաղաքագիտական վերլուծությունը», որը հետագայում դարձավ ՀԱԿ-ի մարտավարության և ռազմավարության հիմքը, այլևս տապալված է: Այժմ ՀԱԿ-ի այն հատվածը, որն ակտիվորեն լոբինգ էր անում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքով Սերժ Սարգսյանին տապալելու քաղաքականությունը, հայտնվել է բավականին տհաճ և անհարմար իրավիճակում: Ուստի այս փուլում պետք է ինչ-որ կերպ արդարացնեն կամ բացատրեն իրենց կողմից որդեգրած անպտուղ քաղաքականության արդյունքները: Բնականաբար, ՀԱԿ-ի քաղխորհուրդը այս պարագայում չի կարող Գագիկ Ծառուկյանին մեղադրել ԱԽՔության մեջ և հայտարարել, որ նա ծախվեց Սերժ Սարգսյանին: Այդ պարագայում կարող են ՀԱԿ-ին հիշեցնել, որ շատ-շատերը ժամանակին զգուշացնում էին, որ Գագիկ Ծառուկյանը բոլորովին էլ այն ֆիգուրը չէ, որն առճակատման կգնա իշխանության հետ, և նա բոլորովին էլ այլընտրանք չէ Սերժ Սարգսյանին: Մեղմ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացվել էր, որ երազելը ամենևին էլ քաղաքական, առավել ևս քաղաքագիտական կատեգորիա չէ:
ՀԱԿ-ի ղեկավար կազմին մնում է միայն ամեն գնով արդարացնել և դրական երանգներ գտնել ԲՀԿ-ի քաղխորհրդի դեկտեմբերի 12-ի որոշման մեջ: Ավելին, ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներն ամեն գնով փորձ են անում Բարգավաճ Հայաստանի վրա կարել ընդդիմադիր կուսակցության իմիջը: Օրինակ, ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է' ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել Հանրապետականի հետ կնքած հուշագիրը, և դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Թե իշխանական բուրգից «մեծ հատված» պոկելուց Հայաստանում ի՞նչ փոխվեց, ինչու՞մ էր կայանում Հայաստանի քաղաքացիների շահը, և ի՞նչքանով դժվարացավ Սերժ Սարգսյանի վերարտադրության գործընթացը,այդ մասին Արման Մուսինյանը համեստորեն լռում է: Փաստացի Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» և դրա տապալման արդյունքում քաղաքական դաշտը հիմնահատակ ամայացավ, իսկ այդ ամայության մեջ Սերժ Սարգսյանը բավականին վստահ երկրորդ անգամ ճանապարհ է հարթում դեպի Բաղրամյան 26, սակայն ՀԱԿ-ը շարունակում է դրական գնահատել ստեղծված քաղաքական իրավիճակը և սեփական քայլերը: Ավելին, արդեն ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներից նույնիսկ դրական են գնահատում այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է որևէ թեկնածուի չսատարել, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին չսատարելու հանգամանքը ներկայացվում է որպես «քաղաքագիտական վերլուծության» ձեռքբերում:
Նման գնահատականներն ու գործելաոճը ոչ թե ռեալպոլիտիկ է, այլ քաղաքական ձեռնաշարժություն, ինչով փորձ է արվում ՀԱԿ-ի համապատասխան հատվածի, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքը փրկելու: Սակայն այս ամբողջ գործընթացի մեջ բացակայում է հասարակական և պետական շահի գիտակցումը, որը պետք է լինի յուրաքանչյուր՝ իրեն որպես ժողովրդի շահերը սպասարկող ուժ ներկայացնող քաղաքական կուսակցության գործողությունների հիմքում:
Հիմա այս ամբողջի համատեքստում քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Այս հարցադրումը ներկայիս քաղաքական իրավիճակում պարզապես ակտուալ չէ: Եթե անգամ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ մասնակցի, ապա ակնհայտ է, որ էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների ելքի վրա: Համաժողովրդական շարժման, այնուհետև ՀԱԿ-ի ռեսուրսը եղել է հանրային աջակցությունը և քաղաքական թիմը: Թե՛ մեկից, թե՛ մյուսից ներկայումս ՀԱԿ-ը մեծ հաշվով զրկված է: Այս երկու գործոնին գումարվում է նաև ՀԱԿ-ում տիրող ֆինանսական ճգնաժամը: Նախագահական ընտրություններին մասնակցությունը ենթադրում է պատկառելի ֆինանսական ծախսեր, իսկ այդ ֆինանսական հոսքերը հիմնականում ստացվում են գործարար շրջանակներից: Եթե 2008թ. կային Խաչատուր Սուքիասյանը և մի շարք այլ գործարարներ, որոնք հավատում էին համաժողովրդական շարժման հաղթանակին, ապա այսօր նույն այդ գործարար շրջանակները ցանկություն չունեն ֆինանսավորել ՀԱԿ-ի քաղաքական գործունեությունը: Իշխանության ֆինանսական, մարդկային և վարչական ռեսուրսին ՀԱԿ-ը այսօր որևէ ռեսուրս չունի հակադրելու, բացի սուր քննադատությունից:
Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը միտված է լինելու բավարարել իր փոքրաթիվ թիմի և նրան հավատացող հասարակության ոչ ստվար հատվածի ցանկությունները: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը բխում է հենց Սերժ Սարգսյանի շահերից: Գործող նախագահին այս քաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտ է լեգիտիմացնել նախագահական ընտրությունները և իր «հաղթանակը»: Այդ հարցում ՀՀԿ առաջնորդին լավագույնս կարող է օգնել տիտղոսային ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: 2013թ. նախագահական ընտրություններում վերջնականապես «ջախջախելով» առաջին նախագահին և հետևաբար ՀԱԿ-ի մնացորդներին՝ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ քաղաքական դաշտում և միջազգային հանրության աչքերում «լեգիտիմ» նախագահ:
Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական մրցապայքարի մղողները կամա թե ակամա «լեգիտիմացնում» են Սերժ Սարգսյանի «ջախջախիչ հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ:

Նեմեց Ռուբոն էլի «լեզվի վրա» չկարողացավ

Երեկ ՀՀԿ-ն գործադիրի և խորհրդի նիստ էր հրավիրել, որը տևեց մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ-ականները ակտիվ «երթով» շտապում էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նիստին մասնակցում էր անգամ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որին «ուղեկցում» էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, քանի որ Նաղդալյանը ոտքի վնասվածք ուներ և չէր կարողանում քայլել: Նիստի ավարտից հետո գրեթե բոլոր ՀՀԿ-ականները չծլկեցին, ինչպես անում են հիմնականում: Նրանք ակնհայտ բարձր տրամադրությամբ գլխավոր մուտքից դուրս էին եկել ու չէին շտապում հեռանալ:
Ամենաբարձր տրամադրությամբ աչքի ընկավ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հավանաբար իր կողմից չսիրված Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը շատ էր ոգևորել Նեմեց Ռուբոյին: Հիշեցնենք, որ նույն Գ. Ծառուկյանի մասին անպատշաճ խոսքերի համար Ռ. Հայրապետյանն անգամ հրապարակավ ներողություն խնդրեց Ծառուկյանից: Ու թեև իրեն ներողություն պարտադրել էին նույն ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները, այնուամենայնիվ Նեմեցը երեկ կարծես մոռացել էր այդ մասին: Մոտենում էր բակում կանգնած բոլոր ՀՀԿ-ականներին, ձեռքով բարևում, ողջագուրվում, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին հպարտորեն պատմում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ու հաջողությունների մասին: Անգամ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մոտեցավ Հայրապետյանին, խոսեց նրա հետ, ինչ-որ բան պայմանավորվեց ու հեռացավ:
Նկատենք, որ նույնիսկ լրագրողների հետ էր փորձում շփվել, բայց, ինչպես միշտ, չստացվեց: Էլի իր «լեզվի վրա» չկարողացավ և որպեսզի իրավիճակը չսրվեր, նստեց մեքենան ու «փախավ»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ համագումարում կներկայացվի 2013թ. նախագահական ընտրությունների ծրագրի նախագիծը և կարգախոսը: Սահակյանը նշեց, թե ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստում հաստատվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարի օրակարգը: Ապա հավելեց, որ ՀՀԿ գործադիր մարմինը և խորհուրդը միաձայն ընդունել են սկզբնական և տարածքային կազմակերպությունների որոշումը, որպեսզի նախագահի թեկնածու առաջադրվի Սերժ Սարգսյանը:
«Վաղը կլինի Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, համագումարի պատվիրակներին կտրամադրեն ծրագրի նախագիծը»,- մանրամասնեց Էդ. Շարմազանովը և ավելացրեց, որ օրենքով սահմանված կարգով մեկ ամիս հետո կուսակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա նախընտրական ծրագիրն ամբողջական և վերջնական տեսք կունենա: Մի խոսքով ՀՀԿ-ն խրախճանքի մեջ է. քաղաքական դաշտն անապատ է, իսկ միակ «բարդին» իրենք են:
Հ Գ-. Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստից հետո դուրս եկավ իր աներձագի՝ «նորընտիր» պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ և թույչ չտվեց, որ նա շփվի լրագրողների հետ՝ ասելով. «Արի՛, արի՛, մենք շտապում ենք»: Եվ այդպես էլ Ռ. Սարգսյանը կրկին չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին՝ պատճառաբանելով, թե շտապում է:

Ծառուկյանը որոշեց չառաջադրվել

9.12.12

Բրյուսելից վերադառնալուց հետո Գագիկ Ծառուկյանն ու նախագահ Սերժ Սարգսյանն անընդմեջ հանդիպումներ են ունեցել: Արդյունքում' ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է հետ կանգնել իր մտադրությունից և չառաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Մեր աղբյուրների պնդմամբ, այնուամենայնիվ, Ծառուկյանը չի սատարելու գործող նախագահի թեկնածությունը:

ՀՅԴ-ի բոյկոտի դեպքում ՀՅԴ ձայները կստանան Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը. սոցիոլոգ

1.12.12

Գալիք նախագահական ընտրություններում ՀՅԴ բոյկոտը որևէ էական փոփոխություն ձայների բաշխվածության տեսանկյունից չի բերի: Ներկայիս պատկերը չի փոխվի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին:
Նա նշեց, որ հասարակության կողմնորոշված մասի 5-6 տոկոսը պատրաստ է ձայնը տալ ՀՅԴ-ին: Ըստ սոցիոլոգի՝ եթե ՀՅԴ-ն, որպես նախագահի թեկնածու, առաջադրի Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին, կունենա 5-6 տոկոս ձայն: «Վահան Հովհաննիսյանը կարող է փոքր–ինչ ավել ձայներ ունենալ՝ հաշվի առնելով այն, որ նա ավելի շատ շրջանառված գործիչ է, քան Արմեն Ռուստամյանը: Վահան Հովհաննիսյանն արդեն նախագահական ընտրություններում ներկայացված է եղել, պատգամավորական խմբի ղեկավար է, ինքն ավելի ծանոթ է ընտրողներին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ուստի, եթե ՀՅԴ-ն բոյկոտի ընտրությունները, Ադիբեկյանի խոսքերով, ՀՅԴ ընտրազանգվածը չի մասնակցի ընտրություններին կամ մասնակցության դեպքում իր ձայնը կտա այլ կուսակցությունների թեկնածուներին: «ՀՅԴ ընտրազանգվածը ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Սերժ Սարգսյանին, սակայն սա Էական պատկեր չի փոխելու»,- նկատեց սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր, թե ինչ ընտրություն, եթե այն ձևական պետք է լինի: Բանախոսն ասել էր, թե ընտրությունն օլիմպիադա չէ, որ մասնակցությունն արդեն կարևոր լինի, և չի բացառվում, որ ՀՅԴ-ն չմասնակցի ընտրություններին, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպիսին ԱԺ ընտրություններն էին:

«Չեմ կարծում, թե Սիրիան կհամարձակվի հարձակվել Թուրքիայի վրա». Աբդուլլահ Գյուլ

30.11.12

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կանադական The Star թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի խնդրին.
«Ես չեմ կարծում, թե Սիրիան կհամարձակվի ուղղակիորեն հարձակվել Թուրքիայի վրա: Նրանք չեն համարձակվի դա անել: Թուրքիան մտադիր չէ մուտք գործել Սիրիա, բայց եթե վնաս պատճառվի մեր շահերին, ապա մենք կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ: Դա կարող է վատ ավարտվել: Մենք մտածել և մշակել ենք բոլոր սցենարներն ու հնարավոր պլանները»:

Սենսացիոն մանրամասներ Սերժ Սարգսյանի եղբոր որդու` Նարեկի արկածներից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի և հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի միջև։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Սաշիկի որդու կողմնակիցներն իրենց բավական լկտի են պահել։ Մեքենայի կայանման հետ կապված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում օրինապաշտությունից խոսող և հոռի բարքերից բողոքող Սերժ Սարգսյանի եղբորորդու շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել։ Ոտքից վիրավորվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ՝ վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը՝ «Միսիկը», ում գլխի հատվածում են հրազենային վնասվածք հասցրել։
Այս ամենի վերաբերյալ ակնկալում ենք ոստիկանության պարզաբանումը։

Գալուստի Մարազմը

Խնդրւմ եմ լրագրողներ, էս դատարկագլուխ արարածին քիչ խոսացրեք, սա որ խոսում ա, երաշխավորված է, որ անպայման մի ապուշություն դուրս է տալու, ընդ որում, ինչքան ավելի մեծ է Գալուսի խոսքը, այնքան ավելի ծավալուն է նրա արտաբերած մառազմը։
Հիմա էլ մեր նժդեհախոս գիգանտը իր հեղինակավոր կարծիքն է հայտնել թիվ 1 ընտրատարածքի թեկնածուների վերաբերյալ և հայտարարել է, որ Ռոբերտ Սարգսյանն, ում միակ հանրամատչելի ու հայտնի «արժանիքը» դեռևս արտահայտվում է նրանով, որ նա Տարոն Մարգարյանի աներձագն է, ավելի մեծ շանսեր ունի քան Ստյոպա Սաֆարյանը, ում մարդիկ գիտեն ու ես դեռ չեմ տեսել մի մարդու, ով թթու խոսք կասեր ինչպես անձամբ Սաֆարյանի մասին, այնպես էլ իր կատարած աշխատանքի։
Դե բնականաբար Գալուստը իրեն ուրույն մտավոր կարատեի ոճով ինչ որ անհասկանալի ու կլիշե բաներ է ասել «կուսակցությունը իրեն վստահում է, ինքը շատ հարգված ու փորձառու (???) տղա է, դմ-դմ-դմ-դմ» ու դրա համար պետք է հաղթի։
Վերջում էլ ափսոսանք է հայտնել, որ Ստյոպա Սաֆարյանը չի անցնի խորհրդարան։ Տո ասա այլ Գալուստ, այ դհոլ էլ չէ՝ թմբուկ, բա քանի քո նման հաստակողերն ու անարժաններն են խորհրդարանում ու գիշեր ցերեկ զբաղված են նրանով, որ իրենց բարեկամ-ծանոթներին են խղկում խորհրդարան՝ ապահովելով իրենց պես փուջ գործիչների վերարտադրությունը, նորմալ մարդը ո՞նց անցնի։
Կամ էլ չէ, ասա այ Գալուստ դու ի՞նչ գիտես ո՞վ կընտրվի, որ հիմիկվանից ցավում ես, որ Սաֆարյանը չանցավ։
Տեսնես կգա՞ էն օրը, երբ գոնե խորհրդարանի մասշաբով տխմարազերծման աշխատանքներ կիրականցվեն ու կազատեն մեր նյարդային համակարգը սրա պես քաղաքական միկրոբներից։

ՀՀԿ միլիոնատերերի աչքը բյուջեից չի կշտանում

Հայաստանի կառավարությունը մերժել է Ազգային Ժողովին հատկացվող բյուջետային միջոցներն ավելացնելու ԱԺ ՀՀԿ մեծամասնության առաջարկը: Մեծամասնությունն ակնկալել է, որ կառավարությունը 2013 թվականի պետբյուջեում կավելացնի արտասահմանյան գործուղումների ծախսը՝ 50 մլն դրամով, մեքենաների պահպանման ծախսը, նոր մեքենաների ձեռքբերման ծախսը 180 մլն դրամով, եւ էլի մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Կառավարությունն ԱԺ-ին հայտնել է, որ այդ ծախսերն առաջնահերթ չեն: Սա իհարկե կառավարության ադեկվատ պահվածքի ոչ այնքան հաճախ պատահող դրսեւորում է:
Փոխարենը, շատ հաճախ պատահող է ՀՀԿ մեծամասնության ոչ ադեկվատ պահանջը: Ադեկվատության պարագայում, միլիոնատերերից կազմված այդ մեծամասնությունը պետք է ոչ միայն չպահանջեր բյուջետային հատկացումների ավելացում, այլ նույնիսկ եղածից հրաժարվեր եւ կառավարությանը դիմեր բացառապես ԱԺ ընդդիմադիր հատվածին ֆինանսավորելու խնդրանքով, իսկ ինքն անցներ ինքնաֆինանսավորման:
Ազգային Ժողովում պետական ֆինանսավորում պետք է ստանան եզակի խմբակցություններ՝ ասենք ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Ազատ դեմոկրատները եւ գուցե մի քիչ էլ Դաշնակցությունը: Կամ, ավելի ճիշտ կլինի իհարկե, որ ֆինանսավորումը լինի հասցեական՝ այսինքն պետական բյուջեից հատկացումներ արվեն միայն այն պատգամավորներին, ովքեր աշխատում են պետության համար:
Այդպես թե կլինի պետական միջոցների խնայողություն, թե նաեւ կլինի արդարացի բաշխման եզակի համակարգ, որը կարող է նաեւ կիրառում գտնել աշխարհում, որտեղ նույնպես ճգնաժամի հետեւանքով կա պետության, այսինքն հարկատուների միջոցների արդարացի բաշխման անհրաժեշտություն:
Կառավարությունը թերեւս ճիշտ կանի, որ առանց ԱԺ մեծամասնության համեստության էլ ձեռնամուխ լինի խորհրդարանի ֆինանսավորման նոր համակարգի մշակմանը եւ ներդրմանը՝ անհատական ֆինանսավորում:
Բանն այն է, որ Ազգային Ժողովի 131 պատգամավորներից եւ հսկայական աշխատակազմից ընդամենը շատ փոքր մասն է զբաղված հանրօգուտ աշխատանքով: Հետեւաբար մեղմ ասած անարդարացի է, ինչպես նաեւ պետական միջոցների մսխում՝ երբ ըստ էության այդ փոքր մասի աշխատանքի անվան տակ հսկայական փողեր է ստանում մեծամասնությունը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.